www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

«ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԵԽԽՎ 1416 ԲԱՆԱՁԵՎԻՆ»


"www.A1plus.am", 21 Հունվար 2007

Հունվարի 23-ին ԵԽԽՎ-ում մամուլի համար փակ դռների հետեւում ԼՂ հիմնախնդրի քննարկումը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանը համարում է կարեւոր, սակայն միաժամանակ խորհուրդ տալիս չգերագնահել այն. «Այդ քննարկումը կարեւոր է այնքանով, որ ընթանալու է երկու կարեւոր իրադարձություններից հետո: Առաջինը՝ բոլորը հասկացան, որ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ նախորդ տարվա լավատեսությունը հիմնավոր չէր եւ ԼՂ հիմնախնդրի բանակցությունները մտել են փակուղի: Երկրորդ կարեւոր իրադարձությունը՝ ԼՂՀ-ում Սահմանադրության ընդունումն է՝ հենց դեկտեմբերի 10-ին. ԼՂՀ բնակչության ինքնորոշման հանրաքվեից ուղիղ 10 տարի հետո: Սահմանադրության ընդունումը ԼՂ ժողովրդի ազատ ապրելու ձգտման վերահաստատումն էր»:

Պարոն Քոչարյանի կարծիքով, այս երկու իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ ԵԽԽՎ-ում սպասվող քննարկումների վրա: Այդ մասին են վկայում Ադրբեջանի պատվիրակության վերջին քայլերը. «Ադրբեջանական պատվիրակությունն արդեն հարցում է կատարել ԵԽԽՎ նախարարների կոմիտեին եւ փորձում է ԵԽԽՎ-ի ուշադրությունը շեղել ԼՂՀ Սահմանդրության ընդունումից: Եթե այսօր իրար կողքի դրվեն ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմանդրությունները, ապա ակնհայտ է, որ ԼՂՀ Սահմանադրությունը միանշանակ ժողովրդավարական է, իսկ Ադրբեջանինը՝ բռնապետական: Եվ դա այն դեպքում, երբ Ղարաբաղը միջազգային հանրությունից որեւէ օգնություն չի ստանում երկրում բարեփոխումներ իրականացնելու համար»:

Շավարշ Քոչարյանը ցավում է, որ փակ քննարկումը տեղի է ունենալու 2005 թ-ին ԵԽԽՎ-ում ընդունած 1416 բանաձեւի շրջանակներում, որտեղ տեղ է գտել հետեւյալ ձեւակերպումը. «Ադրբեջանի տարածքի զգալի հատվածները դեռեւս գրավված են հայկական ուժերի կողմից, եւ անջատողական ուժերը դեռեւս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»։ Ինչ վերաբերում է նույն բանաձեւում տեղ գտած ԵԽԽՎ-ի այն կոչին, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է վերջ տա ռազմատենչ հայտարարություններին եւ առանց նախապայմանների շփումներ հաստատի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի երկու համայնքների քաղաքական ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանի ապագա կարգավիճակի առնչությամբ, ապա պարոն Քոչարյանն ասաց. «Ժամանակագրական առումով ԵԽԽՎ-ի 1416 բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանը ավելի սաստկացրեց ռազմատենչ հայտարարությունները: Ես անմիջապես հարցում ուղարկեցի ԵԽ նախարարների կոմիտե՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի նախագահի, Պաշտպանության նախարարի մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին: Ըստ էության, 1416 բանաձեւն Ադրբեջանը ընկալեց իբրեւ քարտ-բլանշ, իսկ այդ քաղաքականությունը հակասում է փաստաթղթի բովանդակությանը»: Շավարշ Քոչարյանը վստահ է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը հասկանում են նաեւ ԵԽԽՎ ղեկավարները եւ այն իր ազդեցությունը կունենա նաեւ հունվարի 23-ի փակ քննարկման ընթացքում: