|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՁՈՂԸ |
"Հայոց աշխարհ",
www.armworld.am, 02 Մարտի 2007
Ինչու չձեւավորվեցին նախընտրական դաշինքներ
Երեկ “Ուրբաթ” ակումբի հյուրը Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ եւ ԱԺԿ համամասնական ցուցակի 5-րդ տեղում գտնվող ԴՈՒՍՏՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ էին։
ԱԺԿ համամասնական ցուցակում ընդգրկված են 77 հոգի, որոնցից 27-ը՝ կանայք։
-Խնդիրն այն չէ, որ մենք արհեստականորեն փորձել ենք կանանց ներգրավել, որպեսզի դրանով ցուցակն ավելի շահեկան լինի, ինչ որ եղել է, եղել է բնականոն,¬ ասաց Շ.Քոչարյանը։ -Այդ տեսակետից անդրադառնալով մեր հիմնական թեմային՝ ընտրությունները եւ կանայք, մի բան պետք է նշեմ. եթե ամեն ինչ լինում է բնականոն, ապա կանայք զբաղեցնում են իրենց տեղը։ Համենայն դեպս, մեր ցուցակի առաջին հնգյակում երկու կին են, որոնցից մեկը Դուստրիկ Մխիթարյանն է՝ մեր վարչության քարտուղարը։
Այն հանգամանքը, որ այսօրվա խորհրդարանում, կառավարությունում կանանց թիվը շատ քիչ է, ըստ Շ.Քոչարյանի, խոսում է այն մասին, որ ինչ-որ մի բան բնականոն չէ երկրում։
Դ.Մխիթարյանը, իր հերթին, այն կարծիքը հայտնեց, որ մարդկանց պետք է արժեւորել ոչ թե ըստ սեռի, այլ ըստ արժանիքների, եւ ԱԺԿ-ն այդպես էլ վարվել է։
Առաջիկա ընտրությունները բոլոր նախորդներից տարբերվում են նրանով, որ կուսակցություններին, քաղաքական ուժերին՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ դաշինք կամ միավորում ստեղծել։ ԱԺԿ նախագահն ինչո՞վ է բացատրում այս հանգամանքը։ Պատասխանելով այս հարցին՝ Շ.Քոչարյանն ասաց.
-Մենք դա կանխատեսում էինք դեռեւս 2005թ. դեկտեմբերին։ Ինչո՞ւ ընդդիմությունը չմիավորվեց, որը ցավալի է։ Անհնարին է միավորում, եթե հիմքում չկա որեւէ գաղափարական ձող։ Եթե դա իսպառ բացակայում է, այդպիսի միավորում չի ստացվի սոսկ մեխանիկական։
Իհարկե, կարող է հարց առաջանալ՝ լավ, բա “Արդարություն” դաշինքը, որտեղ կային ե՛ւ ձախակողմյան կուսակցություններ, ե՛ւ աջակողմյան, կային ավելի ռուսամետ, ավելի արեւմտամետ կամ եվրոպամետ, նրանց ի՞նչն էր միավորում։ Բայց կար միավորողը։
Բոլորը դժգոհ էին երկրի այսպիսի վիճակից եւ բոլորը գտնում էին, որ երկրում պետք է կատարել համակարգային փոփոխություններ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտների, որից հետո ձախը կմրցակցեր աջի հետ, արեւմտամետը՝ ռուսամետի հետ։ Ուրեմն՝ դաշինքն ուներ այդ ձողը։
Ըստ ԱԺԿ նախագահի, երբ ստեղծվեց այդ հնարավորությունը (սահմանադրական փոփոխությունների գործընթացը)՝ ազդելու, որպեսզի երկրում լինեն ժողովրդավարական բարեփոխումներ, ընդդիմությունը կարծես վախեցավ նույնիսկ այդ նվաճումից։
-Այդ պահին տեղի ունեցավ մի տարօրինակ բան՝ ընդդիմությունը հետ կանգնեց իր հրապարակային հայտարարություններից եւ հակադրվեց մի գործընթացի, որը ե՛ւ երկրի համար էր լավ, ե՛ւ ժողովրդի, ե՛ւ, առաջին հերթին, ընդդիմության,¬ շարունակեց Շ.Քոչարյանը։ -Ցանկացած երկրում ընդդիմությունն առաջին հերթին պայքարում է, որ ժողովրդավարական փոփոխություններ լինեն, որովհետեւ դա ձեռնտու է հենց ընդդիմությանը։ Այ, այդ ձողը երբ որ դուրս հանվեց, մեզ համար ակնհայտ էր, որ գնալու է տրոհման գործընթաց, ինչքան էլ դա ցավալի է։ Ցավոք, մեր կանխատեսումն իրականացավ, այդ ձողի բացակայությունը բերեց նրան, որ չստացվեց, եւ արդեն բոլորիս համար է դա ակնհայտ։
Ապագայի առնչությամբ Շ.Քոչարյանը կարծում է, որ Հայաստանին սպառնացող վտանգները կկանխվեն միայն այն դեպքում, երբ իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք իրոք ձգտում են ժողովրդավարական համակարգային փոփոխությունների, որովհետեւ երկրում կուտակված բոլոր խնդիրները՝ սոցիալական, տնտեսական, հումանիտար ոլորտի, համակարգի ածանցյալ են։
-Այսօր համար մեկ խնդիրը Հայաստանում նախ սահմանադրական դրական փոփոխությունների ներուժը մինչեւ վերջ օգտագործելն է,¬ ասաց Շ.Քոչարյանը։ -Էլ չեմ ասում այն բանի մասին, որ մեր կուսակցությունը սահմանադրական այն փոփոխությունները, որոնք կատարվել են, չի համարում բավարար, եւ գտնում է, որ երկրին պետք է նոր սահմանադրություն։
Վերջում հավելենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Շ.Քոչարյանի մասնակցության հարցը դեռ որոշված չէ, այդ հարցում պարզություն կլինի մարտի 3-ին։
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
| | |
|
|
|