www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԿԱ՛Մ ԱՆՁՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱ՛Մ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ


"Հայոց աշխարհ", 31 Հունվար 2007

Եվրոպացիները գնահատում են իսկական ժողովրդավարներին, եւ, չնայած պատգամավոր ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ «Արդարություն» խմբակցության կամոք զրկվել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունից, վեհաժողովը ԱԺԿ նախագահին հրավիրել էր Ստրասբուրգ՝ ներկայացնելու իր տեսակետները ընտրություններից առաջ երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրավիճակի վերաբերյալ։

Ստրասբուրգյան այցի ընթացքում՝ ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հանդիպումներում արծարծված հարցերի առանցքը, ինչպես երեկ այս առիթով հրավիրված ասուլիսում արձանագրեց ԱԺԿ նախագահը, եղել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների խնդիրը, ինչից միանշանակ հետեւում է, որ «այս ընտրությունները Հայաստանի համար ոչ թե հերթական են, այլ կարող են բեկումնային լինել»։
Ինչո՞ւ։ Որովհետեւ մեր երկիրը, Եվրախորհրդին անդամագրվելով՝ իր պետական, իրավական եւ քաղաքական համակարգը ժողովրդավարական պետությանը ներկայացվող չափանիշներին համապատասխանեցնելու պարտավորություն է ստանձնել, իսկ ժողովրդավարության սրբության սրբոցը ընտրություններն են։ Այս առումով՝ «մեր նման երկրների համար բոլոր ընտրությունները կարեւոր են», բայց ա՛յս ընտրությունները, Շ.Քոչարյանի համոզմամբ, առանձնահատուկ նշանակություն ունեն, քանզի սույն պատմական հանգրվանում երկիրը կանգնած է ճակատագրական ընտրության՝ «կա՛մ-կամ»-ի առջեւ։

Միջազգային «Freedom house» կազմակերպության զեկույցներին հետահայաց անդրադառնալով՝ ԱԺԿ նախագահը բացահայտել է, որ «Հայաստանը տարիներ շարունակ գնում էր դեպի ավտորիտար անձնիշխանական համակարգ։ Վերջին երկու տարում այդ գործընթացը կանգնեցվել է։ Նույնիսկ կա որոշակի չնչին բարելավում՝ հիմնականում կապված սահմանադրական բարեփոխումների հետ»։ Այսինքն՝ դեպի «ավտորիտարիզմ» շարունակական անկումը վերջապես «կանգ է առել», հիմա, խորհրդարանական ընտրությունների եւ ապագա խորհրդարանի որակից է կախված՝ «Հայաստանը կգնա՞ դեպի իրավական, ժողովրդավարական պետություն, թե՞ նորից կիշխի հին իներցիան, եւ մենք կգնանք անձնիշխանական համակարգի ամրապնդման ճանապարհով»։

Շ.Քոչարյանի գնահատմամբ՝ «անկախությունից հետո առաջին անգամ մեզ հնարավորություն է ընձեռվել իշխանության կենտրոնը անձից, այսինքն՝ նախագահից, տեղափոխել դեպի քաղաքական մարմին, այսինքն՝ խորհրդարան։ Ցանկացած մասնագետի համար պարզից պարզ է, որ հակառակ դեպքում անձնիշխանական համակարգի ապամոնտաժման եւ առաջընթացի մասին խոսելն ուղղակի անիմաստ է»։

Կկարողանա՞նք արժանապատվությամբ դուրս գալ սույն ճակատագրական երկընտրանքից, եւ համակարգային փոփոխությունները, որոնց մասին հայրենի կուսակցություններն անընդհատ խոսում են, վերջապես միս ու արյուն կստանա՞ն, թե՞ ոչ, ըստ այդմ էլ կորոշվի՝ ի զորո՞ւ ենք, թե՞ անկարող՝ «չեզոքացնելու այն վտանգները, որոնք կանգնած են մեր առջեւ»։

Որո՞նք են այդ վտանգները՝ ըստ Շ.Քոչարյանի։ Առաջին հերթին՝ «դա պատերազմի սպառնալիքն է Ադրբեջանի կողմից։ Միայն ժողովրդավարական իրավական երկիրը կարող է ապահովել մրցունակ տնտեսություն», այդպիսով՝ հակակշռել ադրբեջանական նավթի գործոնը եւ նախադրյալներ ստեղծել նավթադոլարների հաշվին փութաջանորեն սպառազինվող ադրբեջանական բանակին դիմակայելու ունակ ժամանակակից հզոր բանակ ունենալու համար. «Այսօր մենք դեռեւս առջեւում ենք, բայց այդ մարտահրավերը կա, եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք»։

Հաջորդ հիմնական մարտահրավերը Հայաստանին պարտադրված տարածաշրջանային մեկուսացման օղակը ճեղքելն է։ Եւ, որ ոչ պակաս կարեւոր է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը «պետք է հիմնված լինի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման վրա»։ Այս հիմնարար խնդիրները հաջողությամբ լուծելու գլխավոր խաղաքարտը եւ գրավականը, բանախոսի համոզմամբ, Հայաստանի լիարժեք եվրաինտեգրացումն է եւ իրավական, ժողովրդավարական պետության կայացումը (անգամ՝ ի հեճուկս եվրոպական հայտնի երկակի ստանդարտների.-Լ.Պ.)։

Պարզվեց նաեւ, որ պատգամավորը լորդ Ռ.Ջոնսթոնի ուշադրությունը հրավիրել է այն արտառոց փաստի վրա, որ Ղարաբաղի հարցով հանձնաժողովի նախագահի կարգավիճակում վերջինս ոչ մի անգամ չի եղել Ղարաբաղում։ Անգլիացի լորդն ընդունել է իր թերացումը՝ սույնը պատճառաբանելով ժամանակի սղությամբ, այն դեպքում, երբ ընդգծված շահագրգռվածություն է դրսեւորել Կոսովոյի հարցում՝ դառնալով Սերբական այդ ինքնավարության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առաջամարտիկներից մեկը։ Ըստ Շ.Քոչարյանի՝ Ջոնսթոնը խոստացել է այդ բացը լրացնել եւ այս տարվա առաջին կիսամյակում այցելել Ստեփանակերտ։


ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ