|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ՄԵՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ |
AZG Armenian Daily
www.azg.am, 27 Փետրվարի, 2007
Կիրակի կայացավ Շավարշ Քոչարյանի ղեկավարած Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) 7-րդ համագումարը, որը հաստատեց կուսակցության պառլամենտական թեկնածուների համամասնական ցուցակը: ԱԺԿ-ն ընտրությունների գնում է համամասնականով, առանց որեւէ կուսակցության հետ դաշինքի, ապավինելով սեփական վարկին ու նախախնամությանը: Հրաժարվելով որեւէ դաշինքից, կուսակցությունն, այնուամենայնիվ, հանդես է գալիս համագործակցության այլ տարբերակով` նրա թեկնածուները ոչ միայն կուսակցության անդամներն են, այլեւ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
ԱԺԿ համամասնական ցուցակում 72 թեկնածու կա, որից 20-ը կանայք են: “Մենք չենք մասնակցել եւ չենք մասնակցելու ժողովրդին փողերով կաշառելու եւ իշխանության լծակներն օգտագործելու մրցակցությանը` ոչ միայն այն պատճառով, որ դրանք չունենք, այլ համոզված ենք, որ դա արգելակում է մեր երկրի զարգացմանը”, նշված է համագումարի փաստաթղթերում:
Կուսակցության կարգախոսն է` գտիր երկրի զարգացմանը խոչընդոտող խորքային երեւույթների պատճառները: ԱԺԿ-ն ինքն իր կողմից նշում է դրանք. արտաքին ասպարեզում` պատերազմի սպառնալիք նավթային դոլարներով ոգեւորված Ադրբեջանի կողմից, Արցախի հարցում միջազգային հանրության գնալով ավելի մեծ հակվածություն ադրբեջանական այն տեսակետին, որ հակամարտության հիմքում տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իսկ ներքին վտանգը կեղծվող ընտրություններն են, ժողովրդավարության իմիտացիան, ստվերային տնտեսությունը, կոռուպցիան: Սակայն այդ վտանգների խորքային գնահատումներ ու դրանց կանխմանն ուղղված համակարգված ծրագրեր չկան: Ավելին, անարդարության դեմ պայքարում է անգրագիտությունը: “Ականատես ենք հիմնականում նախընտրական ակտիվության իմիտացիայի, այն է` պայքար ոչ թե պատճառների, այլ հետեւանքների դեմ”:
ԱԺԿ համամասնական ցուցակում ընդգրկված ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, շարունակելով Շավարշ Քոչարյանի խոսքը, թե մեզ պետք է ոչ թե պարզապես կայունություն, այլ ժողովրդավարական կայունություն, նկատեց, որ կայունության փոխարեն անկախությանը հաջորդած տարիներին մենք միայն տրոհումներ ունեցանք: Ավելին, ժողովուրդն սկսել է կասկածել, թե արդյոք իրեն անհրաժե՞շտ էր անկախությունը: Ժողովուրդն այսօր ոչ թե ապրում, այլ գոյատեւում է, եւ այս սահմանումը ֆիքսված է նույնիսկ պետական փաստաթղթերում` գոյատեւման ռազմավարություն: Մեծ կորուստ է նաեւ մարդասիրական ավանդական գաղափարներից նահանջը, այսօր ինչ-որ բանի համար զոհողություն ու զոհաբերում անելը ծիծաղելի ու անիմաստ է համարվում: Այս բոլորի հիմքում մարդկանց հիասթափությունն է իշխանություններից, որ հասարակական հարստությունը կենտրոնացրել է մի խումբ մարդկանց ձեռքում: Այս ամենի հետեւանքը նաեւ ժողովրդագրական ճգնաժամն է: Հասարակությունն անընդմեջ գնում է դեպի ծերացում: Մեր 550 հազար թոշակառուներին բաժին է ընկնում 480 հազար աշխատող, անընդմեջ կրճատվում է 15-50 տարեկանների, այսինքն՝ աշխատունակ բնակչության թիվը:
Ահա այսպիսի պայմաններում կուսակցությունը գնում է ընտրությունների, ապավինելով ընտրողի ողջամտությանը` ընտրություն կատարելու ոչ թե փողի, այլ գաղափարի ուժերի միջեւ:
Կ. Դ.
| | |
|
|
|