www.ajk.am
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / ԱԺԿ վարչության հայտարարություններ`

ԱԺԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Մեր երկրի ապագան վտանգված է:
Մեզ սպառնացող արտաքին վտանգներից են`
- պատերազմի սպառնալիքը նավթային դոլարներով ոգևորված Ադրբեջանի կողմից.
- Արցախի հարցում միջազգային հանրության գնալով ավելի մեծ հակվածությունը ադրբեջանական այն տեսակետին, որ հակամարտության հիմքում տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև.
- տարածաշրջանում Հայաստանի տրանսպորտային, տնտեսական և քաղաքական մեկուսացումը:

Ներքին վտանգներից են`
- ժողովրդի իշխանությունից օտարված լինելը, կեղծվող ընտրությունները, ժողովրդավարացման իմիտացիան.
- ստվերային տնտեսությունը, կոռուպցիան, ներքին գործոններով չպայմանավորված տնտեսական աճը, որը մեր հարազատների` դրսից ուղարկվող գումարների արդյունք է.
- ծայրահեղ սոցիալական բևեռացումը, աղքատությունը, գործազրկությունը, գյուղացու անպաշտպան վիճակը.
- ժողովրդագրական ճգնաժամը` ցածր ծնելիություն և հիմնականում աշխատունակ և կարող մարդկանց արտագաղթ.
- բնապահպանական աղետալի վիճակը` անտառների և բնակավայրերի (հիմնականում Երևանի) կանաչ գոտիների վերացում:

Միևնույն ժամանակ բացակայում են այդ վտանգների խորքային գնահատմանը և կանխմանն ուղղված համակարգված պատկերացումներ, գաղափարներ, ծրագրեր: Փոխարենը ականատես ենք հիմնականում նախընտրական ակտիվության իմիտացիայի, այն է` պայքար ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ:

Ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ անարդարության դեմ պայքարում է անգրագիտությունը: Սակայն դա և’ անարդյունավետ է, և’ խորացնում է ժողովրդի հիասթափվածությունը:

ԱԺԿ-ն միշտ առաջնորդվում է երկրի ապագայի մասին համակարգված պատկերացումով և հասարակության քննարկմանն է ներկայացնում իր ծրագրերը:

Մենք առաջարկում ենք գաղափարների և ծրագրերի մրցակցություն այն քաղաքական ուժերին, որոնք ի վիճակի են դա անելու:

Մենք չենք մասնակցել և չենք մասնակցելու ժողովրդին փողերով կաշառելու և իշխանության լծակները օգտագործելու մրցակցությանը` ոչ միայն այն պատճառով, որ դրանք չունենք, այլ համոզված ենք, որ դա արգելակում է մեր երկրի զարգացումը:

ԱԺԿ գաղափարները, ծրագրերը և գործելակերպն են այն այլընտրանքը, որը հնարավորություն է ստեղծում ժողովրդի համար` ընտրություն կատարել փողի ուժի և գաղափարի ուժի միջև:


2.12.2006թ. ք.Երևան


Ընթերցվել է 2006թ. դեկտեմբերի 6-ի ԱԺ հայտարարությունների ժամին