Հեղինակներ`
Վարդան Պողոսյան
Հրայր Թովմասյան
Վահագն Գրիգորյան
ԵՐԵՎԱՆ - 02.05.2005
Նախագծի համառոտ հիմնավորում
Հայտնի է, որ ցանկացած ժողովրդավարական սահմանադրություն լուծում է երկու հիմնական խնդիր՝ սահմանում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները և հիմնում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների այնպիսի համակարգ, որը կոչված է ապահովելու այդ իրավունքների իրականացումը և դրանց պաշտպանությունն՝ առաջին հերթին նույն հանրային իշխանությունից:
Ժամանակակից կոնստիտուցիոնալիզմի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետության գլխավոր խնդիրը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման ապահովումն է: Դեռևս Մոնտեսքյոյի ժամանակներից հայտնի է, որ մարդու իրավունքները կարող են պաշտպանվել միայն այնպիսի իշխանության կողմից, որը կենտրոնացած չէ մեկ անձի ձեռքում և սահմանափակված է զսպումների և հակակշիռների մեխանիզմով:
Նախագծի առաջին գլխում տեղ են գտել միայն այնպիսի դրույթներ, որոնք արտացոլում են երկրի սահմանադրական կարգը: Այստեղ հստակեցված են օրենքի գերակայության սկզբունքը և իրավական նորմերի հիերարխիան: Նախագիծը սահմանում է բոլոր այն մարմինները, որոնք իրավասու են ընդունել ենթաօրենսդրական ակտեր: Ըստ նախագծի, բոլոր ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացման նպատակով, իսկ օրենքը պետք է կանխորոշի տվյալ նորմատիվ իրավական ակտի իմաստը և բովանդակությունը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորվածության հիմքը կարող են լինել միայն Սահմանադրությունը և օրենքները:
Պետական լեզվին, խորհրդանիշերին և մայրաքաղաքին նվիրված դրույթներն առանձնացված են Սահմանադրության 2 - րդ գլխում:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ 3 - րդ գլուխն ամբողջությամբ վերաշարադրվել է և ընդգրկում է միայն մարդու և քաղաքացու այն իրավունքները, որոնք ուղղակիորեն, Սահմանադրության հիման վրա, կարող են պաշտպանվել դատական կարգով՝ ներառյալ սահմանադրական բողոքի միջոցով:
Նախագիծը տարբերակված մոտեցում է ցուցաբերում մի կողմից մարդու քաղաքացիական և քաղաքական, իսկ մյուս կողմից՝ սոցիալական իրավունքների միջև: Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ դրանք բոլորն էլ կրում են սուբյեկտիվ բնույթ և երաշխավորված են համապարփակ ու լիակատար դատական պաշտպանությամբ (արժանապատվության, կյանքի, անձնական անձեռնմխելիության, անձնական ազատության, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդակցության գաղտնիության, ազատ տեղաշարժվելու, ընտրելու, կուսակցություն ստեղծելու, հանրային ծառայության անցնելու իրավունքներ և այլն), մինչդեռ շատ սոցիալական իրավունքներ օրգանապես կապված են պետության իրական տնտեսական հնարավորությունների հետ, և, հետևաբար, չունեն վառ արտահայտված սուբյեկտիվ բնույթ (աշխատանքի, բնակարանի, անվճար բժշկական օգնության, լիակատար սոցիալական ապահովության, բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունքներ և այլն): Կախված տվյալ պետության տնտեսական հնարավորություններից, այդ իրավունքներն առանձին երկրներում երաշխավորվում և սուբյեկտիվ իրավունքի են վերածվում տարբեր չափերով: Այդ իսկ պատճառով խստորեն տարանջատվել են մի կողմից, այն սոցիալական իրավունքները, որոնք ենթակա են անմիջական դատական պաշտպանության, իսկ մյուս կողմից՝ այն դրույթները, որոնք արտահայտում են պետության խնդիրները սոցիալական բնագավառում (գլուխ 5): Սահմանադրությունը հեղինակազրկվում է բնակչության աչքերում, եթե այն ի սկզբանե պարունակում է անիրականալի դրույթներ: Որպես պետության հիմնական խնդիրներ՝ սահմանվել են բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը, բնակարանային շինարարությանը, բնակչության առողջության պահպանմանը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի, անվճար բարձրագույն կրթության, գիտության զարգացմանը, կյանքի և առողջության համար անվտանգ շրջակա միջավայրի պահպանությանը և վերարտադրությանը, բնական պաշարների բանական օգտագործմանը, սպառողների շահերի պաշտպանությանը նպաստելը:
Ի տարբերություն գործող Սահմանադրության, մարդու իրավունքների սահմանափակման հիմքերը կրում են կոնկրետ բնույթ և զետեղված են հենց իրավունքը սահմանող հոդվածներում, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել օրենսդրի հնարավոր կամայականությունները: Նախագիծն ուղղակիորեն ամրագրում է իրավական պետությունում հիմնական իրավունքների պաշտպանության համար անկյունաքարային՝ համաչափության սկզբունքը, ըստ որի օրենքը կարող է նախատեսել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք հետապնդում են Սահմանադրությանը համապատասխանող նպատակ և պիտանի, անհրաժեշտ ու չափավոր են այդ նպատակին հասնելու համար (հոդված 67 մաս 1):
Մարդու և քաղաքացու հիմնական պարտավորություններն առանձնացվել են հիմնական իրավունքներին վերաբերող գլխից և զետեղվել են առանձին գլխում (գլուխ 4):
Նախագիծը, մնալով կառավարման կիսանախագահական համակարգի շրջանակներում, հստակեցրել է Հանրապետության նախագահի դերը պետական իշխանության մարմինների համակարգում: Նախագիծը լուծում է սահմանադրական բարեփոխումների արմատական խնդիրներից մեկը՝ Հանրապետության նախագահի ձեռքում կենտրոնացված իշխանությունից անցում դեպի իշխանությունների այնպիսի բաժանման, որը մի կողմից կայուն է ու արդյունավետ, իսկ մյուս կողմից՝ կոլեգիալ:
Հանրապետության նախագահի ֆունկցիաներն էական փոփոխությունների չեն ենթարկվել, սակայն փոխվել են նրան վերապահված բազմաթիվ լիազորություններ: Հանրապետության նախագահին վերապահված առաջին ֆունկցիան պահպանվել է՝ նա հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահը շարունակում է պատասխանատու մնալ երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի` արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության բնագավառների համար: Սակայն, ի տարբերություն գործող Սահմանադրության, այստեղ նա իր լիազորությունները պարտավոր է իրականացնել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող կառավարության հետ միասին: Ժողովրդի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն միայն փոխհամաձայնեցված քաղաքականությամբ: Այդ որոշումների ընդունման համար ֆորումն Ազգային անվտանգության խորհուրդն է, որը խորհրդակցականից վերածվում է սահմանադրական մարմնի: Անվտանգության խորհրդի հիմնական ֆունկցիան համապատասխան բնագավառներում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումն է: Հանրապետության նախագահը կարող է արտակարգ և ռազմական դրություն հայտարարել միայն Անվտանգության խորհրդի առաջարկությամբ: Փոխվել են Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Եթե գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել միայն պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար, ապա ըստ առաջարկվող նախագծի պաշտոնանկության հիմքերն են Սահմանադրության կամ օրենքների դիտավորյալ խախտումը և հանցագործության կատարումը:
Կառավարությունն ըստ նախագծի ինքնուրույն սահմանադրական մարմին է, որը պատասխանատու է միայն խորհրդարանի առջև: Կառավարությունը սահմանում և վարում է ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարության իրավասությանն են ենթակա պետության քաղաքականության բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն այլ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների:
Կառավարությունը արտաքին քաղաքականությունը սահմանում և վարում է Հանրապետության նախագահի հետ համատեղ, ընդ որում վերջինս պահպանում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարման լիազորությունը: Պրակտիկայում արտաքին քաղաքականության մշակումն ու կենսագործումը մեծ չափով կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսին են Հանրապետության նախագահի հարաբերությունները պառլամենտական մեծամասնության հետ:
Վարչապետին ազատելու Հանրապետության նախագահի միանձնյա իրավունքի վերացումը կառավարությանը հնարավորություն է տալիս իրականում կատարել գործադիր իշխանության բարձրագույն մարմնի դերը: Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահը, ինչպես Ազգային ժողովը, ընտրվում է ժողովրդի կողմից, և որոշակի ազդեցություն ունի նաև գործադիր իշխանության իրականացման վրա (բայց միայն որոշակի ազդեցություն` արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության բնագավառներում), Հանրապետության նախագահի համար սահմանվել է վարչապետին ազատելու վերաբերյալ Ազգային Ժողովին առաջարկություն ներկայացնելու իրավունք, սակայն վերջնական որոշում կայացնողը խորհրդարանն է: Եթե նա չի ընդունում Հանրապետության նախագահի տվյալ առաջարկությունը, ապա Հանրապետության նախագահը պետք է հաշտվի խորհրդարանի կարծիքի հետ և կառավարությունը պետք է շարունակի իր գործունեությունը:
Նախագիծն առաջնորդվում է այն սկզբունքով, որ Ազգային ժողովում մեծամասնության առկայության դեպքում օրենսդիրն իրավասու է ձևավորել կառավարություն: Կառավարության ձևավորման նախաձեռնության առաջին քայլի իրավունքը տրված է Հանրապետության նախագահին, ինչը բնորոշ է կիսանախագահական և պառլամենտական երկրներին: Հանրապետության նախագահն առաջարկում է վարչապետի թեկնածու, որից հետո վարչապետի կողմից ներկայացված կառավարության կազմը ստանում է Հանրապետության նախագահի հավանությունը: Կառավարության կազմավորումից հետո, նրա գործունեության ծրագիրը ներկայացվում է Ազգային ժողով, և կառավարությանը վստահության քվե տալու հարցը որոշում է խորհրդարանը: Եթե Ազգային ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն չի տալիս նման կառավարությանը, ապա կառավարությունը հրաժարական է տալիս և արդեն նախաձեռնության իրավունքն անցնում է Ազգային ժողովին, որն էլ ընտրում է վարչապետ:
Կառավարության ձևավորման ժամանակ քայլերի նման հերթականությունը (սկզբում Հանրապետության նախագահի, ապա՝ Ազգային ժողովի կողմից) պարտադրում է Հանրապետության նախագահին հաշվի նստել խորհրդարանում ուժերի ռեալ հարաբերակցության հետ և առաջարկել վարչապետի այնպիսի թեկնածու, որի կառավարության ծրագրի ընդունման հավանականությունն Ազգային ժողովում բավականին մեծ է: Եթե խորհրդարանում ուրվագծվում է հստակ մեծամասնություն վարչապետի այս կամ այն թեկնածուի օգտին, ապա Հանրապետության նախագահը որևէ այլ խելամիտ ընտրություն չունի, քան առաջարկելը հենց այդ թեկնածուին: Հանրապետության նախագահի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե նրա առաջարկած թեկնածուն մերժվի, և Ազգային ժողովը երկրորդ քայլում ձևավորի իր կառավարությունը: Հանրապետության նախագահին առաջին քայլի իրավունքի վերապահումը նրան ստիպում է հենց սկզբից խաղալ անաչառ միջնորդի դեր, և իր ու կառավարության միջև դնել հուսալի համագործակցության հիմք: Եթե Հանրապետության նախագահը նախօրոք գիտի, որ ինչ-որ մեկը խորհրդարանում ունի մեծամասնություն, ապա տրամաբանական է, որ նա կառաջարկի վարչապետի հենց այդ թեկնածությունը՝ վստահ լինելով, որ հակառակ դեպքում, այդ իրավունքից կօգտվի խորհրդարանը՝ Հանրապետության նախագահի հեղինակության համար բացասական հետևանքներով:
Բոլորովին այլ է իրավիճակը, երբ Ազգային ժողովում չկա հստակ մեծամասնություն: Եթե Ազգային Ժողովը ի վիճակի չէ կառավարություն ստեղծել նաև իր սեփական նախաձեռնությամբ, ապա ուղղակի մանդատ ունեցող Հանրապետության նախագահն իր վրա է վերցնում կառավարության կազմավորման պատասխանատվությունը: Այս դեպքում Հանրապետության նախագահի կողմից ձևավորված կառավարության ծրագրի հաստատման համար անհրաժեշտ է պատգամավորների պարզ մեծամասնություն:
Եթե խորհրդարանում ընդհանրապես չկա որևէ մեծամասնություն, այսինքն՝ հնարավոր չէ ստեղծել նաև ,փոքրամասնության կառավարություն», ապա նման իրավիճակում Ազգային ժողովը պարզապես պետք է լուծարվի, քանի որ ի վիճակի չէ իրականացնել իր հիմնական գործառույթներից մեկը՝ գործունակ կառավարության կազմավորումը և այդ կառավարությանն աջակցումը: Սա շատ բնական և տարածված լուծում է գրեթե բոլոր կիսանախագահական և պառլամենտական երկրներում:
Ազգային Ժողովի լուծարման Հանրապետության նախագահի լիազորությունը նրա ամենահզոր զենքն է պառլամենտի նկատմամբ: Հայաստանի Սահմանադրությունը միակն է նախկին կոմունիստական բլոկին պատկանող երկրների շարքում, որտեղ Հանրապետության նախագահին տրված է խորհրդարանը լուծարելու գրեթե անսահմանափակ միանձնյա իրավունք։ Հանրապետության նախագահի այս իրավունքը ոչ միայն ուժեղացնում է նրա դիրքերը խորհրդարանի նկատմամբ, այլև՝ խիստ թուլացնում է կառավարության պատասխանատվությունը խորհրդարանի առջև։ Կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանի ցանկացած փորձ կարող է կանխվել Հանրապետության նախագահի կողմից խորհրդարանի լուծարմամբ կամ դրա սպառնալիքով։ Նշենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից միայն երկուսում՝ Ֆրանսիայում և Պորտուգալիայում է, որ երկրի նախագահն ունի պառլամենտի լուծարման հայեցողական իրավունք: Եվ շատ հատկանշական է, որ արևելաեվրոպական որևէ երկիր չի ընդօրինակել այդ դրույթը:
Միևնույն ժամանակ, սխալ կլիներ կիսանախագահական կառավարման ձևի շրջանակներում ընդհանրապես հրաժարվել խորհրդարանի լուծարման ինստիտուտից, որը գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև հավասարակշռության պահպանման և քաղաքական ճգնաժամերի լուծման կարևորագույն միջոցներից մեկն է։ Առաջարկված նախագծում Ազգային ժողովը կարող է լուծարվել 3 հանգամանքներում՝ կառավարության ձևավորման անհնարինության, կառավարության վստահության քվեն մերժվելու դեպքերում, ինչպես նաև նորընտիր Հանրապետության նախագահի հայեցողությամբ՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո եռօրյա ժամկետում:
Լուծարման ինստիտուտի դե ֆակտո վերացումը, ինչպես դա նախատեսված է Ազգային ժողով ներկայացված նախագծերում, չի լուծում մի շատ կարևոր խնդիր. կիսանախագահական համակարգի տրամաբանության համաձայն` կառավարությունը ձևավորում է նա, ով ունի ժողովրդից ստացած ավելի թարմ մանդատ: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ նախագահական ընտրությունը տեղի է ունենում Ազգային ժողովի ընտրությունից մեկ կամ երկու տարի հետո, և հաղթում է Հանրապետության նախագահի այն թեկնածուն, որն ընդդիմադիր է Ազգային ժողովի մեծամասնությանը: Այդ դեպքում քաղաքական իրավիճակը երկրում կտրուկ փոխվում է. ընտրվում է մի նախագահ, որն ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բայց նա ոչինչ չի կարող փոխել քաղաքականության մեջ, քանի դեռ խորհրդարանում չունի մեծամասնություն: Խորհրդարանի լուծարման հարցը պետք է այնպես կարգավորել, որ Հանրապետության նախագահը հնարավորություն ունենա ավելի թարմ մանդատ ունենալու դեպքում՝ լուծարել Ազգային ժողովը և փորձել ստեղծել նոր քաղաքական մեծամասնություն: Ըստ նախագծի, Հանրապետության նախագահը նման պարագայում երկու տարբերակ ունի՝ լուծարել Ազգային ժողովը, կամ ձևավորել կառավարություն՝ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով: Երկրորդ դեպքում, իհարկե, չի բացառվում, որ Հանրապետության նախագահը չկարողանա ձևավորել իր վստահությունը վայելող կառավարություն:
Ըստ նախագծի 96 հոդվածի, կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման կամ այլ հարցի լուծման առնչությամբ, հերթական նստաշրջանի ընթացքում, կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը չի ընդունում այդ նախագիծը և 14 - օրյա ժամկետում չի ընտրում նոր վարչապետ, ապա Հանրապետության նախագահը անհապաղ կրճատում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը:
Եթե Ազգային ժողովում չկա հստակ մեծամասնություն, ապա չի բացառվում, որ Ազգային ժողովը շարունակաբար մերժի կառավարության քաղաքականությունն ու օրինագծերը, և դրա հետևանքով կառավարությունն ի վիճակի չլինի իրագործել իր ծրագրերը: Նման դեպքում կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը՝ խորհրդարանին դնելով ընտրության առջև: Եթե Ազգային ժողովը համաձայն չէ կառավարության հետ, ապա նա կամ պետք է ստեղծի նոր մեծամասնություն և ձևավորի նոր կառավարություն, կամ լուծարվի: Կառավարության ձեռքում վստահության քվեն բավականին հզոր զենք է, սակայն մյուս կողմից նա չի կարող չարաշահել այս մեխանիզմը, քանի որ այն նախ սպառնալիքի տակ է դնում կառավարության գոյությունը, և երկրորդ՝ կառավարությունն իր վստահության հարցը հերթական նստաշրջանի ընթացքում կարող է դնել միայն մեկ անգամ:
Ազգային ժողովի ,արձակում հասկացության փոխարեն նախագծում օգտագործվում է Ազգային ժողովի ,լիազորությունների ժամկետի կրճատում» հասկացությունը, քանի որ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի կրճատման դեպքում պատգամավորների լիազորությունները չեն դադարում մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Դրանով Ազգային ժողովը դառնում է մշտապես գործող մարմին և շարունակում է իրականացնել իր լիազորությունների մեծ մասը: Բացառություն են կազմում մի քանի լիազորություններ, որոնք թվարկված են նախագծի 79 հոդվածի 3 - րդ մասում (անվստահություն կառավարությանը, Հանրապետության նախագահի պաշտոնանկության նախաձեռնում և այլն):
Նախագիծը լուծում է Ազգային ժողովի դերի ուժեղացման հիմնախնդիրը. ընդլայնվում են նրա վերահսկողական լիազորությունները (հոդվածներ 93, 100 և այլն), իսկ կառավարության ձևավորումը և պաշտոնավարումը կախված է միայն Ազգային ժողովի մեծամասնության կամքից:
Սահմանադրական ռեֆորմի առավել արմատական հարցերից մեկը բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով ղեկավարվող ու գործադիր իշխանության ազդեցությունից ձերբազատված անկախ ու անաչառ դատական իշխանության կազմակերպման ու գործունեության սահմանադրական երաշխիքների ամրագրումն է: Անկախ դատարանի կազմակերպման և գործունեության երաշխիքն առավելապես դատավորներից ընտրված Արդարադատության խորհուրդն է, որը իրավասու է լուծել դատավորների նշանակման, առաջխաղացման, տեղափոխման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իսկ բավարար հիմքերի առկայության դեպքում՝ նաև վաղաժամկետ պաշտոնանկ անելու հարցերը: Մյուս կարևոր երաշխիքը դատավորների համար աշխատանքի պատշաճ պայմանների ապահովումն է և նրանց պաշտոնին ու պարտականությունների ծավալին համապատասխանող վարձատրությունը: Կասկածից դուրս է, որ Արդարադատության խորհրդի գործունեության գլխավոր երաշխիքը՝ նրա անկախությունն է որևէ այլ իշխանությունից, և առաջին հերթին՝ գործադիր իշխանությունից: Նախագծի համաձայն, Արդարադատության խորհուրդն այլևս չի գլխավորում Հանրապետության Նախագահը: Ըստ նախագծի 159 հոդվածի Արդարադատության խորհուրդը կազմված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրված 5 դատավորից, Ազգային Ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրված երկուական փաստաբանից և իրավաբան-գիտնականից: Նախագիծը Հանրապետության նախագահին հնարավորություն չի տալիս որևէ կերպ մասնակցել դատավորների ու դատարանների նախագահների նշանակմանը: Դատական իշխանությանը նվիրված գլխում առկա են իրավական պետությունում դատական իշխանության անկախությունը և անաչառությունը երաշխավորող բազմաթիվ դրույթներ, օրինակ՝ դատավորի անկախությունն ու Սահմանադրությանն ու օրենքներին ենթարկվելը, դատավորից և Սահմանադրական դատարանի անդամից հաշվետվություն կամ տեղեկություն պահանջելու արգելքը, աշխատանքային պատշաճ պայմանների և այնպիսի վարձատրության երաշխավորումը, որն արդարադատություն իրականացնելիս ապահովում է նրանց անկախությունը և համապատասխանում է նրանց պաշտոնին ու պարտականությունների ծավալին, դատավորի անձեռնմխելիությունը, դատավորի նշանակման և վաղաժամկետ պաշտոնանկ անելու գործընթացի հրապարակայնության ապահովումը, դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերի սահմանումը, Արդարադատության խորհրդի գործունեության երաշխիքները և այլն:
Սահմանադրական դատարանին նվիրված լիազորությունների ելակետը Սահմանադրական դատարանի հիմնական ֆունկցիայի իրականացումն է՝ Սահմանադրության գերակայության ապահովումը: Ըստ նախագծի, Սահմանադրական դատարանն այլևս չի զբաղվում ընտրությունների և հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերի լուծմամբ, քանի որ դրանք հիմնականում կապված են վեճի փաստական հանգամանքների հետ: Սահմանադրական դատարանին են վերապահված պետական մարմինների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև Սահմանադրությամբ և օրենքներով նրանց վերապահված լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծումը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի լուծումը և այլն: Ընդարձակվել է նաև Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների կազմը, ինչը Սահմանադրական դատարանի արդյունավետ աշխատանքի, հետևաբար Սահմանադրության գերակայության ապահովման գրավականներից մեկն է:
Նախագծում արմատական փոփոխության է ենթարկված տեղական ինքնակառավարման համակարգը, որտեղ կատարվել են հայեցակարգային բնույթի փոփոխություններ: Նախագծի 9-րդ հոդվածում տեղական ինքնակառավարումը երաշխավորվում է որպես ժողովրդավարության հիմքերից մեկը: Տեղական ինքնակառավարումը պետական կառավարումից անկախ ինքնուրույն համակարգ է, որը կոչված է համայնքների բնակչությանը մասնակից դարձնել տեղական նշանակություն ունեցող խնդիրների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պետական կառավարման հարցերի լուծմանը: Նման մոտեցման պայմաններում նախագիծը բացառում է համայնքի ընտրովի ղեկավարին ցանկացած մարմնի կողմից, այդ թվում դատարանի, քաղաքական պատճառներով պաշտոնանկ անելու ինստիտուտը: Հստակեցված են տեղական ինքնակառավարման այնպիսի առանցքային խնդիրներ, ինչպիսիք են համայնքի կարգավիճակը, խնդիրների տարբերակումը և դրանց սահմանազատումը լիազորություններից, համայնքների պատշաճ ֆինանսավորումը և մի շարք այլ հարցեր: Սահմանվում են միջհամայնքային միավորումների ստեղծման և համայնքների խոշորացման հիմնադրույթները:
Նախագիծը հստակ կանոնակարգել է նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարում իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է Երևան քաղաքի համայնք լինելը, և Երևան քաղաքում երկաստիճան՝ համայնքի և թաղերի մակարդակով տեղական ինքնակառավարման իրականացումը: Նախագիծը սահմանում է, որ Երևանի ավագանին և քաղաքապետը ընտրվում են ուղղակի ընտրությամբ:
Նախագիծը առանձին գլուխներում կարգավորում է դատախազության (գլուխ 11), Հաշվիչ պալատի (գլուխ 12), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (գլուխ 13), Մարդու իրավունքների պաշտպանի (գլուխ 14), Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (գլուխ 15) և Կենտրոնական բանկի (գլուխ 16) կարգավիճակը, նրանց հիմնական խնդիրները և լիազորությունները, ձևավորման կարգը, գործունեության և անկախության երաշխիքները:
Նախագծի 17 - րդ գլուխն ընդլայնում է անմիջական ժողովրդավարության ինստիտուտները և նախատեսում է Սահմանադրության և դրանում փոփոխությունների, օրենքի ընդունման, օրենքի կամ դրա առանձին դրույթների վերացման, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերով ժողովրդի կողմից հանրաքվեների նախաձեռնում:
Սահմանադրության 1 - 5 - րդ գլուխներում փոփոխություն կատարելու իրավունքը վերապահված է միայն հանրաքվեին, իսկ մյուս գլուխներում փոփոխությունները կարող են կատարվել նաև Ազգային ժողովի միջոցով:
Որպես նոր անփոփոխ հոդված է սահմանվել 3 հոդվածը, համաձայն որի մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք են:
Նախագծի անցումային և եզրափակիչ դրույթներում սահմանվում են Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու կարգը և ժամկետները:
Նախագիծ`
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾ
(Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նոր խմբագրություն)
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
ԳԼՈՒԽ 1.
UԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2.
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները որպես բարձրագույն արժեք
1. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք են:
2. Պետության գլխավոր խնդիրը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման ապահովումն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները պարտավորեցնում են հանրային իշխանություններին որպես անմիջականորեն գործող իրավունք:
3. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները պաշտպանվում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
Հոդված 4. Ընտրական իրավունքի սկզբունքները
Ազգային ժողովի, Հանրապետության նախագահի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 5. Քաղաքական կարգը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքական կարգի հիմքը քաղաքական բազմակարծությունը և բազմակուսակցությունն է:
2. Որևէ գաղափարախոսություն չի կարող ճանաչվել պետական կամ պարտադիր։
3. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատ։ Նրանք նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանը, արտահայտմանը և իրականացմանը:
4. Կուսակցությունների համար երաշխավորվում են գործունեության հավասար պայմաններ։
Հոդված 6. Իշխանությունների բաժանման սկզբունքը
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սկզբունքի հիման վրա:
Հոդված 7. Իրավական նորմերի հիերարխիան և օրինականության սկզբունքը
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին:
2. Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը և սկզբունքները ունեն գերակայություն օրենքների նկատմամբ: Եթե Ազգային ժողովի կողմից վավերացված մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային պայմանագրերը սահմանում են այլ նորմեր, քան օրենքները, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքները պարունակում են ավելի բարենպաստ նորմեր:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք գործում են Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
5. Սահմանադրությամբ լիազորված մարմինները, Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով, կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր: Օրենքը պետք է կանխորոշի տվյալ նորմատիվ իրավական ակտի իմաստը և բովանդակությունը: Համապատասխան նորմատիվ իրավական ակտի մեջ պետք է նշվի դրա իրավական հիմքը:
6. Օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում միայն պաշտոնական հրապարակումից հետո։
Հոդված 8. Տնտեսական կարգը
Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունն է:
Հոդված 9. Տեղական ինքնակառավարումը
Տեղական ինքնակառավարումը երաշխավորվում է որպես ժողովրդավարության հիմքերից մեկը:
Հոդված 10. Արտաքին քաղաքականության և սփյուռքի հետ կապերի հիմնական սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի հետ վարում է համակողմանի կապերի զարգացման և ամրապնդման հայապահպան քաղաքականություն։
ԳԼՈՒԽ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ ԵՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը
1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով։
2. Հայաստանի Հանրապետության զինանշանը և օրհներգը սահմանվում են օրենքով:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է:
ԳԼՈՒԽ 3.
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների և ազատությունների աղբյուր, անխախտելի է։ Պետությունը պարտավոր է հարգել և պաշտպանել այն։
Հոդված 15. Կյանքի իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։
2. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Հոդված 16. Անձեռնմխելիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք։
2. Ոչ ոք չի կարող առանց իր համաձայնության ենթարկվել գիտական, ներառյալ՝ բժշկական փորձերի։ Մարդը պետք է նախօրոք տեղեկացվի նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում, մասնավորապես, արգելվում են՝
1) եվգենիկական այն փորձերը, որոնց նպատակը մարդու սելեկցիան է.
2) մարդու մարմինը կամ նրա մասերը որպես այդպիսին շահույթի աղբյուր վերածելը.
3) մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Հոդված 17. Խոշտանգումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը
1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ այլ անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
2. Մարմնական պատիժներն արգելվում են:
Հոդված 18. Օրենքի առջև հավասարությունը
Բոլորը հավասար են օրենքի առջև:
Հոդված 19. Խտրականության արգելքը
Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկակական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 20. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:
Հոդված 21. Մարդու ազատ գործելու իրավունքը
1. Մարդն ազատ է անել այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ և նրան համապատասխանող օրենքներով։
2. Մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները։
Հոդված 22. Անձնական ազատության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։
2. Անձնական ազատությունից մարդը կարող է զրկվել միայն օրենքով սահմանված կարգով և միայն հետևյալ դեպքերում, եթե՝
1) նա դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման.
2) նա ձերբակալվել կամ կալանավորվել է դատարանի ակտերը չկատարելու կամ օրենքով սահմանված պարտականության կատարումը ապահովելու նպատակով.
3) նա ձերբակալվել կամ կալանավորվել է հանցագործություն կատարելու կասկածանքով, հանցագործության կատարումը կամ նրա փախուստը կանխելու նպատակով.
4) անչափահասը կալանավորվել է նրա դաստիարակչական հսկողության, կամ նրա իրավասու մարմին ներկայանալն ապահովելու նպատակով.
5) նա կալանավորվել է իր կամ շրջապատի համար վտանգ ներկայացնելու հիմքով.
6) նա կալանավորվել է նրա անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետությանը հանձնելու նպատակով:
3. Ձերբակալվածը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 4 - 6 կետերով սահմանված հիմքերով կալանավորվածը իրենց հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում են ձերբակալման կամ կալանավորման հիմքերի մասին, իսկ ոչ ուշ, քան 24 ժամ հետո նրանց տրվում է նաև ձերբակալման կամ կալանավորման գրավոր հիմնավորումը: Ձերբակալման և կալանավորման մասին անհապաղ տեղեկացվում են ձերբակալվածի կամ կալանավորվածի ընտանիքը կամ նրա կողմից նշված անձը:
4. Յուրաքանչյուր ձերբակալված ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան, որը որոշում է կայացնում անձին կալանավորելու, այլ խափանման միջոց ընտրելու կամ ազատ արձակելու մասին: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ձերբակալման, կալանավորման որոշումը բողոքարկել դատարան, որը դատարանը քննում է անհապաղ:
5. Սույն հոդվածի 2 - րդ մասի 2 - 3 կետերով սահմանված հիմքերով մարդը կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ: Դատարանի որոշմամբ կալանավորված անձը մինչդատական վարույթում չի կարող կալանքի տակ գտնվել ավելի քան 6 ամիս: Օրենքով սահմանված դեպքերում դատարանի կոլեգիալ կազմով կայացված որոշմամբ մինչդատական վարույթում կալանքի ժամկետը կարող է երկարացվել:
6. Սույն հոդվածի 2 - րդ մասի 4 - 6 կետերով սահմանված հիմքերով կալանավորելու կարգը և ժամկետները սահմանվում են օրենքով:
Հոդված 23. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։
2. Այս իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանցագործությունների կանխման կամ բացահայտման համար:
Հոդված 24. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք։ Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել և խուզարկել նրա բնակարանը:
2. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավասու մարմիններն առանց դատարանի որոշման կարող են բնակիչների կամքին հակառակ, առանց ընթերականների մուտք գործել բնակարան, խուզարկություն կատարել, եթե դա անհրաժեշտ է հանցագործին բռնելու, ինչպես նաև այլ անձանց կամ նրանց գույքի պաշտպանության համար։ Դատարանը օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշում է բնակարան մուտք գործելու կամ այն խուզարկելու իրավաչափությունը:
3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ:
4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ներկա գտնվել իր բնակարանի խուզարկությանը, որն անց է կացվում առնվազն երկու ընթերականի ներկայությամբ:
Հոդված 25. Հաղորդակցության գաղտնիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդակցության գաղտնիության իրավունք։
2. Այս իրավունքի սահմանափակումներ թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության, ծանր հանցագործությունների կանխման կամ բացահայտման համար։
Հոդված 26. Անձին վերաբերող տեղեկությունների պաշտպանության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տեղեկությունների պաշտպանության իրավունք: Առանց մարդու համաձայնության նրա մասին տեղեկությունների հավաքումը, պահպանումը, օգտագործումը և տարածումն արգելվում է: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին: Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք:
2. Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է գերակա հանրային շահի պաշտպանության համար:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկում և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացում:
Հոդված 27. Ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը: Ծնողների իրավունքները և պարտականությունները
1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք:
2. Ընտանիքը, որպես տղամարդու և կնոջ միություն, գտնվում է պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո։ Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր ոք հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի և նոր ծնված երեխայի խնամքի կամ երեխայի որդեգրման համար արձակուրդի իրավունք:
3. Երեխաների խնամքը և դաստիարակությունը ծնողների իրավունքը և պարտականությունն է։ Երեխաներն իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց կարծիքը, որը հաշվի է առնվում նրանց առնչվող գործերում` տարիքի և հասունության աստիճանի հաշվառմամբ:
4. Ծնողական իրավունքները կարող են սահմանափակվել կամ մարդը դրանցից կարող է զրկվել միայն օրենքով սահմանված դեպքերում՝ դատարանի որոշմամբ:
Հոդված 28. Ազատ տեղաշարժվելու իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու, բնակավայր ընտրելու ու Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք։
2. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք։
3. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:
4. Այն տարածքները, որտեղ մուտքն արգելված կամ սահմանափակված է, սահմանվում են օրենքով:
Հոդված 29. Կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը և տեղեկատվության ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից տեղեկատվության ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը:
2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում երաշխավորվում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը, հասարակությունում առկա կարծիքների արտացոլումը։
3. Կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Հոդված 30. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
2. Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
3. Յուրաքանչյուր քաղաքացի, ում խղճին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, իրավունք ունի անցնել այլընտրանքային ծառայության:
Հոդված 31. Միավորման ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի միավորվել այլ անձանց հետ, ներառյալ` աշխատանքային և տնտեսական պայմանների պահպանման ու բարելավման նպատակով ստեղծել արհեստակցական միություններ և անդամագրվել դրանց։
2. Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ միավորման։
3. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն դատարանի որոշմամբ:
Հոդված 32. Հավաքների ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի առանց նախնական իրազեկման խաղաղ հավաքների մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա:
2. Այս իրավունքի իրականացումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է զանգվածային անկարգությունները և հանցագործությունները կանխելու, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:
3. Փակ շինություններում հավաքների անցկացումն ազատ է:
Հոդված 33. Ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:
2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
Հոդված 34. Քաղաքական ապաստանի իրավունքը: Արտաքսման կամ հանձնման արգելքը
1. Քաղաքական հետապնդման ենթարկված անձինք օրենքով սահմանված դեպքերում ունեն ապաստան ստանալու իրավունք։
2. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե արտաքսման կամ հանձնման դեպքում լուրջ սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգումների կամ այլ անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին օտարերկրյա պետությանը կարող է հանձնվել միայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:
Հոդված 35. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, ում ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը սահմանվում են օրենքով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման և դադարման հիմքերը սահմանվում են օրենքով:
Հոդված 36. Ընտրական իրավունքը
1. Ընտրությունների կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող տասնութ տարին լրացած օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
2. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեներին մասնակցելու իրավունք չունեն դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված ու պատիժ կրող անձինք։
Հոդված 37. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքները
1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք։
2. Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել կուսակցության անդամ: Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և դատախազության մարմիններում ծառայողների կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով։
3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց միջոցների աղբյուրների և ծախսերի մասին:
4. Կուսակցությունների նպատակները և գործունեությունը չեն կարող հակասել Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ կառուցվածքը և գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին։
5. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Հոդված 38. Հանրային ծառայության անցնելու իրավունքը
1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր ունակություններին և մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան հանրային ծառայության անցնելու իրավունք։ Քաղաքացիները հանրային ծառայության են անցնում մրցութային հիմունքներով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
2. Հանրային ծառայողները ծառայում են ամբողջ ժողովրդին։ Նրանք պարտավոր են իրենց պարտականությունները կատարել անաչառ և քաղաքականապես չեզոք՝ ելնելով բացառապես մասնագիտական նկատառումներից։
Հոդված 39. Տեղեկություն ստանալու իրավունքը
1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություն ստանալու իրավունք, այդ թվում՝ փաստաթղթերի հետ ծանոթանալու իրավունք:
2. Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Հոդված 40. Լավ կառավարման իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրեն առնչվող գործերի արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
2. Այս իրավունքը, մասնավորապես, ներառում է մարդու՝ իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը՝ պահպանելով խորհրդապահության օրինական շահերը, մասնագիտական և առևտրային գաղտնիքները, ինչպես նաև պարտադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, մինչև մարդու համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, և հիմնավորել ընդունված ակտը:
Հոդված 41. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների խախտման դեպքում անհատապես կամ այլ անձանց հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունք։
Հոդված 42. Հանրագիր տալու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլ անձանց հետ միասին պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր տալու իրավունք։
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք ողջամիտ ժամկետում պարտավոր են փաստարկված պատասխան տալ հանրագրերին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Հոդված 43. Սեփականության և ժառանգման իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և ժառանգելու իրավունք։ Սեփականության օգտագործումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար։
2. Ոչ ոք չի կարող զրկվել իր սեփականությունից այլ կերպ, քան հանրության կարիքների համար օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով՝ սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
3. Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հողի նկատմամբ սեփականության ձեռք բերման իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
4. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
Հոդված 44. Աշխատանքի ազատ ընտրության իրավունքը: Հարկադիր աշխատանքի արգելքը
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։
2. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի տեղավորման հարցերով անվճար օգնություն ցուցաբերող ծառայություններին դիմելու իրավունք:
3. Ոչ ոք չի կարող անհիմն կերպով ազատվել աշխատանքից: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է:
5. Հարկադիր աշխատանքն արգելվում է:
Հոդված 45. Տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ցանկացած տնտեսական, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։
2. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
3. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:
Հոդված 46. Աշխատանքային պայմանների իրավունքը
1. Յուրաքանչյուր աշխատող ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունք։ Յուրաքանչյուր աշխատող ունի առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: Այս իրավունքների ծավալը սահմանվում է օրենքով:
2. Միջնակարգ կրթություն ունեցող, սակայն 18 տարին չլրացած անչափահասներն ունեն իրենց տարիքին համապատասխանող, տնտեսական շահագործումից զերծ, ինչպես նաև նրանց անվտանգությանը, առողջությանը, ֆիզիկական, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացմանն ու դաստիարակությանը չխոչընդոտող աշխատանքային պայմանների իրավունք, որոնց իրականացման պայմանները սահմանվում են օրենքով։
3. Աշխատողների կամ նրանց ներկայացուցիչների համար երաշխավորվում են իրենց ձեռնարկության տնտեսական և ֆինանսական վիճակի մասին պատշաճ մակարդակով և ժամանակին տեղեկություններ ստանալը, ինչպես նաև աշխատողների հետ խորհրդակցելը՝ մինչև նրանց շահերի վրա էական ազդեցություն ունեցող որոշումների ընդունումը:
4. Յուրաքանչյուր աշխատող ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի իրավունք։
Հոդված 47. Գործադուլի իրավունքը
1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք։
2. Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Հոդված 48. Սոցիալական ապահովության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության և աշխատանքը կորցնելու դեպքերում սոցիալական ապահովության իրավունք։
2. Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով։
Հոդված 49. Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով:
3. Օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիների առանձին խմբերին բժշկական օգնությունը և սպասարկումն անվճար է:
Հոդված 50. Բնության և շրջակա միջավայրի վիճակի, սննդամթերքի և կենցաղի առարկաների որակի մասին տեղեկություն ստանալու իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի բնության և շրջակա միջավայրի վիճակի, սննդամթերքի և կենցաղի առարկաների որակի մասին տեղեկություն ստանալու իրավունք:
Հոդված 51. Կրթության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Միջնակարգ կրթությունը պարտադիր է։ Միջնակարգ կրթության նվազագույն տևողությունը 10 տարի է: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
2. Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք։
3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք:
Հոդված 52. Ստեղծագործության և դասավանդման ազատության իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական, տեխնիկական ստեղծագործության և դասավանդման ազատության իրավունք:
Հոդված 53. Դատական պաշտպանության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի իր իրավունքների և ազատությունների միջազգային պաշտպանության իրավունք, եթե սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Հոդված 54. Ողջամիտ ժամկետում հրապարակային դատաքննության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի դատարանի կողմից իր գործի հրապարակային, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
2. Դատաքննությունը կամ նրա մի մասը դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ, եթե դա անհրաժեշտ է դատաքննության մասնակիցների անձնական կյանքի, հասարակական կարգի կամ պետական անվտանգության պաշտպանության համար:
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է դռնբաց նիստում: Այն կարող է հրապարակվել դռնփակ նիստում, եթե վերաբերում է անչափահասի շահերին, ամուսնական վեճերին կամ երեխաների խնամակալությանը:
Հոդված 55. Պաշտպան ունենալու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք։ Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալվել, կալանավորվել կամ ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, պետք է անհապաղ տեղեկացվի իր ընտրությամբ պաշտպան ունենալու և ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի մասին։
2. Յուրաքանչյուր վկա իրավունք ունի հարցաքննվելու իր փաստաբանի ներկայությամբ:
Հոդված 56. Անմեղության կանխավարկածը
1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
2. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։
Հոդված 57. Դատավարական այլ երաշխիքներ
1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ:
2. Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումն արգելվում է:
3. Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք, մասնավորապես, ունի հետևյալ իրավունքները.
1) իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին.
2) բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալու իր պաշտպանությունը նախապատրաստելու համար.
3) օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև իր իրավունքները և ազատությունները պաշտպանելու հնարավորությունից զուրկ լինելու պարագայում, ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և որակյալ փաստաբանական օգնություն.
4) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին.
5) օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի տիրապետում հայերեն լեզվին:
Հոդված 58. Պատասխանատվություն՝ բացառապես օրենքի հիման վրա: Ազատազրկման բացառումը վարչական պատասխանատվության կամ պայմանագրային պարտականությունների չկատարման դեպքերում
1. Մարդուն չի կարելի դատապարտել այլ կերպ, քան հանցագործություն կատարելու պահին գործող օրենքով։
2. Պատասխանատվության միջոցների խստությունը պետք է համաչափ լինի արարքին: Պայմանագրային պարտականությունների չկատարումը, ինչպես նաև վարչական պատասխանատվությունը չեն կարող հանգեցնել մարդուն ազատությունից զրկելուն:
3. Արարքի պատժելիություն սահմանող կամ պատիժը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի։ Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող, ինչպես նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
4. Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի: Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Հոդված 59. Նույն արարքի համար երկրորդ անգամ չդատապարտվելու իրավունքը
1. Ոչ ոք չի կարող երկրորդ անգամ դատապարտվել այն արարքի համար, որի համար նա օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արդարացվել կամ դատապարտվել է օրենքին համապատասխան:
2. Սույն հոդվածի 1 - ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը օրենքին համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր երևան եկած փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա:
Հոդված 60. Դատական ակտի բողոքարկման իրավունքը
Յուրաքանչյուր դատապարտյալ ունի իր նկատմամբ, իսկ յուրաքանչյուր տուժող՝ իր գործով կայացված դատավճիռը բողոքարկելու իրավունք:
Հոդված 61. Ներման և պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքները
Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման և պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքներ։
Հոդված 62. Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, եթե սպառվել են նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու մյուս բոլոր դատական միջոցները, և եթե նա գտնում է, որ իր նկատմամբ ընդունված դատական ակտի հիմքում ընկած օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Սահմանադրությանը:
Հոդված 63. Վնասի հատուցման իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների իրականացման ժամանակ ոչ իրավաչափ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման չափերը սահմանվում են օրենքով:
Հոդված 64. Այլ իրավունքներ և ազատություններ
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ:
Հոդված 65. Հիմնական իրավունքների ու ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ հիմնական իրավունքները և ազատություններն ըստ էության կիրառելի են դրանց նկատմամբ:
Հոդված 66. Հիմնական իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումները
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 14 - 23, 25, 26, 27, 30 - րդ հոդվածի 1 - ին մասում, 33, 35, 38, 40 - 43, 49 - րդ հոդվածի 1 - ին մասում, 53 - 62 հոդվածներում սահմանվածների, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող են ժամանակավորապես սահմանափակվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը:
Հոդված 67. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման նպատակները, ընդլայնումը և իրականացման կարգը
1. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում օրենքը կարող է սահմանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք հետապնդում են Սահմանադրությանը համապատասխանող նպատակ և պիտանի, անհրաժեշտ ու չափավոր են այդ նպատակին հասնելու համար։
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
3. Օրենքն անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնել մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքները և ազատությունները: Օրենքն անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կարգը:
Հոդված 68. Հիմնական իրավունքների և ազատությունների անխախտելիությունը
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին սույն գլխում ամրագրված դրույթների իմաստը և էությունն անխախտելի են։
ԳԼՈՒԽ 4.
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 69. Սահմանադրությունը և օրենքները պահպանելու, այլոց իրավունքները և ազատություններ հարգելու պարտականությունը
1. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները և ազատությունները։
2. Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով:
Հոդված 70. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ կատարելու պարտականությունը
Յուրաքանչյուր ոք պարտավոր է oրենքով uահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Հոդված 71. Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը
Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Հոդված 72. Շրջակա միջավայրի պաշտպանության պարտականությունը
Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը և օրենքով սահմանված կարգով պատասխանատու է դրան հասցված վնասի համար։
ԳԼՈՒԽ 5.
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Հոդված 73. Պետության հիմնական խնդիրները տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում
Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են`
1) նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը.
2) խթանել բնակարանային շինարարությունը.
3) նպաստել բնակչության առողջության պահպանմանը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը.
4) խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.
5) նպաստել անվճար բարձրագույն կրթության զարգացմանը.
6) նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը.
7) ապահովել կյանքի և առողջության համար անվտանգ շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը.
8) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը, խթանել ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի բարձրացումը.
9) միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում նպաստել այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը. .
10) նպաստել ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը:
Հոդված 74. Պետության պարտականությունները տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում
1. Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել 73 հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար: Ձեռնարկված միջոցառումների իրականացման մասին կառավարությունն ամենամյա զեկույց է ներկայացնում Ազգային ժողովին, իսկ համայնքի ղեկավարը` համայնքի ավագանուն:
2. Պետությունը պարտավոր է պահպանել պատմության և մշակույթի հուշարձանները, ինչպես նաև մշակութային այլ արժեքները:
Հոդված 75. Սահմանադրական հիմունքների դասավանդման պարտադիր լինելը
Պետությունը պարտավոր է ապահովել Սահմանադրության հիմունքների դասավանդումը միջնակարգ ուսումնական հաստատություններում:
ԳԼՈՒԽ 6.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 76. Ազգային ժողովի գործառույթները, լիազորությունները և ակտերը
1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:
2. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ:
3. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:
4. Ազգային ժողովը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ:
5. Ազգային ժողովն իր կանոնակարգով սահմանված դեպքերում կարող է ընդունել նորմատիվ բնույթ չունեցող հայտարարություններ և ուղերձներ:
6. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 77. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը
1. Ազգային ժողովը կազմված է հարյուր մեկ պատգամավորից։
2. Պատգամավորներն ընտրվում են համամասնական ընտրական համակարգով:
3. Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով։
Հոդված 78. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը
1. Ազգային ժողովն ընտրվում է 4 տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահից: Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին։
2. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից 50 օր առաջ:
3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: Ազգային ժողովի ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության վերանալուց հետո ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:
Հոդված 79. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի կրճատումը
1. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել Սահմանադրությամբ սահմանված դեպքերում:
2. Ազգային ժողովն իր լիազորությունների ժամկետի կրճատումից հետո շարունակում է լիազորությունների իրականացումը՝ մինչև նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը:
3. Ազգային ժողովը իր լիազորությունների ժամկետի կրճատումից հետո իրավունք չունի անվստահություն հայտնել կառավարությանը, կազմավորել կառավարություն, նախաձեռնել Հանրապետության նախագահի պաշտոնանկության ընթացակարգ, իր նախաձեռնությամբ պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, Հաշվիչ պալատի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին և Կենտրոնական բանկի նախագահին:
4. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի կրճատումից հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր Ազգային ժողովի նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10 - րդ օրը:
Հոդված 80. Պատգամավորին ներկայացվող պահանջները
Պատգամավոր կարող է ընտրվել ընտրության օրը 25 տարին լրացած, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։
Հոդված 81. Պատգամավորի անհամատեղելիությունը
Պատգամավորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 82. Պատգամավորի վարձատրությունը և գործունեության երաշխիքները
Պատգամավորի վարձատրությունը և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով։
Հոդված 83. Հրամայական մանդատի արգելքը
Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Նա կաշկանդված չէ հրամայական մանդատով և առաջնորդվում է միայն իր համոզմունքներով։
Հոդված 84. Պատգամավորի անձեռնմխելիությունը
1. Պատգամավորը երբևէ չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ՝ քվեարկության, ինչպես նաև Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն չի պարունակում զրպարտություն կամ վիրավորանք:
2. Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել ազատության այլ սահմանափակման, բացի հանցագործության կատարման պահին ձերբակալվելու դեպքից։ Ազգային ժողովի նախագահը անհապաղ տեղեկացվում է այդ մասին:
Հոդված 85. Պատգամավորի լիազորությունների դադարումը և դադարեցումը
1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու, մահացած հայտարարվելու, ինչպես նաև հրաժարականի դեպքերում:
2. Պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել Սահմանադրության 81 հոդվածի պայմանները խախտելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքերում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:
Հոդված 86. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները և նիստերը
1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի 1 - ից մինչև հունիսի 30 - ը և սեպտեմբերի 1 - ից մինչև դեկտեմբերի 30 - ը:
2. Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ երկուշաբթիից մինչև չորեքշաբթի կամ հինգշաբթի հրավիրվում են Ազգային ժողովի նիստեր:
Հոդված 87. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը և նիստը
1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ կառավարության պահանջով։
2. Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ կառավարության պահանջով:
3. Արտակարգ և ռազմական դրություն հայտարարվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Հոդված 88. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը
1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են։ Դրանք հեռարձակվում են հանրային ռադիոյով: Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով Ազգային ժողովի նիստերը հեռարձակվում են հանրային հեռուստատեսությամբ:
2. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ անցկացնում է դռնփակ նիստ։
Հոդված 89. Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների ընդունումը
Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա պատգամավորների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերից։
Հոդված 90. Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և Ազգային ժողովի խորհուրդը
1. Ազգային ժողովը, իր լիազորությունների ամբողջ ժամկետով, իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երկու տեղակալ։
2. Ազգային ժողովի գործունեությունը կազմակերպելու համար ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից:
Հոդված 91. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները
1. Ազգային ժողովն իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, ինչպես նաև Ազգային ժողովի անունից խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ:
2. Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ։
3. Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվում են խմբակցությունների միջև՝ նրանց թվաքանակի համամասնությամբ:
4. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով, պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ և աջակցել հանձնաժողովի աշխատանքներին։
5. Մշտական հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ իրավունք ունի պահանջել հարցին առնչվող նախարարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությունն իր նիստին։
Հոդված 92. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովները
1. Առանձին օրենքների նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ։
2. Ժամանակավոր հանձնաժողովների վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
Հոդված 93. Ազգային ժողովի քննող հանձնաժողովը
1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է Ազգային ժողովի քննող հանձնաժողով։
2. Քննող հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների և պահանջը ներկայացնող կողմի առնվազն մեկական ներկայացուցիչներից։
3. Քննող հանձնաժողովը հրապարակային նիստերում պահանջը ներկայացնող կողմի կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով հավաքում է անհրաժեշտ տեղեկություններ։ Անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել փակ նիստեր:
4. Քննող հանձնաժողովի վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
Հոդված 94. Օրենսդրական նախաձեռնությունը
Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը և կառավարությունը, ինչպես նաև ընտրական իրավունք ունեցող առնվազն 20.000 քաղաքացիներ:
Հոդված 95. Օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը
1. Օրենսդրական նախաձեռնությունը ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում:
2. Եթե կառավարության եզրակացության համաձայն օրենքի նախագիծը նվազեցնում է պետության եկամուտները կամ ավելացնում է պետության ծախսերը, ապա Ազգային ժողովն այդ օրենքի նախագիծը, կառավարության պահանջով, կարող է ընդունել միայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 96. Կառավարության վստահության հարցը
1. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման կամ այլ հարցի լուծման առնչությամբ հերթական նստաշրջանի ընթացքում կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը չի ընդունում այդ նախագիծը և 14 - օրյա ժամկետում չի ընտրում նոր վարչապետ, ապա Հանրապետության նախագահը անհապաղ կրճատում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը: Եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովն ընտրում է նոր վարչապետ, ապա նոր կառավարությունը կազմավորվում է Սահմանադրության 130 հոդվածի 2 - րդ մասով սահմանված կարգով:
2. Կառավարությունն իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան 1 անգամ:
Հոդված 97. Պետական բյուջեի ընդունումը
1. Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է կառավարության ներկայացմամբ։
2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում նոր բյուջետային տարին սկսվելուց առնվազն 90 օր առաջ։
3. Եթե պետական բյուջեն չի ընդունվում, ապա մինչև տվյալ տարվա պետական բյուջեի ընդունումը, նոր բյուջետային տարվա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով։
Հոդված 98. Վարչապետի և նախարարների մասնակցությունը Ազգային ժողովի նիստերին
1. Պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջով վարչապետը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին։ Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով՝ հարցին առնչվող նախարարները, անկախ հանձնաժողովների ղեկավարները, Կենտրոնական բանկի նախագահը և Գլխավոր դատախազը պարտավոր են մասնակցել Ազգային ժողովի նիստերին և պատասխանել պատգամավորների հարցերին:
2. Կառավարության անդամները և նրանց տեղակալները իրավունք ունեն մասնակցել Ազգային ժողովի նիստերին և արտահերթ ելույթ ունենալ իրենց առնչվող հարցերով։
Հոդված 99. Պատգամավորների բանավոր և գրավոր հարցերը
1. Հերթական նստաշրջանի` շաբաթվա առնվազն մեկ նիստում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին։
2. Պատգամավորներն իրավունք ունեն գրավոր հարցեր ուղղել կառավարության անդամներին։ Կառավարության անդամներն այդ հարցերին պատասխանում են 14 օրվա ընթացքում։ Գրավոր հարցերի պատասխանները Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:
Հոդված 100. Հարցապնդումը
1. Ազգային ժողովի խմբակցությունները յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում գրավոր մեկ հարցապնդմամբ կարող են դիմել կառավարությանը: Վարչապետը կամ նախարարները հարցապնդմանը պատասխանում են հերթական նստաշրջանի ընթացքում` հարցապնդումը ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ, եթե ավարտվել է հերթական նստաշրջանը` հաջորդ նստաշրջանի առաջին նիստում:
2. Հարցապնդումների պատասխանը ներկայացվում է Ազգային ժողովի նիստում: Հարցապնդումը քննարկվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեկ հինգերորդի առաջարկությամբ: Եթե քննարկման արդյունքում ներկայացվում է կառավարության անվստահություն հայտնելու որոշման նախագիծ, ապա կիրառվում են 102 հոդվածի կանոնները:
Հոդված 101. Հրատապ թեմայով քննարկումները
Ազգային ժողովի հերթական նստաշրջանի յուրաքանչյուր նիստում, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ։
Հոդված 102. Կառավարությանն անվստահություն հայտնելը
1. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի կամ Հանրապետության նախագահի առաջարկությամբ անվստահություն հայտնել կառավարությանը: Կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
2. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 103. Հանրաքվե նշանակելը
Ազգային ժողովը հանրաքվե նշանակելու մասին որոշումն ընդունում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի կամ Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 104. Անկախ հանձնաժողովները
1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել անկախ հանձնաժողովներ:
2. Անկախ հանձնաժողովների անդամները նշանակվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 տարի ժամկետով: Օրենքով սահմանված դեպքերում անկախ հանձնաժողովների անդամները կարող են պաշտոնանկ արվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
3. Անկախ հանձնաժողովներին օրենքով կարող է վերապահվել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն:
4. Անկախ հանձնաժողովների լիազորությունները, անկախության երաշխիքները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:
Հոդված 105. Վարչատարածքային բաժանման մասին օրենքը
Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքն ընդունում է միայն կառավարության ներկայացմամբ:
Հոդված 106. Միջազգային պայմանագրերի վավերացումը
1. Ազգային ժողովը վավերացնում և չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք՝
1) վերաբերում են մարդու հիմնական իրավունքներին, ազատություններին և պարտականություններին.
2) վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը կամ անվտանգությանը.
3) ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.
4) նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջպետական միությունում կամ միջազգային կազմակերպությունում.
5) նախատեսում են էական ֆինանսական պարտավորություններ.
6) ուղղակիորեն նախատեսում են Ազգային ժողովի կողմից վավերացում:
2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա այլ միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով:
3. Ազգային ժողովը միջազգային պայմանագրերը վավերացնում և չեղյալ է հայտարարում օրենք ընդունելու միջոցով:
Հոդված 107. Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունը, նրանց լիազորությունների դադարեցումը և անձեռնմխելիությունից զրկելը
1. Ազգային ժողովն ընտրում է Սահմանադրական դատարանի 5 անդամ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրական դատարանի` իր ընտրած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան ձերբակալելու, կալանավորելու կամ նրա ազատությունը որևէ այլ եղանակով սահմանափակելու մասին:
Հոդված 108. Համաներումը
Ազգային ժողովը՝ Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է հայտարարել համաներում:
Հոդված 109. Պատերազմը և ռազմական դրությունը
1. Ազգային ժողովն Ազգային անվտանգության խորհրդի առաջարկությամբ կարող է հայտարարել պատերազմ:
2. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է վերացնել ռազմական դրությունը:
3. Ազգային ժողովն Ազգային անվտանգության խորհրդի առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է որոշում ընդունել Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ:
4. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 110. Արտակարգ դրությունը
1. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ Հանրապետության նախագահի կողմից ձեռնարկված միջոցառումները:
2. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
ԳԼՈՒԽ 7.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Հոդված 111. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահը սույն հոդվածում սահմանված իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների միջոցով:
Հոդված 112. Հանրապետության նախագահի ընտրությունը և նրան ներկայացվող պահանջները
1. Հանրապետության նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:
2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
3. Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ ընտրվել Հանրապետության նախագահ:
4. Հանրապետության նախագահի վրա տարածվում են Սահմանադրության 81 հոդվածում սահմանված սահմանափակումները:
Հոդված 113. Հանրապետության նախագահի ընտրության անցկացումը
1. Հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից 50 օր առաջ` Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում: Հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության վերանալուց հետո՝ ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:
2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է վավեր ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է մեկից ավելի թեկնածու և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
3. Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
4. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` 40 - րդ օրն անցկացվում է նոր ընտրություն:
Հոդված 114. Հանրապետության նախագահի թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտները կամ մահը
1. Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում` Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Եթե այդ ժամկետում անհաղթահարելի խոչընդոտները չեն վերանում, ապա նշված ժամկետի ավարտից հետո` 40 - րդ օրն անցկացվում է նոր ընտրություն:
2. Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում` թեկնածուի մահից հետո 40 - րդ օրն անցկացվում է նոր ընտրություն:
Հոդված 115. Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 40 - րդ օրը անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Հոդված 116. Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը
1. Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:
2. Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10 - րդ օրը:
3. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. ,Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, պաշտպանել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Հոդված 117. Հանրապետության նախագահի լիազորությունները
Հանրապետության նախագահը՝
1) կարող է ուղերձով դիմել ժողովրդին և Ազգային ժողովին.
2) Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունելուց հետո` 21 - օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն: Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: 5 - օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
3) Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնելուց հետո` 3 - օրյա ժամկետում կարող է կրճատել Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը և նշանակել արտահերթ ընտրություն կամ Սահմանադրության 129 հոդվածով սահմանված կարգով նախաձեռնել կառավարության կազմավորումը:
4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը՝ համագործակցելով վարչապետի և իրավասու նախարարի հետ.
5) կնքում է միջազգային պայմանագրեր.
6) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
7) զինված ուժերի գլխավոր հրամանատարն է: Պաշտպանության նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.
8) գլխավորում է Ազգային անվտանգության խորհուրդը.
9) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում` Ազգային անվտանգության խորհրդի առաջարկությամբ հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.
10) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում` Ազգային անվտանգության խորհրդի առաջարկությամբ հայտարարում է արտակարգ դրություն և իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ.
11) նշանակում է Սահմանադրական դատարանի 4 անդամ:
Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան ձերբակալելու, կալանավորելու կամ նրա ազատությունը որևէ այլ եղանակով սահմանափակելու համար.
12) կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ.
13) լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տալու հարցը.
14) լուծում է քաղաքական ապաստան տալու հարցը.
15) վարչապետի առաջարկությամբ շնորհում է բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
16) Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դատավորներին շնորհում է որակավորման դասեր.
17) ներում է շնորհում դատապարտյալներին:
Հոդված 118. Ազգային անվտանգության խորհուրդը
1. Ազգային անվտանգության խորհուրդը պաշտպանության և ազգային անվտանգության բնագավառում գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգող մարմին է:
2. Խորհրդի կազմի մեջ մտնում են Հանրապետության նախագահը, վարչապետը, պաշտպանության, արտաքին գործերի, ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտների համար իրավասու նախարարները:
3. Խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:
Հոդված 119. Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները
1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ:
2. Հանրապետության նախագահի հրամանագրերը կարող են լինել նորմատիվ իրավական ակտեր:
Հոդված 120. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը
1. Հանրապետության նախագահը երբևէ չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
2. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
Հոդված 121. Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը
1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել Սահմանադրությունը կամ օրենքները դիտավորյալ խախտելու, ինչպես նաև հանցագործություն կատարելու դեպքերում:
2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
3. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին:
Հոդված 122. Հանրապետության նախագահի հրաժարականը
Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին: Հրաժարականը համարվում է ընդունված Ազգային ժողովի իրավունքի ուժով հրավիրված արտահերթ նիստում՝ հրաժարականի հրապարակման պահից:
Հոդված 123. Հանրապետության նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը
Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության առաջարկով և Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է որոշում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:
Հոդված 124. Հանրապետության նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը
1. Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում, մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի պարտականությունները կատարում է վարչապետը:
2. Եթե Հայաստանի Հանրապետության նախագահը ժամանակավորապես չի կարող կատարել իր պարտականությունները, ապա այդ ժամանակահատվածում Հանրապետության նախագահի պարտականությունները կատարում է վարչապետը:
Հոդված 125. Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը
Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:
ԳԼՈՒԽ 8.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 126. Կառավարության կարգավիճակը և գործառույթները
1. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան սահմանում և վարում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունն արտաքին քաղաքականությունը սահմանում և վարում է Հանրապետության նախագահի հետ համատեղ:
2. Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը:
Հոդված 127. Կառավարության կազմը և կառուցվածքը
Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով, իսկ գործունեության կարգը՝ կառավարության կանոնակարգով:
Հոդված 128. Կառավարության իրավասությունը
1. Կառավարության իրավասությանն են ենթակա պետության քաղաքականության բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն այլ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների:
2. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Հոդված 129. Կառավարության կազմավորումը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ
1. Կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 3 - օրյա ժամկետում Հանրապետության նախագահն առաջադրում է վարչապետի թեկնածու: Վարչապետի թեկնածուն իր առաջադրումից հետո 10 - օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է կառավարության կազմը: Հանրապետության նախագահը 3 - օրյա ժամկետում նշանակում է վարչապետին և նախարարներին:
2. Կառավարության կազմավորումից հետո 20 - օրյա ժամկետում վարչապետը Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության գործունեության ծրագիրը՝ դնելով կառավարության վստահության հարցը: Ազգային ժողովը 3 - օրյա ժամկետում լուծում է կառավարության վստահության հարցը: Վստահության քվե տալու մասին որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 130. Կառավարության կազմավորումը Ազգային ժողովի նախաձեռնությամբ
1. Եթե 129 հոդվածով սահմանված կարգով կառավարությունը չի կազմավորվում կամ կառավարությունը չի ստանում Ազգային ժողովի վստահության քվեն, ապա 129 հոդվածի 1 - ին կամ 2 - րդ մասերում սահմանված ժամկետները լրանալուց հետո, Ազգային ժողովը 3 - օրյա ժամկետում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ ընտրում է վարչապետին: Ազգային ժողովը վարչապետի ընտրության մասին որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Վարչապետն իր ընտրությունից հետո 20 - օրյա ժամկետում Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության գործունեության ծրագիրը և կազմը՝ դնելով կառավարության վստահության հարցը:
3. Եթե Ազգային ժողովը 3 - օրյա ժամկետում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վստահության քվե է տալիս կառավարությանը, ապա Հանրապետության նախագահը 3 - օրյա ժամկետում նշանակում է վարչապետին և նախարարներին:
Հոդված 131. Կառավարության կազմավորումը Հանրապետության նախագահի կողմից
1. Եթե Ազգային ժողովը չի ընտրում վարչապետին կամ 130 հոդվածի 3 - րդ մասում սահմանված ժամկետում կառավարությունը վստահության քվե չի ստանում, ապա Հանրապետության նախագահը սահմանված ժամկետները լրանալուց հետո 14 - օրյա ժամկետում նշանակում է վարչապետին և նրա առաջարկով՝ նախարարներին:
2. Սույն հոդվածի 1 - ին մասով սահմանված կարգով կառավարության կազմավորումից հետո 20 - օրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության գործունեության ծրագիրը՝ դնելով կառավարության վստահության հարցը: Եթե կառավարությունը չի ստանում Ազգային ժողովի վստահության քվեն, ապա Հանրապետության նախագահը կրճատում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը:
Հոդված 132. Կառավարության կազմում փոփոխությունները
1. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ է կատարում կառավարության կազմում: Վարչապետի առաջարկությունը մերժվելու դեպքում, վարչապետը նախարարին ազատելու կամ նշանակելու առաջարկությունը ներկայացնում է Ազգային ժողովի հաստատմանը: Եթե վարչապետի առաջարկությունն ընդունվում է, ապա Հանրապետության նախագահը 3 - օրյա ժամկետում ազատում կամ նշանակում է համապատասխան նախարարին:
2. Վարչապետի ներկայացրած նախարարի նշանակումը Ազգային ժողովի կողմից մերժվելու դեպքում վարչապետը 3 - օրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում նախարարի նոր թեկնածու:
3. Վարչապետն իրավունք չունի Ազգային ժողովին ներկայացնել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին ազատելու առաջարկություն:
Հոդված 133. Կառավարության հրաժարականը
1. Հանրապետության նախագահը իրավունքի ուժով ընդունում է կառավարության հրաժարականը՝
1) նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը.
2) Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը.
3) կառավարությանն անվստահություն հայտնվելու օրը.
4) կառավարությանը վստահության քվե չտալու օրը.
5) վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու օրը.
6) վարչապետի մահվան օրը.
7) վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության մասին Սահմանադրական դատարանի եզրակացության հրապարակման օրը:
2. Կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը՝ մինչև նոր կառավարության կազմավորումը:
Հոդված 134. Կառավարության նիստերը և որոշումները
1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:
2. Արտաքին քաղաքականության կարևոր հարցերով կառավարության նիստ հրավիրելու իրավունք ունի Հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահն իրավունք ունի մասնակցել կառավարության այն նիստերին, որտեղ քննարկվում են արտաքին քաղաքականության կարևոր հարցեր: Նման դեպքերում կառավարության նիստը վարում է Հանրապետության նախագահը:
3. Կառավարության որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը:
4. Կառավարության որոշումները կարող են լինել նորմատիվ իրավական ակտեր:
Հոդված 135. Վարչապետի և նախարարների իրավասությունները
1. Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը, համակարգում և վերահսկում է նախարարների աշխատանքը: Կոնկրետ հարցերով վարչապետը կարող է հանձնարարական տալ նախարարներին և կառավարությանը ենթակա այլ մարմինների ղեկավարներին:
2. Կառավարության ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է օրենքով նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:
3. Վարչապետի մահվան, հրաժարականի կամ իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում, մինչև նոր կառավարության կազմավորումը, Հանրապետության նախագահը նախարարներից մեկին նշանակում է վարչապետի պաշտոնակատար:
Հոդված 136. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները և անհամատեղելիությունը
1. Կառավարության անդամ կարող է դառնալ 25 տարին լրացած, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։
2. Կառավարության անդամի վրա տարածվում են Սահմանադրության 81 հոդվածում սահմանված սահմանափակումները:
Հոդված 137. Պետական կառավարման համակարգը
1. Պետական կառավարման համակարգը բաղկացած է նախարարություններից, կառավարությանը և նախարարություններին ենթակա այլ մարմիններից:
2. Կառավարությանը և նախարարություններին ենթակա պետական կառավարման մարմինների կառուցվածքը և լիազորությունները սահմանվում են օրենքով:
Հոդված 138. Կառավարության կողմից իրավական հսկողությունը անկախ հանձնաժողովների նկատմամբ
Կառավարությունը անկախ հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրականացնում է իրավական հսկողություն:
Հոդված 139. Կառավարության տարածքային քաղաքականության իրականացումը
Կառավարությունն իր տարածքային քաղաքականությունը մարզերում իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության կողմից: Մարզպետները համակարգում են կառավարությանը և նախարարություններին ենթակա պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը:
ԳԼՈՒԽ 9.
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 140. Տեղական ինքնակառավարման իրավունքը
1. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
2. Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական հարցերը:
Հոդված 141. Համայնքի էությունը և մարմինները
1. Համայնքը բնակիչների հանրություն և վարչատարածքային միավոր է: Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է:
2. Համայնքի մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը՝ քաղաքապետը, գյուղապետը, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով` համայնքի ընտրական իրավունք ունեցող բնակիչների կողմից: Համայնքի մարմինների ընտրության կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքներով:
3. Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև:
Հոդված 142. Միջհամայնքային միավորումը
1. Համայնքները կարող են կամավոր միավորվել միջհամայնքային միավորումում: Հանրային շահերից ելնելով՝ միջհամայնքային միավորումներ կարող են ստեղծվել օրենքով:
2. Միջհամայնքային միավորումը կարող է իրականացնել միայն այնպիսի խնդիրներ, որոնք սահմանված են օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով:
3. Միջհամայնքային միավորումը հանրային իրավունքի իրավաբանական անձ է:
Հոդված 143. Համայնքների միացումը
Համայնքները հանրության շահերից ելնելով՝ կարող են օրենքով միացվել միմյանց: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելուց առաջ պարտավոր է լսել այդ համայնքերի կարծիքը:
Հոդված 144. Համայնքի խնդիրները
1. Համայնքի խնդիրները լինում են սեփական՝ կամավոր և պարտադիր, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված: Պարտադիր և պետության կողմից պատվիրակված խնդիրները սահմանվում են օրենքով:
2. Համայնքի կամավոր խնդիրները սահմանվում են ավագանու որոշումներով:
Հոդված 145. Վարչական հսկողությունը
1. Համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ կառավարությունը և նրան ենթակա լիազորված մարմինները Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական հսկողություն:
2. Պետության կողմից պատվիրակված խնդիրների իրականացման նկատմամբ կառավարությունը, նախարարությունները և դրանց ենթակա լիազորված մարմինները, բացի իրավական հսկողությունից, կարող են իրականացնել նաև մասնագիտական հսկողություն:
3. Վարչական հսկողության նպատակը Սահմանադրության և օրենքների պահանջների կատարման ապահովումն է:
Հոդված 146. Համայնքի սեփականությունը
1. Համայնքներն ունեն հողի, ինչպես նաև այլ անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունք:
2. Համայնքների վարչական սահմաններում հողը որպես սեփականություն պատկանում է համայնքներին, բացառությամբ մասնավոր և պետության սեփականություն հանդիսացող հողամասերի:
Հոդված 147. Համայնքի բյուջեն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները
1. Համայնքն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է համայնքի ավագանին:
2. Համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
3. Համայնքները օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում սահմանում են տեղական հարկեր և տուրքեր:
4. Համայնքները կարող են իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանել վճարներ:
Հոդված 148. Համայնքի խնդիրների ֆինանսավորումը
1. Պարտադիր և պետության կողմից պատվիրակված խնդիրների իրականացման համար պետությունը հատկացնում է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
2. Պետությունն իր ֆինանսական հնարավորությունների շրջանակներում, ելնելով համայնքների ֆինանսական ներուժից, նրանց հատկացնում է դոտացիաներ՝ կամավոր խնդիրների իրականացման համար:
Հոդված 149. Տեղական հանրաքվե
1. Համայնքի ընտրական իրավունք ունեցող բնակիչների մեկ քառորդի պահանջով կամ համայնքի ավագանու նախաձեռնությամբ տեղական հարցերով նշանակվում է տեղական հանրաքվե:
2. Համայնքի ընտրական իրավունք ունեցող բնակիչների մեկ քառորդի պահանջով նշանակվում է համայնքի ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման կամ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հարցով տեղական հանրաքվե:
3. Տեղական հանրաքվեների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 150. Տեղական ինքնակառավարումը Երևան քաղաքում
1. Երևան քաղաքը համայնք է: Տեղական ինքնակառավարումը Երևանում իրականացվում է համայնքի և թաղերի մակարդակով:
2. Երևանի ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը՝ քաղաքապետը, որոնք ընտրվում են ընտրական իրավունք ունեցող Երևան քաղաքի բնակիչների կողմից:
3. Երևանն ունի իր բյուջեն, որը քաղաքապետի ներկայացմամբ ընդունում է Երևանի ավագանին:
4. Երևանը բաղկացած է թաղերից, որոնք ունեն թաղային նշանակության հարցերի լուծման իրավունք: Թաղերի ինքնակառավարման մարմինները՝ թաղի ավագանին և թաղապետը, ընտրվում են ընտրական իրավունք ունեցող թաղի բնակիչների կողմից:
5. Թաղն ունի իր բյուջեն, որը թաղապետի ներկայացմամբ ընդունում է թաղի ավագանին:
6. Երևանի բյուջեի և Երևանի թաղերի բյուջեների եկամուտների ձևավորման և ծախսման կարգը, ինչպես նաև Երևանի և նրա թաղերի ինքնակառավարման մարմինների լիազորությունները և փոխհարաբերությունները սահմանվում են ,Երևան քաղաքի մասին» օրենքով:
ԳԼՈՒԽ 10.
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 151. Դատական իշխանության իրականացումը
1. Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունն իրականացնում են դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
2. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ:
Հոդված 152. Դատական համակարգը
Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև տնտեսական և վարչական դատարանները:
Հոդված 153. Դատարանների անկախությունը
1. Դատարաններն անկախ են:
2. Պետությունն ապահովում է դատարանների պատշաճ ֆինանսավորումը: Յուրաքանչյուր դատարան ֆինանսավորվում է պետական բյուջեի առանձին տողով:
Հոդված 154. Դատավորի և Սահմանադրական դատարանի անդամի ենթարկվելը Սահմանադրությանը և օրենքներին
1. Դատավորն արդարադատություն իրականացնելիս անկախ է, կաշկանդված չէ որևէ ցուցումներով կամ խորհուրդներով և ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքներին: Դատավորն իրավունք չունի կիրառել Սահմանադրությանը հակասող օրենք։ Եթե դատավորը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը հակասում է Սահմանադրությանը, ապա նա պարտավոր է կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը լուծելու համար։
2. Սահմանադրական դատարանի անդամը արդարադատություն իրականացնելիս անկախ է, կաշկանդված չէ որևէ ցուցումներով կամ խորհուրդներով և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
Հոդված 155. Դատավորի և Սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները
1. Դատավորի և Սահմանադրական դատարանի անդամի գործունեությանը միջամտելն արգելվում և պատժվում է օրենքով։
2. Ոչ ոք իրավունք չունի դատավորից և Սահմանադրական դատարանի անդամից հաշվետվություն կամ տեղեկություն պահանջել որևէ գործի վերաբերյալ:
3. Դատավորի և Սահմանադրական դատարանի անդամի համար երաշխավորվում են աշխատանքային պատշաճ պայմաններ և այնպիսի վարձատրություն, որն ապահովում է արդարադատություն իրականացնելիս նրանց անկախությունը և համապատասխանում է նրանց պաշտոնին ու պարտականությունների ծավալին:
4. Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը օժտված են պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:
5. Դատավորների և Սահմանադրական դատարանի անդամների գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:
Հոդված 156. Դատավորին ներկայացվող պահանջները
Դատավոր կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և իրավաբանական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացին։ Դատավոր նշանակվելու համար լրացուցիչ պահանջները սահմանվում են օրենքով։
Հոդված 157. Դատավորի և Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը
1. Դատավորն անփոփոխելի է: Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ժամկետը 12 տարի է: Նույն անձը չի կարող երկրորդ անգամ ընտրվել կամ նշանակվել Սահմանադրական դատարանի անդամ: Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը:
2. Դատավորի և Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարում են, եթե`
1) նա գրավոր դիմում է ներկայացնում այդ մասին.
2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում, կամ անցել է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
5) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
6) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
3. Դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե`
1) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան վեց ամիս անընդմեջ նա չի ներկայացել աշխատանքի.
2) նա անհարգելի պատճառով մեկ ամիս չի մաuնակցել դատարանի նիuտերին.
3) դատավորի նկատմամբ մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ կիրառվել է կարգապահական տույժ.
4) նա արդարադատություն իրականացնելիu թույլ է տվել օրենքի դիտավորյալ կամ կոպիտ խախտում.
5) նա նշանակվել է դատավորի պաշտոնում` օրենքի պահանջների խախտմամբ.
6) նա խախտել է Սահմանադրության 158 հոդվածի պահանջները.
7) նա կատարել է դատավորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արարք:
4. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվում են սույն հոդվածի 3 - րդ մասի 1 - 2 և 5 - 7 կետերով սահմանված հիմքերով:
Հոդված 158. Դատավորի և Սահմանադրական դատարանի անդամի անհամատեղելիությունը
1. Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
2. Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամի վրա տարածվում են Սահմանադրության 81 հոդվածում սահմանված սահմանափակումները:
Հոդված 159. Արդարադատության խորհուրդը
1. Արդարադատության խորհուրդը կազմված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրված 5 դատավորից, Ազգային Ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրված երկուական փաստաբանից և իրավաբան-գիտնականից:
2. Արդարադատության խորհրդի լիազորությունների ժամկետը 4 տարի է: Նույն անձը չի կարող վերընտրվել Արդարադատության խորհրդի անդամ:
3. Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում Արդարադատության խորհրդի դատավոր անդամները ազատվում են դատավորի լիազորությունների կատարումից, իսկ փաստաբան անդամները իրավունք չունեն զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Լիազորությունների ժամկետի ավարտից հետո Արդարադատության խորհրդի դատավոր անդամներին երաշխավորվում է նախկինում զբաղեցրած պաշտոնը: Արդարադատության խորհրդի փաստաբան և իրավաբան-գիտնական անդամները օժտված են դատավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:
4. Արդարադատության խորհուրդն իր կազմից 2 տարի ժամկետով գաղտնի քվեարկությամբ ընտրում է Արդարադատության խորհրդի նախագահ: Նույն անձը չի կարող վերընտրվել Արդարադատության խորհրդի նախագահ:
5. Արդարադատության խորհուրդի անդամների աշխատավարձը պետք է համապատասխանի Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձին:
Հոդված 160. Արդարադատության խորհուրդի լիազորությունները
1. Արդարադատության խորհուրդն իր անդամների առաջարկով`
1) կազմում է դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա նշանակում են դատավորներ և դատարանների նախագահներ.
2) առաջարկ է ներկայացնում դատավորներին որակավորման դասեր շնորհելու մասին.
3) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
4) լուծում է դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը.
5) քննում է դատավորի բողոքները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից նրա գործունեությանը միջամտելու, ներառյալ՝ դատավորի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ և այդ կապակցությամբ ընդունած իր որոշումները ներկայացնում է Ազգային ժողովին և գլխավոր դատախազին.
6) գլխավոր դատախազի առաջարկով կարող է համաձայնություն տալ դատավորին ձերբակալելու, կալանավորելու կամ նրա ազատությունը որևէ այլ եղանակով սահմանափակելու մասին:
2. Արդարադատության խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցերը քննում է դատավարական ընթացակարգով` ապահովելով դատավորի իրավունքների պաշտպանության երաշխիքները: Այս հարցերով Արդարադատության խորհրդին առաջարկ ներկայացնելու իրավունք ունի նաև արդարադատության նախարարը:
3. Արդարադատության խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման կարգը, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:
Հոդված 161. Սահմանադրական դատարանի կազմը
1. Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից։
2. Սահմանադրական դատարանի անդամ կարող է ընտրվել կամ նշանակվել 40 տարին լրացած և բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելու կամ նշանակվելու համար լրացուցիչ պահանջները սահմանվում են օրենքով:
3. Սահմանադրական դատարանն իր կազմից ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ:
Հոդված 162. Սահմանադրական դատարանի լիազորությունները
1. Սահմանադրական դատարանը՝
1) որոշում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.
2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.
3) մինչև հանրաքվեի նշանակումը որոշում է հանրաքվեի դրվող հարցի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.
4) մինչև Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը որոշում է Սահմանադրության փոփոխությունների՝ Սահմանադրության 1 - 5 - րդ գլուխներին համապատասխանության հարցը.
5) լուծում է պետական մարմինների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև` Սահմանադրությամբ և օրենքներով նրանց վերապահված լիազորությունների վերաբերյալ վեճերը.
6) լուծում է Սահմանադրության 62 հոդվածում նշված սահմանադրական բողոքները.
7) լուծում է կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցը.
8) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը:
9) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
10) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահի, վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության մասին.
11) եզրակացություն է տալիս Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան ձերբակալելու, կալանավորելու կամ նրա ազատությունը որևէ այլ եղանակով սահմանափակելու մասին:
2. Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Սահմանադրական դատարանը կարող է մերժել սահմանադրական բողոքի քննությունը, եթե այն չունի սկզբունքային սահմանադրական-իրավական նշանակություն:
Հոդված 163. Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտները
1. Սահմանադրական դատարան կարող են դիմել՝
1) Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 1 - ին, 2 - րդ և 3 - րդ կետերով սահմանված դեպքերում՝ Ազգային ժողովի խմբակցությունները, առնվազն 10 պատգամավոր, Հանրապետության նախագահը, կառավարությունը, ինչպես նաև իր գործունեության ոլորտին վերաբերող հարցերով՝ Մարդու իրավունքների պաշտպանը.
2) Սահմանադրության 162 հոդվածով 1 - ին մասի 1 - ին կետով սահմանված դեպքերում՝ դատարանները.
3) Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 1 - ին և 5 - րդ կետերով սահմանված դեպքերում՝ համայնքի կամ միջհամայնքային միավորման մարմինները՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցերով.
4) Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 6 - րդ կետով սահմանված դեպքերում՝ յուրաքանչյուր ոք` անմիջականորեն կամ Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով.
5) Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 7 - րդ կետով՝ կառավարությունը կամ Ազգային ժողովի առնվազն 10 պատգամավոր.
6) Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 8 - րդ կետով սահմանված դեպքերում՝ դատավորը, որը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության կամ որի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, կամ արդարադատության նախարարը:
7) Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 9 - 10 կետերով սահմանված դեպքերում՝ Ազգային ժողովը.
8) Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 10 - րդ կետով սահմանված դեպքում՝ համապատասխանաբար կառավարությունը և Հանրապետության նախագահը.
9) Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 11 - րդ կետով սահմանված դեպքում՝ Սահմանադրական դատարանի անդամին նշանակած կամ ընտրած մարմինը:
2. Հանրապետության նախագահը պարտավոր է մինչև Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 3 - րդ կետով սահմանված դեպքում հանրաքվե նշանակելը կամ Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 4 - րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումը դիմել Սահմանադրական դատարան:
Հոդված 164. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները
1. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 1 - 8 - րդ կետերով ընդունում է որոշումներ, իսկ 1 - ին մասի 9 - 11 - րդ կետերով՝ եզրակացություններ:
2. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են, ենթակա չեն վերանայման և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Եթե սահմանադրական բողոքի հիման վրա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող, ապա դա հանգեցնում է համապատասխան դատական ակտի անվավերությանը, իսկ դատական գործը ենթակա է վերաքննության:
3. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 162 հոդվածի 1 - ին մասի 1 - 6 - րդ կետերում նշված հարցերը լուծում է իր անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ 1 - ին մասի 7 - 11 - րդ կետերում նշված հարցերը՝ անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
4. Սահմանադրական դատարանը կարող է սահմանադրական բողոքը քննել և դրա վերաբերյալ որոշում կայացնել Սահմանադրական դատարանի երեք անդամի կազմով։
ԳԼՈՒԽ 11.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 165. Դատախազության համակարգը
1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։
2. Իր լիազորություններն իրականացնելիս դատախազությունն անկախ է:
Հոդված 166. Գլխավոր դատախազի նշանակումը
1. Գլխավոր դատախազին Հանրապետության նախագահի առաջարկությամբ 6 տարի ժամկետով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նշանակում է Ազգային ժողովը։
2. Հանրապետության նախագահի կամ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի առաջարկությամբ օրենքով սահմանված հիմքերով Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել Գլխավոր դատախազին։
Հոդված 167. Դատախազության գործառույթները և լիազորությունները
1. Դատախազությունը oրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
3) իրականացնում է հսկողություն նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ.
4) բողոքարկում է քրեական գործերով դատարանների դատավճիռները և որոշումները.
5) իրականացնում է հսկողություն պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։
2. Դատախազությունը Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է ,Դատախազության մասին» օրենքով սահմանված լիազորությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 12.
ՀԱՇՎԻՉ ՊԱԼԱՏԸ
Հոդված 168. Հաշվիչ պալատի գործառույթները և լիազորությունները
1. Հաշվիչ պալատը ստուգում է պետական բյուջեի միջոցների, Հայաստանի Հանրապետության ստացած փոխառությունների ու վարկերի, ինչպես նաև պետության սեփականության օգտագործման օրինականությունը և տնտեսվարությունը:
2. Հաշվիչ պալատը կարող է օրենքով սահմանված դեպքերում ստուգել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքային բյուջեի միջոցների, ինչպես նաև համայնքի սեփականության օգտագործման օրինականությունը և տնտեսվարությունը:
3. Հաշվիչ պալատը Ազգային ժողովին ներկայացնում է՝
1) տարեկան զեկույց իր գործունեության վերաբերյալ.
2) տարեկան զեկույց պետական բյուջեի կատարման վերաբերյալ.
3) զեկույցներ առանձին ստուգումների վերաբերյալ:
4. Իր լիազորություններն իրականացնելիս Հաշվիչ պալատն անկախ է։
5. Հաշվիչ պալատի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։
Հոդված 169. Հաշվիչ պալատի նախագահը և անդամները
1. Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ 6 տարի ժամկետով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Հաշվիչ պալատի նախագահ։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ ընտրվել Հաշվիչ պալատի նախագահ։
2. Հանրապետության նախագահի կամ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի առաջարկությամբ օրենքով սահմանված հիմքերով Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել Հաշվիչ պալատի նախագահին։
3. Հաշվիչ պալատի նախագահ կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին։
4. Հաշվիչ պալատի անդամներն ընտրվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
5. Հաշվիչ պալատի նախագահի և անդամների վրա տարածվում են Սահմանադրության 81 հոդվածում սահմանված սահմանափակումները:
6. Հաշվիչ պալատի նախագահը և անդամները օժտված են պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:
7. Հաշվիչ պալատի նախագահը և անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Քաղաքական հարցերով հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն զսպվածություն:
ԳԼՈՒԽ 13.
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 170. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և ընտրական հանձնաժողովների համակարգը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է ընտրություններ, հանրաքվեներ և վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:
2. Ընտրական հանձնաժողովների համակարգը, դրանց լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է նորմատիվ իրավական ակտեր:
3. Իրենց լիազորություններն իրականացնելիս ընտրական հանձնաժողովներն անկախ են։
Հոդված 171. Ընտրական հանձնաժողովների կազմը և անդամները
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ստորադաս ընտրական հանձնաժողովները կազմված են Ազգային ժողովում ներկայացված քաղաքական մեծամասնության և ընդդիմության հավասար թվով ներկայացուցիչներից: Ընտրական հանձնաժողովների անդամները նշանակվում են օրենքով սահմանված կարգով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին։
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա տարածվում են Սահմանադրության 81 հոդվածում սահմանված սահմանափակումները:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն օժտված են պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:
ԳԼՈՒԽ 14.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
Հոդված 172. Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները
1. Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը և իրավասու մարմիններին առաջարկություններ է ներկայացնում խախտումների վերացման վերաբերյալ:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ և աջակցել նրա աշխատանքներին:
3. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Հոդված 173. Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը
1. Իր լիազորություններն իրականացնելիս Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է: Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովին տարեկան զեկույց է ներկայացնում իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին։ Զեկույցը կարող է առաջարկներ պարունակել օրենսդրական փոփոխությունների կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ:
2. Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:
3. Մարդու իրավունքների պաշտպանը օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:
Հոդված 174. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը և նրան ներկայացվող պահանջները
1. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով 6 տարի ժամկետով ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան։ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է օրենքով սահմանված հիմքերով պաշտոնանկ արվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ ընտրվել Մարդու իրավունքների պաշտպան։
2. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին։
3. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում են Սահմանադրության 81 հոդվածում սահմանված սահմանափակումները:
4. Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ:
ԳԼՈՒԽ 15.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 175. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները
1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հետևում է ռադիոյում և հեռուստատեսությունում կարծիք արտահայտելու և տեղեկատվության ազատության պահպանմանը և պաշտպանում է այդ լրատվամիջոցները քաղաքական ուժերից, տնտեսական շահերից կամ ցանկացած այլ միջամտությունից:
2. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է եթերային հաճախություններ:
3. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում հանրային ռադիոյում և հեռուստատեսությունում հասարակությունում առկա տարբեր կարծիքների արտահայտման, տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման նկատմամբ:
4. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն Ազգային ժողովին տարեկան զեկույց է ներկայացնում իր գործունեության, ինչպես նաև ռադիոյում և հեռուստատեսությունում տեղեկատվության ազատության վիճակի մասին։
5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդունում է նորմատիվ իրավական ակտեր:
6. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։
Հոդված 176. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց ներկայացվող պահանջները
1. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ 6 տարի ժամկետով ընտրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմված է ինն անդամից, որոնցից 5 - ի թեկնածությունն առաջադրում են պատգամավորները, իսկ 4 - ինը՝ Հանրապետության նախագահը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված դեպքերում պաշտոնանկ արվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է և համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին։
3. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների վրա տարածվում են Սահմանադրության 81 հոդվածում սահմանված սահմանափակումները:
4. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն օժտված են պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:
ԳԼՈՒԽ 16.
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ
Հոդված 177. Կենտրոնական բանկի գործառույթները և լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության պետական բանկը Կենտրոնական բանկն է:
2. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է:
3. Հայաստանի Հանրապետության արժույթը՝ դրամը, թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին:
4. Կենտրոնական բանկն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Կենտրոնական բանկն Ազգային ժողովին ներկայացնում է տարեկան զեկույց իր գործունեության մասին:
5. Կենտրոնական բանկի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։
Հոդված 178. Կենտրոնական բանկի նախագահը, խորհուրդը
1. Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նշանակում է Կենտրոնական բանկի նախագահ։
2. Հանրապետության նախագահի կամ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի առաջարկությամբ օրենքով սահմանված հիմքերով Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել Կենտրոնական բանկի նախագահին։
3. Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինը Կենտրոնական բանկի խորհուրդն է, որը կազմված է նախագահից, նրա տեղակալից և 5 անդամից:
4. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի և խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը 6 տարի է: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը և խորհրդի անդամները նշանակվում և ազատվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
5. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի և խորհրդի անդամների վրա տարածվում են Սահմանադրության 81 հոդվածում սահմանված սահմանափակումները:
ԳԼՈՒԽ 17.
ՀԱՆՐԱՔՎԵՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 179. Հանրաքվեի դրվող հարցերը
Հանրաքվեի կարող են դրվել նոր Սահմանադրության, Սահմանադրության փոփոխության, օրենքի ընդունման, օրենքի կամ դրա առանձին դրույթների վերացման, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր:
Հոդված 180. Նոր Սահմանադրության և Սահմանադրության փոփոխությունների ընդունումը
1. Նոր Սահմանադրությունն ընդունվում կամ Սահմանադրության 1 - 5 - րդ գլուխներում փոփոխություններ կատարվում են միայն հանրաքվեի միջոցով: Հանրաքվեն նշանակվում է Ազգային ժողովի որոշմամբ կամ Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն 250.000 քաղաքացիների պահանջով:
2. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ փոփոխություններ կատարել Սահմանադրության 6 - 17 գլուխներում՝ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող առնվազն 50.000 քաղաքացիների նախաձեռնությամբ: Ազգային ժողովի կողմից Սահմանադրությունում փոփոխություններ կատարվելուց հետո 5 օրվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները դրվում են հանրաքվեի, եթե 30 օրվա ընթացքում հավաքվում է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 100.000 ստորագրություն: Եթե Ազգային ժողովը մերժում է քաղաքացիների նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների ընդունումը, ապա մերժումից հետո 30 օրվա ընթացքում ընտրական իրավունք ունեցող առնվազն 100.000 քաղաքացիների պահանջով Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
3. Հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:
Հոդված 181. Սահմանադրության անփոփոխելի հոդվածները
Սահմանադրության 1, 2, 3 և 181 հոդվածները ենթակա չեն փոփոխման:
Հոդված 182. Օրենքի ընդունման, օրենքի կամ դրա առանձին դրույթների վերացման, ինչպես նաև այլ հարցերով հանրաքվեն
1. Օրենքի ընդունման, օրենքի կամ դրա առանձին դրույթների վերացման, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերով հանրաքվե նշանակվում է Ազգային ժողովի որոշմամբ կամ Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն 100.000 քաղաքացիների պահանջով:
2. Հանրաքվեի չեն կարող դրվել տարածքային ամբողջականության, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, պետական բյուջեի, հարկերի, պետության ֆինանսական պարտավորությունների, արտակարգ դրության հայտարարման և վերացման, պատերազմի և խաղաղության հայտարարման և համաներման հետ կապված հարցերը:
3. Հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին։
4. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել հանրաքվեով կամ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրաքվեով ընդունված որոշումները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:
5. Հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 183. Հանրաքվե անցկացնելու արգելքը
Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:
ԳԼՈՒԽ 18.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 184. Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը
1. Սահմանադրության սույն փոփոխություններն ուժի մեջ են մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրա՝ պաշտոնական հրապարակման օրվանից հետո 60 – րդ օրը:
2. Ազգային ժողովի, Հանրապետության նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների, Վերահսկիչ պալատի և Կենտրոնական բանկի նախագահի ու խորհրդի լիազորությունները շարունակվում են մինչև Սահմանադրության սույն փոփոխությունների ընդունումը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետների ավարտը:
3. Սահմանադրության սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարվելուց հետո ձևավորվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Արդարադատության խորհուրդը և նշանակվում է Գլխավոր դատախազը:
4. Վարչական դատարանն իր գործունեությունը սկսում է 2006 թվականի հունվարի 1 - ից:
5. Մինչև Սահմանադրության սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը Ազգային ժողովը համապատասխանեցնում է իր կանոնակարգը Սահմանադրության սույն փոփոխություններին:
6. Մինչև 2006 թվականի հունվարի 1 - ը Սահմանադրական դատարանը լուծում է հանրաքվեների, Հանրապետության նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը:
7. Սահմանադրական բողոքները, ինչպես նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցերը Սահմանադրական դատարանը սկսում է քննել Սահմանադրության սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո՝ ,Սահմանադրական դատարանի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
8. Մինչև նոր Արդարադատության խորհրդի ձևավորումն Արդարադատության խորհուրդը շարունակում է գործել իր նախկին լիազորությունների շրջանակում:
9. Սահմանադրության սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 9 ամսվա ընթացքում անցկացվում են Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններ:
10. Կառավարությունը Սահմանադրության սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում Ազգային Ժողով է ներկայացնում Սահմանադրության սույն փոփոխություններից բխող օրենքների նախագծերը:
Հոդված 185. Եզրափակիչ դրույթ
Սահմանադրության ընդունման օրը տոն է՝ "Սահմանադրության օր":
|