|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԵԹԵ ԿԱՄՔ ՉԼԻՆԻ, ԿՄՆԱ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ |
www.Lragir.am, 30 Հունվար 2007
Հունվարի 30-ին նախընտրական Հայաստան եւ Հայաստանի եվրոպական պարտավորություններ թեմայով իր ասուլիսում Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում են: Բանախոսը այս եզրակացությանն է եկել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի մոնիտորինգի հանձնաժողովի, Ագոյի խմբի, բյուրոյի անդամների, ամենամեծ խմբակցությունների եւ այլ հանդիպումներից հետո: Շավարշ Քոչարյանը կարծում է նաեւ, որ այդ ընտրությունները բեկումնային կարող են լինել. անկախությունից հետո առաջին անգամ կա հնարավորություն իշխանության կենտրոնը անձից` նախագահից տեղափոխել քաղաքական մարմնի` խորհրդարանի վրա: Շավարշ Քոչարյանը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններն են իրավիճակը պարզելու, նախագահական ընտրությունները ածանցյալ են լինելու` «ցավոք, սա չեն գիտակցում հասարակությունն ու քաղաքական ուժերի մի մասը»:
Շավարշ Քոչարյանը, հիշեցնելով Freedom House միջազգային կազմակերպության գնահատականը, թե Հայաստանը գնում է դեպի անձիշխանական համակարգ, առայժմ կիսակայացած անձիշխանական համակարգ է Հայաստանում, նկատում է, որ խորհրդարանի ընտրության որակը կարող է լուծել եւ իրավական ժողովրդավարական պետություն կառուցելու, եւ ԱԺ որակի խնդիրները: «Առանց իրավական ժողովրդավարական պետության անիմաստ է խոսել առաջընացի մասին», համոզված է Շավարշ Քոչարյանը: Նրա կարծիքով, հենց իրավական պետության պայմաններում կարող ենք խոսել նաեւ հզոր տնտեսության մասին, մի բան, որ պիտի հակադրենք Ադրբեջանի նավթադոլարներին: Ի դեպ, բանախոսը կարծում է, որ եթե մենք դեռ շանս ունենք լավ ընտրություն անել ու անձիշխանություն, թե ժողովրդավարություն ընտրությունը կատարենք հօգուտ ժողովրդավարության, ապա Ադրբեջանը վաղ թե ուշ դառնալու է անձիշխանություն: Առավել եւս, որ դեպի անձիշխանություն գնալու մեր ընթացքը կանգնել է, Ադրբեջանի ընթացքը օր օրի թափ է հավաքում:
Որակյալ ընտրությունների միջոցով իրավական պետություն կառուցելու ճանապարհն ընտրելով` մենք կկարողանանք դիմագրավել այսօրվա սպառնալիքները` դուրս կգանք տարածաշրջանային մեկուսացումից, կլուծվի Ղարաբաղի հարցը, Հայաստանի ժողովրդագրական վիճակի խնդիրը: Դե, իսկ եթե իշանությունները կամք չունենան եւ արդար ընտրություններ չանեն, ընդդիմությանը մնում է թավշյա հեղափոխությունը: Ընդդիմությունն էլ, ըստ Շավարշ Քոչարյանի, կհաջողի, եթե միավորվի:
| | |
|
|
|