|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / Դիմում` ուղղված ՀՀ Սահմանադրական Դատարան ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի վերաբերյալ`
ԱԺԿ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԴԻՄՈՒՄ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ |
 ԴԻՄՈՂՆԵՐ` Ազգային ժողովի պատգամավորներ`
Շավարշ Քոչարյան, ը.տ. 097
Գրիգոր Հարությունյան, 095
Ստեփան Զաքարյան, 098
Վարդան Մկրտչյան, 104
Արամ Գասպարի Սարգսյան, 101
Էդմոնդ Ծատուրյան, 105
Մանուկ Գասպարյան, 004
Էմմա Խուդաբաշյան, 100
Կորյուն Առաքելյան, 120
Ալեքսան Կարապետյան, 118
Գագիկ Կոստանդյան, 123
Աղասի Արշակյան, 125
Արտաշես Գեղամյան, 117
Արշակ Սադոյան, 099
Հմայակ Հովհաննիսյան, 119
Ստեփան Դեմիրճյան, 092
Հրանտ Խաչատրյան, 102
Սամվել Թումանյան, 129
Հեղինե Բիշարյան, 090
Մհեր Շահգելդյան, 087
Հովհաննես Մարգարյան, 091
Գագիկ Ավետյան, 089
Ալբերտ Բազեյան, 096
Արամ Զավենի Սարգսյան, 093
Սմբատ Այվազյան, 010
Վազգեն Մանուկյան, 094
Հարություն Մուրադյան, 122
Ներկայացուցիչներ`
1. Ի.գ.թ. Հրայր Թովմասյան
2. Շավարշ Քոչարյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ. ՀՀ Ազգային Ժողով
(նստավայրի հասցե` ք.Երևան, Մ.Բաղրամյան 19)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍՐՔԻ 35 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 3)-րդ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԸ, 4)-րդ ԵՆԹԱԿԵՏԸ, 36 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վեճի բնույթը և սահմանադրական դատարան դիմելու իրավունքը
Դիմումը ներկայացվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 3) –րդ ենթակետի երկրորդ նախադասությունում ամրագրված դրույթըը, 4)-րդ ենթակետը, 36 հոդվածի առաջին կետը ՀՀ Սահմանադրության 5, 19 և 98 հոդվածի համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սույն Դիմումը ներկայացվում է ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1 ին կետով, 101 հոդվածի առաջին մասի 3)-րդ կետով, և "Սահմանադրական դատարանի մասին" ՀՀ օրենքի 25 հոդվածով ամրագրված` իրավունքի հիման վրա:
Դիմումում արծարծվող հարցերն ունեն սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն, իսկ դիմումի ներկայացումը նպատակ է հետապնդում.
- վերացնել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության և իրականացման խոչընդոտները,
- ապահովել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի գործուն իրագործումը,
- ապահովել Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը
- ապահովել անաչառ դատական իշխանության գործունեությունը:
Դատավարության կողմերը
Դիմողը` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը:
Պատասխանողը` վիճարկվող ակտը` ՀՀ Ընտրական օրենսգիրքը ընդունող մարմինն է` ՀՀ Ազգային Ժողովը, որը ՀՀ Ընտրական օրենսգիրքը ընդունել է 05.02.1999 թ. ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 17.02. 1999թ. ուժի մեջ է մտել 28.02.1999 թ., ՀO-284, տպագրվել է ՀՀ Պաշտոնական տեղեկագրի 1999/2 (68), 18.02.1999թ. համարում:
Վիճարկվող դրույթների վերլուծությունը
Վիճարկվող ակտում անցած ժամանակահատվածում կատարվել են 5 փոփոխությունններ և լրացումներ
1. 19.03.1999 թ. ՀO-286 ՀՀ Պաշտոնական տեղեկագիր 1999/7 (73), 23.03.1999թ..
2. 13.10.1999թ. ՀՕ-2 ՀՀ Պաշտոնական տեղեկագիր 1999/26 (92), 19.10.1999 թ.
3. 05.04.2000թ. ՀՕ-47 ՀՀ Պաշտոնական տեղեկագիր 2000/8 (106), 28.04.2000 թ.
4. 03.07.2002թ. ՀՕ-406 ՀՀ Պաշտոնական տեղեկագիր 2002/30 (205), 02.08.2002թ.
5. 19.05.2005թ. ՀՕ-101-Ն ՀՀ Պաշտոնական տեղեկագիր 2005/36 (408), 10.06.2005թ.:
Վիճարկվող դրույթները Ընտրական օրենսգրքում տեղ են գտել 2005 թվականի մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 3-4-րդ ենթակետերի համաձայն.
3) գործող Ազգային ժողովի առաջին նստաշրջանի դրությամբ հայտարարված պատգամավորական խմբի որոշմամբ նշանակված մեկ անդամից: Uույն օրենքի ընդունմանը հաջորդող Ազգային ժողովի ընտրությունից հետո, ինչպես նաեւ Ազգային ժողովում գործող պատգամավորական խմբի լուծարման դեպքում սույն ենթակետով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու լիազորությունը անցնում է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին` Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից.
4) վճռաբեկ դատարանի նշանակած վճռաբեկ դատարանի մեկ դատավորից», իսկ 36-րդ հոդվածի 1- կետի համաձայն.
"1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով` մասնագիտական դասընթացներին մասնակցած եւ համապատասխան որակավորում ստացած անձանցից, բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վճռաբեկ դատարանի եւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նշանակած ներկայացուցիչների, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից":
Վիճարկվող դրույթները բովանդակային առումով բավականին պարզ են և միայն քերականական մեկնաբանությունը բավարար է, որպեսզի պարզ դառնա, որ ՀՀ-ում ձևավորվող եռաստիճան ընտրական հանձնաժողովներից առնվազն երկուսում` կենտրոնական ընտրական հանձնաժողովում և 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր ընդգրկված են մեկական դատավորներ, իսկ հաջորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո ընդգրկվելու են երկուական դատավորներ:
Վիճարկվող դրույթների Սահմանադրության 5-րդ հոդվածի առաջին մասին հակասելու հիմնավորումը
Իշխանությունների բաժանման սկզբունքը նախ և առաջ ենթադրում է պետական իշխանության իրականացում օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջոցով: Իշխանությունների տարանջատման տեսությունը, ըստ էության, բացառում է ֆունկցիոնալ առումով իշխանության ճյուղերից մեկին պատկանող լիազորությունների իրականացումը իշխանության մյուս ճյուղի, կամ նրա ներկայացուցիչների կողմից: Իշխանության բաժանման սկզբունքի այս տրամաբանությունը արտացոլված է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներում /62, 65, 85, 88, 98/: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը նախատեսում է, որ Օրենսդիր իշխանությունը իրականացվի Ազգային ժողովի կողմից, գործադիր իշխանությունը` կառավարության, իսկ դատական իշխանությունը` դատարանների, ուստի ՀՀ Սահմանադրության սիստեմատիկ մեկնաբանությունից բխում է, որ այս լիազորությունները չեն կարող իրականացվել ինչպես այլ կազմակերպության կողմից, այնպես էլ իշխանության այլ ճյուղի կողմից:
Վիճարկվող դրույթներով դատական իշխանությունը ստանում է վերջինիս ոչ բնորոշ լիազորություններ, այն է` մասնակցել ընտրությունների կազմակերպման աշխատանքներին, որը սահմանադրական հիմք չունի, դատական իշխանությանը բնորոշ լիազորություն չէ: Իշխանության տարբեր ճյուղերի համագործակցությունը բնավ էլ չի ենթադրում այս կամ այն իշխանության ճյուղի կողմից մյուս իշխանության ճյուղի լիազորությունների իրականացում, այլ ընդհակառակը` բացառում է դա: Վիճարկվող դրույթներով դատական իշխանության ներկայացուցիչները կոլեգիալ մարմնի կազմում իրականացնում են գործադիր իշխանությանը բնորոշ լիազորություն, այն է` ապահովում են ընտրական իրավունքի իրականացումը /ԸՕ, Հոդված 32/:
Հաշվի առնելով վերոշարադրյալը գտնում ենք, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 5-հոդվածին:
Վիճարկվող դրույթների` Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասին հակասելու հիմնավորումը
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն. "Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք", այդ իրավունքը մարդու իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի տրամաբանական շարունակությունն ու լրացումն է, առանց որի դատական պաշտպանության իրավունքը կիմաստազրկվի:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը դատավարական ու նյութական մի շարք երաշխիքների շարքում ամրագրում է նաև յուրաքանչյուր անձի իրավունքը, որպեսզի իր գործը քննվի անկողմնակալ դատարանի կողմից: Կողմնակալ դատարանը արդարադատություն չի կարող իրականացնել:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների շարքում կարևոր տեղ է գրավում ընտրական իրավունքը /հոդված 30, 50. 64/: ՀՀ Ընտրական օրենսգրքի 32. հոդվածի առաջին կետի համաձայն. "Ընտրական հանձնաժողովներն ապահովում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը": Բնականաբար ընտրական իրավունքի իրականացման ընթացքում ծագած վեճերը ևս ենթական են դատարանում վիճարկման:
Արդյունքում ստացվում է, որ եթե քաղաքացին դատարանում բողոքարկում է կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ակտերը, ապա բողոքը քննում է այն իշխանությունը, որի ներկայացուցիչները մասնակցել են բողոքարկվող ակտի ընդունմանը: Նման պարագայում, երբ վեճը քննում է ոչ թե մյուս իշխանություններից անկախ դատական իշխանությունը, այլ հենց այն իշխանությունը, որը մասնակցություն է ունեցել վիճարկվող ակտի ընդունմանը, ապա վերջինս անկողմնակալ չի կարող լինել, քանի որ վեճի կողմերից մեկը կազմված է նաև դատական իշխանության ներկայացուցիչներից: Դատարանը կարող է լինել անկախ, անկողմնակալ, եթե դուրս է վիճարկվող ակտը ընդունած մարմնից, չի մասնակցել այդ որոշման ընդունմանը, հետևաբար իր խնդիրը միայն արդարադատություն իրականացնելն է:
Տեսականորեն և գործնականում բացառված չէ նաև այն վիճակը, երբ Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում մեծամասնություն կկազմեն դատավոր անդամները /տես ԸՕ հոդված 35-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը/, այս պարագայում անկողմնակալ ու անկախ չլինելու հանգամանքը առավել արտահայտիչ է դառնում:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, գտնում ենք, որ վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին:
Վիճարկվող դրույթների Սահմանադրության 98-րդ հոդվածի առաջին մասին հակասելու հիմնավորումը
ՀՀ Սահմանադրության 98 հոդվածում ամրագրված է դատավորի իրավական կարգավիճակի բաղկացուցիչ մաս համարվող անհամատեղելիության սկզբունքը: Վերջինս դատավորի անկախության, միայն Սահմանադրությանն ու օրենքներին ենթարկվելու, և դատավորի անձեռնմխելիության սկզբունքի հետ միասին կազմում են դատավորի սահմանադրաիրավական կարգավիճակի բաղադրիչները:
Սահմանադրության 98 հոդվածի համաձայն.
"Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում /ընդգծումը մերն է/, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ":
Սահմանադրության 98 հոդվածից բխում է, որ դատավորը իր լիազորությունները իրականացնում է արհեստավարժության սկզբունքի հիման վրա` որպես հիմնական աշխատանք, որը անհամատեղելի է որևէ այլ հիմնական աշխատանքի, գործունեության հետ:
Դատավորների համար անհամատեղելիության նման խիստ պահանջները մի քանի նպատակ են հետապնդում: Նախևառաջ կոչված են ապահովել դատավորի ամբողջ ներուժի օգտագործումը դատավորի լիազորությունների իրականացման վրա, հակառակ պարագայում դատավորի գերզբաղվածությունը կամ այլ պաշտոններ զբաղեցնելը կարող է խոչընդոտ դառնալ դատական իշխանություն իրականացնելու համար: Անհամատեղելիության երկրորդ նպատակը դատավորների անկախության և անկողմնակալության ապահովումն է: Դատավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ որևէ այլ պաշտոն ունենալը դատավորին ուղղակիորեն կարող է կախվածության մեջ դնել ինչպես իր ձեռնարկատիրական գործունեությունից, այնպես էլ այն աշխատանքից, որը դատավորը կիրականացնի իր գործունեությանը զուգահեռ: Այդ պարագայում բացառված չեն նաև տարբեր տեսակի շահերի բախումները, որոնք օբյեկտիվորեն կասկածի տակ կդնեն դատավորի անկողմնակալությունն ու անկախությունը:
Եվ երրորդ նպատակը` դատական իշխանության բարձր հեղինակության ապահովումն ու պաշտպանությունն է: Դատավորի` իր լիազորությունների հետ չկապված տարբեր տեսակի աշխատանքների իրականացմամբ վերջինս կարող է հեղինակազրկել: Եթե հաշվի առնենք նաև նախորդ տարիների ընթացքում ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ հասարակության մեջ ձևավորված կարծիքը, ապա այդ վտանգը առավել քան շոշափելի է:
Վերը շարադրված նպատակներից ելնելով է նաև ամրագրված դատավորների ապաքաղաքականացվածության սկզբունքը:
Ինչ վերաբերվում է դատավորների ստեղծագործական, գիտական, մանկավարժական աշխատանքներով զբաղվելու հնարավորության ամրագրմանը, ապա այն պայմանավորված է երկու հանգամանքով` դատավորների գիտական ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությամբ և այդ գործունեության բնույթով` վերջինիս ազդեցությունը դատավորի անկախության և անկողմնակալության վրա չի կարող մեծ լինել և երկրորդ, պաշտոնաթողության դեպքում գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվելու ունակության պահպանման անհրաժեշտությամբ:
Դատավորի այլ գործունեությամբ զբաղվելու արգելքը ամրագրված է նաև Դատավորի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում, համաձայն որի.
"Դատավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Դատավորը չի կարող լինել պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման որեւէ ներկայացուցչական մարմնի անդամ:
Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ":
ՀՀ Սահմանադրությունն ու ընթացիկ օրենսդրությունը ուղղակիորեն չեն պատասխանում այն հարցին, թե որոնք են այն պաշտոնները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք կապված են դատավորի պարտականությունների հետ:
Եթե փորձենք հակիրճ սահմանել դատական իշխանության իրավասությունը, որի իրականացնողը դատավորն է, ապա այն արդարադատություն իրականացնելն է: Ուստի պարտականությունների հետ կապված պաշտոնները պետք է լինեն նրանք, որոնք ապահովում են, կապված են կամ առնվազն աջակցում են արդարադատության իրականացմանը: ՀՀ Սահմանադրության և ընթացիկ օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ նման պաշտոնները գործնականում այնքան էլ շատ չեն: Դրանցից առաջինը Սահմանադրության 94.1 հոդվածի համաձայն ստեղծված և գործող Արդարադատության խորհուրդն է, որի անդամներից 9-ը պետք է լինեն դատավորներ: Հաջորդը` դատարանների նախագահների խորհուրդն է, որը Դատարանակազմության մասին ՀՀ Օրենքի 26 հոդվածի համաձայն կազմված է վճռաբեկ դատարանի, նրա պալատների, վերաքննիչ դատարանների, տնտեսական դատարանի եւ առաջին ատյանի դատարանների նախագահներից:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում /տեղական ինքնակառավարման մարմինները երկուսն են` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար/ դատավորի պարտականությունների հետ կապված այլ պաշտոններ, ըստ էության, չկան:
Հիշատակված պաշտոնները ուղղակիորեն առնչվում են դատավորների գործունեությանը, նրանց պարտականությունների կատարմանը: Ավելին` հենց դատավորի պաշտոն զբաղեցնելու հանգամանքի ուժով են այդ անձինք ընդգրկվում այդ մարմիններում: Արդարադատության խորհուրդի պարագայում դժվար չէ նկատել, որ իրավաբան գիտնականներն են այս մարմնի այսպես կոչված լրացուցիչ անդամները, իսկ անդամների մեծ մասը դրանք դատավորներ են և երկրորդ արդարադատության խորհրդում այդ դատավորները ընդգրկված են հենց Սահմանադրության դրույթի ուժով: Արդարադատության խորհրդի լիազորությունների վերլուծությունից ուղղակիորեն բխում է , որ այս մարմինները առաջին հերթին կոչված են աջակցելու, նպաստելու արդարադատության իրականացմանը:
Վիճարկվող դրույթների համաձայն, ի տարբերություն Արդարադատության խորհրդի կամ դատարանների նախագահների խորհրդի, որոնք քվազի դատական լիազորություններով են օժտված և ուղղակիորեն առնչվում են դատական իշխանության գործունեությանը, դատավորները դառնում են գործադիր գործառույթներ իրականացնող հանձնաժողովի անդամներ:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն. "Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և անդամները աշխատում են մշտական հիմունքներով և իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված վճռաբեկ դատարանի դատավորները գործում են հասարակական հիմունքներով": Մի կողմ թողնելով պետական իշխանությունը հասարակական հիմունքներով իրականացնելու արգելքը, նշված դրույթի վերլուծությունից ստացվում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դատավոր անդամներն աշխատում են ոչ հասարակական հիմունքներով, այսինքն պետական մարմնում իրականացնում են իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն:
Արդյոք Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամի պաշտոնը կապված է դատավորի պարտականությունների հետ:
Դատավորի լիազորությունների և ընտրական հանձնաժողովների լիազորությունների վերլուծությունը վկայում են, որ վերջիններս ֆունկցիոնալ առումով միմյանց հետ կապված չեն: Դատական իշխանությունն` ի դեմս դատավորի, կոչված է իրականացնելու արդարադատություն, լուծելու վեճեր, որոնք ծագում են նաև ընտրական հանձնաժողովների և այլ սուբյեկտների միջև, իսկ ընտրական հաձնաժողովները, հաշվի առնելով վերջիններիս լիազորությունների առանձնահատկությունները, թեպետ չեն գտնվում կառավարության կազմում, այնուամենայնիվ իրականացնում են տիպիկ գործադիր գործառույթներ` այն է ապահովում են ընտրական օրենսդրության իրականացումը:
Արդյոք Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետական մարմիններ են:
Ընտրական հանձնաժողովների պետական մարմիններ լինելու հանգամանքը բխում է ՀՀ Սահմանադրության նորմերի սիստեմատիկ վերլուծությունից:
ՀՀ Սահմանադրության 30 հոդվածում ընտրելու իրավունքը սահմանված է որպես սուբյեկտիվ իրավունք. "Հայաստանի Հանրապետության` տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք":
Իրավական պետությունում սուբյեկտիվ իրավունքի իրականացման ապահովումը պետության պարտականությունն է, որը վերջինս իրականացնում է իր մարմինների միջոցով: Հետևաբար ընտրական իրավունքի իրականացման ապահովումը իրականացվում է պետական մարմնի կողմից, այս դեպքում ընտրական հանձնաժողովների համակարգի կողմից, ինչը և ամրագրված է Ընտրական օրենսգրքի 32 հոդվածում:
Հարցի պատասխանը զետեղված է նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի 41 հոդվածի առաջին մասում և 42 հոդվածի առաջին մասում, համաձայն որոնց համապատասխանաբար.
"1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է, որը գործում է մշտական հիմունքներով` իր ընդունած կանոնակարգի համաձայն":
"1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն, մշտական հիմունքներով գործող պետական մարմին է":
Արդյոք ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնը պետական պաշտոն է:
Հարցի պատասխանը ուղղակիորեն բխում է ընտրական հանձնաժողովների պետական մարմիններ լինելու հանգամանքից: Հարցի պատասխանը տալիս է նաև ՀՀ ընթացիկ օրենսդրությունը: "Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին" ՀՀ օրենքի /ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին/: 4-րդ հոդվածը սահմանում է ՀԿԸՀ-ի նախագահի պաշտոնային դրույքաչափը, իսկ հոդված 12-ում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափը, ինչից ուղղակիորեն բխում է վերջիններիս պետական պաշտոն լինելը:
Վերոշարադրյալից պարզ է, որ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետական մարմիններ են, որ հանձնաժողովի անդամը պետական պաշտոն և կապված չէ դատավորի պարտականությունների հետ:
Ուստի կարծում ենք, որ վիճարկվող դրույթները հակասում են նաև Սահմանադրության 98 հոդվածին:
ԴԻՄՈՒՄԻ ԽՆԴՐԱՆՔԸ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆԻՑ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 3) –րդ ենթակետի երկրորդ նախադասությունում ամրագրված դրույթը, 4-րդ ենթակետերը և 36 հոդվածի առաջին կետը:
կից ներկայացվում է
1. Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 19.05.2005թ.ՀՕ-101-Ն ՀՀ օրենքը:
2. Լիազորագիր
3. Լիազոր ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճանի վկայականի պատճեն:
Դիմողներ` 27 պատգամավոր
15.09.2006թ.
| | |
|
|
|