|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ |
www.Lragir.am, 30 Հունվար 2007
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրերին եղել է ԵԽԽՎ-ում լիբերալների այլանս խմբակցության հրավերով ու բազմաթիվ հանդիպումներ ունեցել ու խոսել տարբեր թեմաների, այդ թվում եւ` Ղարաբաղի մասին: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շավարշ Քոչարյանը որոշ մանրամասներ հաղորդեց իր հանդիպումներից:
Նախ ասաց, որ ինքը եվրոպացի պատգամավորներին է տվել Լեռնային Ղարաբաղի սահմանադրության անգլերեն տարբերակը, եւ մի տեղեկատվական գրքույկ Ղարաբաղի մասին` սկսած պատմությունից, մինչեւ այսօրվա զարգացումները: Շավարշ Քոչարյանը կարծում է, որ ԼՂՀ սահմանադրությունը շատ մոտ է եվրոպական չափանիշներին: Հավանաբար սա է պատճառը, որ Ադրբեջանն էլ ձգտում է Եվրոպայի ուշադրությունը շեղել այս փաստաթղթից: Սրա դեմն առնելու համար Շավարշ Քոչարյանը եվրոպացիներին ասել է, որ “չի կարելի ժողովրդավարական գործընթացը դարձնել պատանդ քաղաքական նպատակների եւ ճնշումների: Չէ որ Եվրոպայի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ Եվրոպայում եւ հարակից տարածքներում տեղի ունենան ժողովրդավարական գործընթացներ: Դա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում եւ, ի դեպ, տեղի է ունենում առանց որեւէ դրսի ճնշման, պարտադրանքի, ֆինանսական լծակների եւ գրանտների: Միթե կարելի է անընդհատ խոսել, թե այս երկրում պետք չէ ընտրություններ եւ իրավական բարեփոխումներ անցկացնել: Ի՞նչ եք ցանկանում, Չեչնիայի պես դաշտային հրամանատարների երկի՞ր”: Եվրոպացիները բնականաբար ասել են, որ բարեփոխումներին դեմ չեն, ուրեմն` “այս ուղղությամբ լուրջ աշխատանք ունենք անելու”:
Շավարշ Քոչարյանը լորդ Ռասել Ջոնսթոնին է փոխանցել ղարաբաղցիների տարակուսանքը. մի տարի է կա Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողով, որի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը դեռ Ղարաբաղի չի այցելել: Նաեւ իր տարակուսանք է հավելել. Կոսովոյի հարցում լորդը առաջամարտիկներից էր, իսկ Ղարաբաղի հարցում ինչ-որ անորոշություն կա: Ի դեպ, Շավարշ Քոչարյանը համոզված է, որ կային հիմքեր, որ Ղարաբաղը առաջ անցնի Կոսովոյից: Իսկ Լորդ Ռասել Ջոնսթոնը խոստացել է մինչեւ 2007-ի ամառ լինել Ղարաբաղում:
| | |
|
|
|