www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՄԵԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ


"Հայոց աշխարհ", 17 Փետրվար 2007

ԱԺԿ-ի փետրվարի 25-ին տեղի ունենալիք համագումարից հետո հայտնի կլինի, թե կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը կառաջադրվի՞ մեծամասնական ընտրակարգով, թե՞ ոչ:
Երեկ հրավիրված ասուլիսում Շ.Քոչարյանը նշեց, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով, եթե իհարկե կուսակցության քաղաքական վարչությունն այլ որոշում չընդունի:
ԱԺԿ-ն արդեն հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ առանց դաշինքի: Իսկ արդյոք կհաջողվի՞ ԱԺԿ-ին միայնակ հաղթահարել հինգ տոկոսանոց արգելքը եւ մտնել խորհրդարան հարցին ի պատասխան՝ Շ.Քոչարյանը վստահեցրեց. “Այն քաղաքական ուժը, որ մասնակցում է խորհրդարանական ընտրությունների եւ նպատակադրված է հաղթահարելու միայն հինգ տոկոսանոց շեմը՝ դատապարտված է պարտության: Հարկավոր է ավելի մեծ նպատակների ձգտել”:

Ի դեպ, Շավարշ Քոչարյանին զարմացրել է Եվրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնախմբի Հայաստանին վերաբերող զեկույցում ՀՀ սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերին պարզեցված կարգով քաղաքացիություն տալը որպես ազգային խտրականության դրսեւորում դիտարկելը:
“Զարմանալի է նման եզրակացությունը, քանի որ սա միջազգային նորմ է: Քաղաքացիության մի քանի սկզբունքներ կան, որոնց հիման վրա այն ձեռք են բերում պարզեցված կարգով: ԱՄՆ-ում ծնվածը միանգամից դառնում է այդ երկրի քաղաքացի, պարզեցված կարգով Իսրայելի, Հունաստանի, Գերմանիայի քաղաքացի են դառնում հրեան, հույնը, գերմանացին: Իսկ անհունդուրժողականություն չէ՞, որ ԱՄՆ նախագահ կարող է դառնալ միայն այդ երկրում ծնված մարդը”,- միանգամայն իրավացիորեն հարցնում է նա։
Ըստ Շ.Քոչարյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը հետապնդող միջազգային կազմակերպությունները “շատ անգամ ծայրահեղությունների գիրկն են ընկնում”: