|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԼԱՎ ՉԻ՞ ԱՇԽԱՏՈՒՄ |
"Առավոտ", ուրբաթ, 26 Հունվար 2007
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն այս օրերին Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ Լիբերալ-դեմոկրատների խմբակցության հրավերով, որին անդամակցել է Վեհաժողովի պատվիրակ եղած ժամանակ:
Մեկնաբանելով այն լուրը, թե այս հրավերի նպատակն է՝ ԱԺ ընտրություններից առաջ ԵԽԽՎ-ն ցանկանում է Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալ նաեւ Շավարշ Քոչարյանից, վերջինս ասաց. "Այդպես էլ կա: Եվ ես այստեղ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ու դեռ ունենալու եմ՝ խմբակցությունների ղեկավարների, Վեհաժողովի ղեկավարության հետ: Այո՛, բոլորին հետաքրքրում են այդ գնահատականները":
Մեզ հետաքրքրում էին Շավարշ Քոչարյանի գնահատականները Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ ԵԽԽՎ հունվարի 23-ին ընդունած բանաձեւի վերաբերյալ: Համամի՞տ է արդյոք, որ ինչպես պնդում է ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը՝ այդ "բանաձեւը իր դրական շեշտադրումներով աննախադեպ է Հայաստանի համար": Շավարշ Քոչարյանի պատասխանը վերապահ էր. "Բանաձեւն, իհարկե, շատ է պարունակում դրական պահեր: Եթե ես լինեի պատվիրակության անդամ՝ բանաձեւը մի քիչ այլ կլիներ. համենայնդեպս՝ կաշխատեի, որ լիներ մի քիչ այլ: Բայց, ընդհանուր առմամբ՝ բանաձեւը ե՛ւ արձանագրում է առաջընթացն իրավական ոլորտում, ե՛ւ հայտնում հիմնական մտահոգությունները, որոնք կապված են ընտրությունների հետ: Նաեւ մոռացված չեն այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման՝ կապված մամուլի, "Ա1+"-ի հետ, այսինքն՝ Վեհաժողովը հետեւողական է: Խնդիրը նաեւ այս է՝ եթե համեմատվենք Ադրբեջանի հետ, իհարկե, մեր վիճակը շատ ավելի լավ է: Բայց ինձ թվում է՝ մենք վաղուց պետք է ձերբազատվեինք այդ համեմատությունից":
Նշենք, որ Հայաստանի բանաձեւում 3 փոփոխությունների առաջարկ է եղել, եւ 3-ի հեղինակներն էլ, մասնավորապես, Տիգրան Թորոսյանը, Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը եւ Գրիգոր Մարգարյանն են: 3 առաջարկներից 2-ը վերաբերում են "Ընտրական օրենսգրքի" փոփոխություններին, որոնք համազեկուցողների այցի ընթացքում դեռեւս ընդունված չէին, իսկ այժմ արդեն ուժի մեջ են մտել, եւ այս իրողությունն է արձանագրվել ընդունված առաջարկներով: Իսկ 3-րդ փոփոխությունը վերաբերել է GRECO-ի զեկույցին արված ոչ ճշգրիտ հղումը վերացնելուն: Մեր պատվիրակության մեջ ընդդիմությունը ներկայացնող գործիչները չեն արել որեւէ փոփոխության առաջարկ: Հարցին՝ իսկ ի՞նչ փոփոխություն կառաջարկեր ինքը բանաձեւում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. "Կներկայացնեի առաջարկներ՝ կապված "Ընտրական օրենսգրքի" հետ, որ ապահովվի ընտրական հանձնաժողովների, դրանց ղեկավարության հավասարակշռված կազմը: Չգիտես ինչու, այդ պահանջը ԵԽ-ն միշտ դնում է Վրաստանի եւ Ադրբեջանի առջեւ, սակայն ոչ՝ Հայաստանի: Կառաջարկեի արձանագրել այն իրողությունը, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի հետեւողական պնդումներին՝ ընտրողների մատների թանաքոտման դրույթը հանված է "Ընտրական օրենսգրքից": Երեւի ճիշտ կլիներ նաեւ արձանագրել, որ ընտրություններում քվորումի վերացումը կոպիտ սխալ է եւ ուղղված է ընտրակեղծիքներ կատարելուն: Բազմաթիվ այլ առաջարկներ կարող էին լինել: Բայց դրանք պետք է աներ մեր պատվիրակության ընդդիմադիր հատվածը: Ցավոք, այդպիսի փորձեր չեն արվել":
Բանաձեւի քննարկման կապակցությամբ ԵԽԽՎ-ում ելույթ էր ունեցել Ստեփան Դեմիրճյանը եւ մասնավորապես հայտարարել. "Լավագույն "Ընտրական օրենսգիրքն" էլ համադարման չէ, երբ բացակայում է քաղաքական կամքը": Մեր խնդրանքով անդրադառնալով պրն Դեմիրճյանի ելույթին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. "Ելույթը երեւացող հատվածն է: Ելույթով այլեւս ոչինչ փոխել չես կարող. աշխատանքն արվում է մինչ այդ: Իհարկե, ելույթն էլ է կարեւոր":
Նշենք նաեւ, որ Արտաշես Գեղամյանն էլ է որդեգրել ԵԽԽՎ-ում միայն ելույթներ ունենալու մարտավարությունը:
"Կարծում եմ, որ բանաձեւն, այնուամենայնիվ, բավական մոտ է այն իրականությանը, որը կա Հայաստանում- ասաց Շավարշ Քոչարյանը:- Բանաձեւի հիմնական թերությունն այն է, որ շեշտադրումը կատարված է իրավական կողմի վրա (այն նաեւ ճիշտ է)՝ ինչ են տվել սահմանադրական փոփոխությունները, ինչ օրենքներ են փոփոխվել եւ այլն: Վեհաժողովը շատ լավ հասկանում է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելը չափազանց կարեւոր է: Բայց մյուս կողմից, նրանք նաեւ նշում են, թե դրա համար ժամանակ է պետք՝ սա այն տեսակետն է, որ իմ անձնական շփումների ժամանակ լսել եմ Վեհաժողովի տարբեր ներկայացուցիչներից":
Առանձին անդրադարձի առարկա են իշխանությունը ներկայացնող մեր պատվիրակների ելույթները ԵԽԽՎ-ում: Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե համազեկուցողների զեկույցը "կարող է ծառայել իբրեւ ճանապարհային քարտեզ՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար": Շավարշ Քոչարյանի արձագանքը փոքր-ինչ հեգնալից էր. "Դե, եթե նրանք ընդունում են այն պահանջները, որոնք կան այդ զեկույցում՝ միայն ողջունելի է: Իսկ պահանջները շատ հստակ են՝ ապահովել խոսքի ազատություն, արդար ընտրություններ, պայքարել կոռուպցիայի դեմ: Եթե նրանք այս ամենն ընդունում են իբրեւ ճանապարհային քարտեզ, եւ եթե այս ամենի ուղղությամբ իրո՛ք կատարվեն դրական քայլեր՝ կարող եմ միայն ողջունել":
Մինչդեռ Տիգրան Թորոսյանը, արձագանքելով "Ազատություն" ռ/կ-ի հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւը (հիշեցնենք դրա մի դրույթը. "Կարեւոր է, որ առաջիկա ընտրությունները վերջապես անցնեն ազատ ու արդար ընտրությունների եվրոպական չափանիշներով".- Ա. Ի.) նախազգուշացնող դեղին քա՞րտ չէ Հայաստանին՝ ասել էր. "Եկեք մազոխիզմով չտառապենք. ոչ թե ձեւակերպումների հետեւում ինչ-որ վատ բաներ որոնենք, այլ մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները, եռանդն ուղղենք նրան, որ ընտրություններն իսկապես լինեն անհրաժեշտ մակարդակի": Շավարշ Քոչարյանը մեր հարցին, թե իրո՞ք բանաձեւի զգուշացումները "դեղին քարտ" համարելը մազոխիզմ է՝ պատասխանեց. "Իմիտացիայով անհնարին է շարունակել մնալ Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ: Ի վերջո, օտարերկրացիներին չէ, որ պետք է այս ամենը, եւ նրանք պետք է "դեղին քարտ" ցույց տան, որ մենք հասկանանք: Մեզ ոչ ոք չի խնդրել, որ ԵԽ անդամ դառնանք: Մեզ ոչ ոք զոռով չի պահելու այդ կառույցում, եւ ինքներս պիտի գիտակցենք՝ եթե դա մեզ պետք է մեր պետական ու ազգային շահերի համար, ապա հարկ է փոխել մտածելակերպը ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ որպես հետեւանք՝ նաեւ մեր հարաբերություններում Եվրոպայի հետ":
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ | | |
|
|
|