|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԻՍՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ |
"www.A1plus.am", 22 Հունվար 2007
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին, որտեղ լսվելու է նաեւ Հայաստանի վերաբերյալ զեկույցը, կմասնակցի նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանը: Վերջինս հրավեր է ստացել ԵԽԽՎ Լիբերալ-դեմոկրատների դաշինքից, որին անդամակցել է վերջին տարիների ընթացքում: 2007թ-ի խորհրդարանի ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ցանկանում է գնահատական ստանալ նաեւ պարոն Քոչարյանից:
Ի տարբերություն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի՝ Շավարշ Քոչարյանը Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը «աննախադեպ դրական չի գնահատում»: Նա չի կիսում նաեւ ադրբեջանական մամուլի այն հրապարակումները, թե. «Հայաստանը չի կատարել իր պարտավորությունների մեծ մասը»:
«Ամեն մեկն ասում է այն, ինչն իրեն ցանկալի է: Ես կարծում եմ, որ զեկույցը, ինչպես նաեւ հարակից փաստաթուղթը՝ բավականին օբյեկտիվ Է: Այնտեղ արձանագրված է եւ առաջընթացը, եւ բացթողումները. օրինակ՝ «Ա1+»-ի խնդիրը, որը խիստ կարեւոր է առաջիկա ընտրությունների համար: ՀՀ իշխանությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն զեկույցի այն հատվածի վրա, որտեղ Մոնիտորինգի հանձնաժողովը նշել է, որ Հայաստանի նկատմամբ ԵԽ-ի վերաբերմունքը պայմանավորված է առաջիկա ընտրություններով»,- ընդգծեց պարոն Քոչարյանը: Նա գտնում է, որ 2007թ-ի խորհրդարանի ընտրությունները եվրոպական չափանիշներին մոտ անցկացնելու դեպքում Հայաստանը կարող է հաջողություններ արձանագրել մի շարք հարցերում, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման խնդրում: Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում պարոն Քոչարյանին չի բավարարում ընտրական օրենսդրության հատվածը. «Լավ կլիներ, որ նշվեր ընտրական հանձնաժողովների մասին դրույթը: Չգիտես ինչու, ընտրական հանձնաժողովների հավասարակշռված կազմի դրույթը ԵԽ-ն միշտ դնում է Վրաստանի եւ Ադրբեջանի առջեւ, սակայն ոչ՝ Հայաստանի: Այդ պահանջը առաջ քաշելը մեր ընդդիմության գործն էր»:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը պարոն Քոչարյանը կարեւորում է նաեւ այն հանգամանքով, որ նախորդ զեկույցից հետո Հայաստանին բավականին երկար ժամանակ տրվեց. «ԵԽԽՎ-ն սպասում էր, թե սահմանադրական փոփոխությունների դրական ներուժը որքանով կարտահայտվի ընդունվելիք օրենքներում: Օրենսդրության հարցում մենք իսկապես դրական առաջընթաց ենք արձանագրել»: Որպես վառ օրինակ՝ Շավարշ Քոչարյանն առանձնացրեց «ՍԴ-ի մասին» օրենքը:
«Իհարկե, օրենսդրական դաշտում կան նաեւ մեծ բացթողումներ: Օրինակ՝ հեռահաղորդակցությայն ոլորտը մինչ օրս կարգավորված չէ եւ ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա : Շավարշ Քոչարյանը դժվարացավ կիսել Տիգրան Թորոսյանի լավատեսությունը՝ բացատրելով. «Արդեն 6 տարի է մենք ԵԽ անդամ ենք, սակայն չենք համապատասխանում եվրոպական չափանիշներին: Իհարկե, կարելի է անընդհատ համեմատվել Ադրբեջանի հետ եւ ասել, որ մեր վիճակն ավելի լավ է, սակայն ես չեմ կարծում, որ մեզ պետք է մխիթարենք Ադրբեջանից ավելի լավ վիճակում գտնվելով»:
| | |
|
|
|