www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

«ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ ՀԱՍՑՆԵԼՆ Է»


"www.A1plus.am", 24 Հունվար 2007

«Եւ այս Ընտրական օրենսգիրքը, եւ նախորդը թույլ են տալիս, որպեսզի ՀՀ-ում տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ: Մեր երկրում գնալով կատարելագործվում է ԸՕ-ն, սակայն ընտրությունների որակն ավելի է վատանում: ԸՕ-ն միշտ արդարացման միջոց է՝ ընտրությունները կեղծելուց հետո»,- գտնում է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարայնը: Կարեւորելով ԸՕ-ի փոփոխությունները, «Ա1+» -ի հետ հարցազրույցում պարոն Քոչարյանը 2007 թ-ի խորհրդարանի ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը չկապեց ԸՕ-ում տեղի ունեցած փոփոխությունների հետ.

- Բավական է հիշել, որ ՀՀ-ում ամենաազատ եւ արդար ընտրությունները տեղի են ունեցել 1990 թ-ին՝ ամենավատ Խորհրդային ԸՕ-ով: ԸՕ-ի փոփոխությունները կարեւոր են այնքանով, որ դրանք հստակ ցույց են տալիս, թե իշխանությունները իսկապես ձգտում են արդարությա՞ն, թե՞ ոչ, ու՞ր են գնում:

- Եւ ու՞ր են գնում իշխանությունները:

- Մենք չենք տեսնում արդար ընտրություններ անցկացնելու միտում: Ընտրական հանձնաժողովների կազմը հավասարակշռված չէ: Հանձնաժողովների ղեկավար կազմը՝ նախագահ, տեղակալ, քարտուղար, կրկին իշխանության մենաշնորհն է: Կեղծիքները բացառելու համար մի շարք երկրներում քվեարկած քաղաքացու անձնագրի մեջ փոքրիկ կնիք են դնում, մեզ մոտ մերժեցին այդ առաջարկությունը: Այսինքն՝ իշխանությունները չունեն քաղաքական կամք՝ ազատ ընտրություններ անցկացնելու համար: Լուրջ բացասական հանգամանք է նաեւ այն, որ վերջին պահին ԸՕ-ում փոփոխություն մտցրին, որ ընտրական հանձնաժողովն առանց քվորումի կարող է որոշում կայացնել: Այսինքն՝ երկու հոգի կարող են նստել եւ որոշում կայացնել:

- Ձեր կարծիքով դրական փոփոխություններ տեղի չե՞ն ունեցել ԸՕ-ում:

- Դրական փոփոխություն է բողոքարկման կարգի հստակեցումը, վստահված անձանց դիտորդների իրավունքների ընդլայնումը: ԱԺԿ-ն ուներ ԸՕ-ի իր նախագիծը, որն այդպես էլ այլընտրանքային չընդունվեց, սակայն մենք նաեւ փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ էինք ներկայացրել: Ցավոք, ԱԺ-ն խուսափեց քննարկել մեր նախագիծը:

- ԱԺ իշխանամետ ուժերը հաճախ ասում են, որ ընդդիմությունը ժամանակին առաջարկներ չի ներկայացնում, հետո դժգոհում է:

- ԱԺԿ-ի նախագիծը շատ ավելի շուտ էր ներկայացվել քան միացյալ ԸՕ-ի նախագիծը: Մենք ոչ միայն նախագիծ ունեինք, այլեւ ՍԴ-ում բողոքարկեցինք Ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը, մասնավորապես դատավորների ընդգրկումը, եւ հաղթեցինք: Դրանից անմիջապես հետո մենք ներկայացրինք մեր առաջարկները:

- Այսօր կան պատգամավորներ, որոնք այն կարծիքին են, որ ԱԺ-ն չպետք է զբաղվի օրենքներ գրելով եւ պետք է հաստատի կառավարության ներկայացրած նախագծերը: Ես մեջ բերում կատարեցի՝ առանց չարախնդության: Նման ԱԺ-ից հնարավո՞ր է լուրջ ակնկալիքներ ունենալ:

- Դա ընդհամենը խոսում է մեր ԱԺ-ի որակի մասին: Եթե 2007 թ-ին էլ մենք ունենանք նման խորհրդարան, ապա ՀՀ-ի ապագան վտանգված է մի շարք պատճառներով. առաջին՝ Ադրբեջանն այսօր բացահայտ պատրաստվում է պատերազմի: Պատահական չէ, որ Ադրբեջանը ՊՆ փոխնախարար է նշանակում թուրք գեներալի: Դա նշանակում է, որ պատրաստվում է իրապես նվազեցնել ՊՆ ոլորտին տրամադրված փողերի մսխումը: Ադրբեջանը օրեցօր հզորանում է նավթի հաշվին: Մենք դրան կարող ենք հակադրել միայն որակական տնտեսական աճ: Հայաստանի առաջ ծառացած երկրորդ խնդիրը իրական ժողովրդավարության հաստատումն է: Երրորդը՝ մեր բնապահպանության վիճակն է: Եթե մենք չունենք նավթ, ապա ունենք մաքուր ջուր: Մաքուր ջուրը գնալով նավթից թանկ է լինելու, եւ այսօր որեւէ քայլ չանել Սեւանը պահպանելու համար հանցագործություն է: Բացի այս խնդիրներից այսօր մենք լուրջ բարդությունների առաջ ենք կանգնել նաեւ ԼՂ հարցում: Գնալով ամրապնդվում է Ադրբեջանի այն տեսակետը, որ ԼՂ հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ է, եւ հետեւաբար Հայաստանը օկուպանտ է: Ցավոք, այս տեսակետի կողմնակիցների թիվը տարբեր միջազգային կառույցներում ավելանում է ժամանակի ընթացքում: Առաջիկա խորհրդարանում պետք է տեղ գտնեն մարդիկ, ովքեր իսկապես հասկանում են այս խնդիրների լրջությունը:

- ԱԺԿ-ն կմասնակցի՞ 2007 թ-ի խորհրդարանի ընտրություններին:

- Այո, մասնակցելու ենք եւ մասնակցելու ենք մեր ցուցակով: Ասեմ, որ դա շատ պատկառելի եւ ժողովրդի կողմից ընդունելի ցուցակ է:

- Եվ ովքե՞ր են այդ ցուցակում: Նրանք բոլորը ԱԺԿ անդամներ ե՞ն:

- Մեր ցուցակում տեղ են գտել բարձրորակ մասանգետներ:

- Մասնագետները ինչպե՞ս են պայքարելու տուկի թել բաժանելու, կանանց գինեկոլոգիական ծառայությունների մատուցման մրցավազքում:

- Ժողովրդին պետք է հնարավորություն տալ ընտրել իշխանական լծակի, փողի եւ գաղափարի միջեւ: Մենք համոզված ենք, որ բնակչության զգալի հատվածը կընտրի գաղափարը:

- Ժողովուրդը վերջին տարիներին մի քանի անգամ ընտրեց գաղափարը եւ հասակացավ, որ իր ձայնին տեր կանգնող չկա:

- Այսօր ամենամեծ խնդիրը ժողովրդին ընտրատարածք հասցնելն է: Իրականում ՀՀ-ում ընտրողների կեսից ավելին չի մասնակցում ընտրություններին, եւ այն թվերը, որ հրապարակում են, չեն համապատասխանում իրականությանը: Ընտրողների գիտակից հատվածը չի գնում ընտրությունների, մենք աշխպատելու ենք, որպեսզի հենց այդ հատվածը այլընտրանք տեսնի՝ մեր ծրագրերում եւ մեր ցուցակում ընդգրկված անհատների մեջ:


Զրույցը վարեց Վիկտորյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ