www.ajk.am
ՆՅՈՒԹԵՐ / ԱԺԿ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ`

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ


Քաղաքացիական նախաձեռնության համակարգող Տարոն Առաքելյանի ելույթը ԱԺԿ համագումարում

25 փետրվարի, 2007 թվական, Երևան


Համագումարի հարգարժան պատվիրակներ, հյուրեր,
տիկնայք և պարոնայք


Ես ներկայացնում եմ Հավատարմություն քաղաքացիական նախաձեռնությունը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոչ ֆորմալ միություն է: Այս նախաձեռնության մասին համառոտ տեղեկություններ կարող եք ստանալ Ձեզ բաժանված տեղեկատվական թերթիկներից կամ www.havatarmutyun.org կայքից: Եթե մեկ խոսքով ասենք` այս նախաձեռնության մեջ ընդգրկվել են մարդիկ, որոնք տարիներ շարունակ բազմիցս արտահայտել են իրենց անհանգստությունը Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հանդես են եկել հրապարակային ելույթներով, հայտարարություններով, հոդվածներով, սակայն մեր, ինչպես նաև ձեզանից շատերի կոչերն ու հորդորները մնացել են անարձագանք, հատկապես, իշխանությունների կողմից: Եվ այժմ, տեսնելով մեր երկրին սպառնացող, օր օրի աճող վտանգներն ու մարտահրավերները, մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, պարտադրված ենք ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում` դիմագրավելու մեր երկրին և հասարակությանը նետված մարտահրավերներին:

Այժմ կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն խնդիրներին, որոնք, մեր կարծիքով, այսօր լուրջ սպառնալիք են Հայաստանի համար:

Հիմնական և ամենալուրջ սպառնալիքը ժողովրդավարության շարունակական նահանջն է վերջին 15 տարիների ընթացքում, որը գնալով ավելի մեծ թափ է ստանում և ախտահարում է հանրային կյանքի և հասարակության նորանոր շերտեր ու ոլորտներ: Ըստ էության, ժողովրդավարության ճգնաժամը Հայաստանում այն հիմնախնդիրն է, որից ածանցյալ են մնացած գրեթե բոլոր խնդիրներն ու վտանգները: Դրանց թվում են.

Վտանգ 1. Պետականության հիմքերի թուլացումը, այդ թվում.

ա) Սահմանադրության օրինականության հարցը:
Հայաստանում շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր հավատում են, թե սահմանադրական հանրաքվեն անցել է արդար և ներկա սահմանադրությունը ստացել է ժողովրդի քվեն: Իհարկե` ոչ: Եվ այսօր մենք, փաստորեն, գտնվում ենք մի անհեթեթ իրավիճակում` երկրի հիմնական օրենքի, պետականության հիմքի օրինականությունը կասկածի տակ է:

բ) Քաղաքացիության գաղափարի խեղաթյուրումը, որն ի վերջո հանգեցնում է իշխանության սուբյեկտի սահմանման անորոշությանը, նաև ստեղծում է արտաքին ուժերի կողմից Հայաստանի պետական իշխանության և քաղաքական համակարգի ձևավորմանը միջամտելու խիստ վտանգավոր հնարավորություն:

գ) Ժողովրդի օտարումը ընտրական գործընթացներից և պետական իշխանության մարմինների կազմավորումից և դրա պատճառով` ընտրությունների իմաստազրկումը: Ցավալի է, բայց պետք է նշենք, որ այսօր Հայաստանի քաղաքացիների մեծ մասը համոզված է, որ ընտրությունները ընդամենը պայքար են համեղ պատառի տիրանալու, թալանի և հարստանալու համար:

դ) Բիզնեսի և պետական իշխանության սերտաճումը: Սա ամենավտանգավոր երևույթներից մեկն է: Հայաստանում ձևավորվել է օլիգարխական համակարգ, որն աստիճանաբար թուլացնում է պետությունը: Հայաստանում աստիճանաբար ձևավորվում են փոքրիկ պետություններ պետության մեջ, որոնք սարդոստայնի պես ձևավորում են մի արատավոր շղթա:

Վտանգ 2. Հայաստանում ժողովրդավարության վատթարացող վիճակը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և վնասում Արցախին: Ժողովրդավարության ճգնաժամի արդյունքում Հայաստանը շարունակաբար թուլանում է, հետ է մնում իր հարևանների զարգացման տեմպերից, և տարածաշրջանում խախտվում է ուժերի հավասարակշռվածությունը: Սա ուղղակիորեն ստեղծում է պատերազմի վտանգ, որն անընդունելի է միջազգային հանրության համար: Արդյունքում ուժեղանում է ճնշումը Ղարաբաղի վրա, և մեզ այդ հարցում պարտադրվում են ծանր զիջումներ: Այսինքն` Հայաստանում ժողովրդավարության ճգմաժամը դառնում է տարածաշրջանային անվտանգության գործոն: Ուստի, Հայաստանը տարածաշրջանային մրցակցությանը դիմակայելու և համարժեք տեմպերով զարգանալու համար պետք է առավել արդյունավետ օգտագործի իր ողջ ներուժը, ինչը հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում:

Վտանգ 3. Ազգային արժեքային համակարգի աղճատումը: Վերը նշված բոլոր խնդիրների արմատը հայի, Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքացու բարոյահոգեբանական կերտվածքի մեջ է: Ի՞նչ արժեքների ենք այսօր մենք դավանում, ի՞նչ մղումներ են մեզ առաջնորդում հասարակական կյանքում, կենցաղում, առօրյայում: Ինչպե՞ս են դաստիարակվում այսօր մեր երեխաները: Ի՞նչ լեզվով են խոսում, ի՞նչ երգեր են լսում, ի՞նչ երազանքներով են ապրում: Անկեղծ պետք է ասեմ. ես ամաչում եմ, երբ մտածում եմ այդ մասին: Հենց խեղված արժեքային համակարգն է, որ հնարավոր է դարձնում երկրում այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կաշառակերությունը, ընտրակեղծիքները, գողությունը, թալանը և այլն: Հենց սա է ազգային անվտանգության խնդիրը. մենք պետք է կարողանանք կրթել և դաստիարակել առողջ սերունդ, Հայաստանի Հանրապետության իսկական քաղաքացիներ: Այսօր եթե սա չանենք, վաղը ուշ կլինի:

Վտանգ 4. ժողովրդագրական քանակական և որակական սպառնալի միտումները.
ա) գյուղերի բնակչության նվազում, բնակավայրերի ամայացում
բ) արտագաղթ
գ) ծերացում
դ) հասարակության մեջ մտավորականության տեսակարար կշռի նվազում:

Վտանգ 5. Մարդկային ներուժի ոչ լիարժեք օգտագործումը և դրա արդյունքում երկրի անարդյունավետ կառավարումը: Օրինակները բազմաթիվ են, նշենք թեկուզ մեկը. անկախության 15 տարիների ընթացքում իշխանությունները չկարողացան գյուղում լուծել ամենակարևոր հարցերից մեկը` ոռոգման ջրի հարցը: Ջուրն այսօր նույնպես դարձել է ժողովրդին թալանելու միջոց: Դրա փաստացի մասնավոր տնօրինման արդյունքում առանձին մարդիկ հարստություն են կուտակում, անառողջ մրցակցային դաշտ են ստեղծում, միտումնավոր, ջուր չտալով, սնանկացնում են գյուղացիներին, պարտքերի դիմաց խլում նրանց հողերը, ստիպում թողնել-հեռանալ հայրենիքից:

Վտանգ 6. Սոցիալական բևեռացումը: Սա մշտական դժգոհության և բացասական էներգիայի աղբյուր է: Արդյունքում անհնար է դառնում որևէ լավ գործ անել երկրում, քանի որ մարդիկ ամեն ինչից դժգոհ են: Չկա հասարակական համերաշխություն:

Վտանգ 7. Մի շատ կարևոր հարց` Երևանի խնդիրը: Եթե համառոտ ասենք` մենք կորցնում ենք մեր սիրելի քաղաքը, մեր Երևանը, Հայաստանի մայրաքաղաքը:

ա) Երևանը դառնում է մեգապոլիս, անտանելի է դառնում նորմալ կյանքը այս քաղաքում:

բ) Քաղաքը դարձել է հավերժական շինարարական հրապարակ, ընդ որում կառուցվում են անճաշակ, վտանգավոր շենքեր, քանդվում են հին երևանցիների տները, մարդկանց զրկում են իրենց նորմալ կենսակերպից, իրենց հող ու ջրից, իրենց մանկության հուշերից, իրենց արմատներից: Սրան պետք է վերջ դնել: Եվ ոչ միայն վերջ դնել, այլ պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր ապօրինի որոշումներով խլել են մարդկանց սեփականությունը: Բոլոր գործերը պետք է մեկ առ մեկ վերանայվեն և արդար որոշումներ կայացվեն:

գ) Երևանում էկոլոգիական լրջագույն խնդիրներ են առաջացել: Աղտոտված է օդը, ջուրը: Աղբը ամիսներով մնում է բակերում, փողոցները չեն մաքրվում ձնակույտերից և սառույցից:

դ) Երևանը կանգնած է տրանսպորտային պայթյունի առջև. քաղաքում հնարավոր չէ տեղաշարժվել:

ե) Վերջնական քայքայման և ոչնչացման վտանգի առջև է կանգնած բնակարանային ֆոնդը: Բազմաբնակարան շենքերը գտնվում են անմխիթար վիճակում, բառի բուն իմաստով` անտերության մեջ: Պատճառը շատ պարզ է. իշխանությունները չեն կարողանում մշակել այդ ոլորտի արդյունավետ կառավարման համակարգ:

զ) Երևանի բազմաթիվ բնակելի շենքերի տակ գործում են զվարճանքի վայրեր, որոնցից շատերը ոչ այլ ինչ են, եթե ոչ հասարակաց տներ: Մեր քաղաքացիները չեն կարողանում քնել` ամբողջ գիշերը լսում են բարձր երաժշտություն, աղմուկ, հայհոյանքներ: Մենք ամաչում ենք նայել մեր մայրերի և քույրերի աչքերին:

Միթե՞ այսպիսի Երևան մենք ունեինք: Եվ միթե՞ այսպիսի Երևան ենք ուզում, որ ունենան մեր երեխաները: Մայրաքաղաքը երկրի դեմքն է: Ինչպիսին եղավ մայրաքաղաքը, այնպիսին կլինի երկիրը: Ուրեմն պետք չէ մատների արանքով նայել այս խնդրին: Երևանը մեր տունն է, մեր օջախը: Չի կարելի պղծել սեփական օջախը:

Եվ ուրեմն, ո՞րն է լուծումը:

Այսօր Հայաստանի բոլոր քաղաքացիները, մեր ժողովուրդը, բոլորս պետք է մի պահ կանգ առնենք և ասենք` այսպես շարունակվել այլևս չի կարելի: Պետք է հասկանանք, որ այսօր քաղաքական համակարգն ի զորու չէ միայնակ լուծելու մեր երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրները, և քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակցի երկրի կառավարմանը, պետք է աջակցի քաղաքական համակարգի առողջացմանը նոր ուժերով, նոր մարդկանցով, նոր հավատով: Բոլոր գիտակից, ազնիվ մարդիկ պետք է հասկանան, որ այսօր խռովելու ժամանակը չէ, այսօր հենց իրենցից` Ձեզնից և մեզնից է կախված Հայաստանի ապագան: Խոսքերի և միայն քննադատության ժամանակն անցել է: Դա չի օգնում: Կա միայն մեկ ճանապարհ` մտնել քաղաքական դաշտ, պայքարել իշխանության համար, չնահանջել, թույլ չտալ, որ իշխանության գան մարդիկ, որոնք այդ իշխանությունը օգտագործում են սեփական բարեկեցության և փողի համար: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ բոլոր ընդիմադիր ուժերը միավորվեն մեկ ճակատում և ընտրությունների գնան մեկ ցուցակով: Նման բան երբեք չի լինի, ավելին` դա խոցելի է դարձնում ընդդիմությանը, քանի որ բավական է, որ մեկ ուժ լքի միասնական պայքարի դիրքերը` ժողովուրդն անմիջապես կհիասթափվի: Ուստի, պետք է պայքարել առանձին, բայց կուռ ճակատներով: Եթե մի քանի ուժեր վստահ են, որ կարող են գնալ միասին` ուրեմն թող գնան, ավելի լավ: Կարևորը ոչ թե բոլորին մեկ ցուցակում համախմբելն է, այլ պայքարող առանձին ուժերի ներքին միասնությունը և վճռականությունը:

Մենք բարձր ենք գնահատում Ազգային ժողովրդավարական կուսակցության մոտեցումը` ներգրավելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, անկուսակցականների, մտավորականների, մարդկանց, որոնք կարող են նոր խոսքով և իրենց աջակցությամբ նպաստել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Հատկապես կուզենայի նշել, որ Շավարշ Քոչարյանի հետ մեր խմբի անդամներից շատերը համագործակցում են ավելի քան 10 տարի: Ուստի, միանգամայն տրամաբանական էր, որ մենք սիրով ընդունեցինք առավել սերտ համագործակցության առաջարկը և այսօր պատրաստ ենք ուս-ուսի պայքարել մեր երկրի շենացման համար: Մենք վստահ ենք, որ մեր գործն արդար է: Վստահ ենք, որ հաղթելու ենք: Վստահ ենք, որ վերականգնելու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն իրենց ուժերի և իրավունքների նկատմամբ:

Շնորհակալություն:


ԱՍՏՎԱԾ մեր երկրին պահապան: