|
|
ՆՅՈՒԹԵՐ / ԱԺԿ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ`
ԴՈՒՍՏՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ |
 Համագումարի հարգելի մասնակիցներ
Տիկնայք և պարոնայք
Սիրելի բարեկամներ
Այո՛:
Մենք գնում ենք ընտրությունների և գնում ենք լուրջ ակնկալիքներով:
Ավելին, Ազգային Ժողովում լինելը և նույնիսկ մեծամասնություն ունենալը մեզ համար նպատակ չէ, այլ ընդամենը միջոց երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Եվ դա այն մթնոլորտում, երբ շատերը ասում են, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է գնված ձայներով, իշխանական լծակների պարտադրանքով:
Արդյո՞ք դա այդպես է: Արդյո՞ք կան մարդիկ, ովքեր իրոք հավատում են, որ ողջ ժողովուրդին կարելի է գնել և պարտադրել:
Իհարկե ոչ:
Իրականությունն այլ է: Իսկ իրականությունն այն է, որ.
1. Հայտնի բան է. մեծ հանցագործություն կատարողը պատրաստ է խոստովանել փոքր հանցագործությունը: Փաստացի իշխանական դաշտը խոստովանում է, որ զբաղված է ձայներ գնելով և պարտադրելով: Սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում ընտրությունների հայտարարված արդյունքները չեն համապատասխանել ժողովրդի քվեին: Այսինքն` մեծ հանցագործությունը` զանգվածային կեղծիքները քողարկելու նպատակով փորձ է արվում մեղադրել մեր ժողովրդին ձայնը վաճառելու համար:
2. Այո, իհարկե կան մարդիկ, ովքեր սոցիալական ծանր վիճակից, հուսահատությունից և ապագայի նկատմամբ հավատի կորստից դրդված գնում են այդ քայլին: Մենք այդ մարդկանց չենք արդարացնում, բայց հասկանում ենք, քանի որ պետությունն է այդպիսին, պետությունն է անարդար: Բայց այդպիսի մարդիկ հասարակության փոքր տոկոսն են կազմում: Բավական է հիշել, որ իրականում ընտրություններին մասնակցում է միջին հաշվով ընտրողների 35%-ը և նույնիսկ այդ պարագայում ստիպված են եղել կեղծել:
Ժողովրդի հիմնական հատվածը չի գնում ընտրության:
Ինչու՞: Պատճառները շատ են: Թվեմ դրանցից մի քանիսը:
Ժողովրդի հիմնական հատվածը չի գնում ընտրությունների,
որովհետև չի հավատում ընտրությունների արդարությանը,
որովհետև հիասթափված է քաղաքական դաշտից,
որովհետև չի տեսնում այլընտրանք:
Եթե ընտրողների այդ հսկայական հատվածը, որը երբևէ չի վաճառի իր ձայնը, չի ենթարկվի ճնշումների, գնա ընտրությունների, ապա որակապես կփոխվի ներկա վիճակը և հենց ընրություններով կամ դրանց արդյունքում կլուծվեն երկրի առջև ծառացած խնդիրները:
Նրանք, ովքեր տարածում են ընտրությունների կանխորոշված լինելը, նպատակ ունեն խանգարել այդ հատվածի ակտիվացմանը, քանի որ գիտակցում են այդ ընտրողների հավաքական ուժը:
Ինչի՞ վրա է հիմնված ընտրություններում հաջողության հասնելու մեր վստահությունը: Առաջին հերթին հիմնված է հենց այս հատվածի վրա, որը մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն է:
Այն քաղաքական ուժը, որը չի արժևորում իմաստնությունը ի դեմս ժողովրդի և ընտրությունները ի դեմս ընտրողի, հաջողության չի հասնի:
Ասում են նաև` ով էլ գա իշխանության նույնն է լինելու:
Հանրահայտ ճշմարտություն է, որ իշխանությունը ծառայում է նրան, ով իրեն բերել է իշխանության:
Փողով իշխանության եկածը կծառայի փողին և կլինի նույնը: Պարտադրանքով և կեղծիքով իշխանության եկողը կծառայի պարտադրողին և կեղծարարին, և կլինի նույնը:
Միայն ժողովրդի քվեով իշխանության եկողը կարող է ծառայել ժողովրդին:
Կարո՛ղ է: Ինչու՞ կարող է:
Որովհետև ժողովրդի քվեով գալը անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար: Որպեսզի ժողովրդի քվեով իշխանության եկածը ծառայի ժողովրդին, անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ և՛ քաղաքական համակարգում, և՛ տնտեսությունում: Որպես դրա և՛ արդյունք, և՛ հետևանք վերացնի անօրինականությունը, անարդարությունը, անպատասխանատվությունը:
Մեր հասարակությանը նետված է ձեռնոց:
Մենք ընդունում ենք մարտահրավերը:
Բայց մենք գործելու ենք ոչ թե փողի և պարտադրանքի դաշտում, այլ գաղափարական, համակարգված պատկերացումների և ծրագրերի դաշտում:
Բոլորովին վերջերս իմ գործընկերներից մեկը զարմացած և միաժամանակ հիացած ինձ պատմեց իր հետ պատահած միջադեպը:
Խանութում, երբ նա ասել էր, որ վաճառողը մանրադրամը ավել է վերադարձրել, անակնկալի էր եկել ոչ սովորաբար հնչող պատասխանից:
Այդ դեպքերում մենք սովոր ենք լսել շնորհակալության և երախտագիտության խոսքեր: Այս դեպքում հնչել էր.
«Ներողություն, ես սխալվեցի»:
Այս վերաբերմունքից կարելի է անել երկու շատ արժանապատիվ հետևություն:
1. Կարևոր չէր, թե մարդը դեպի որ կողմն էր սխալվել` մանրադրամը պակա՞ս, թե՞ ավել վճարելիս: Միևնույնն էր, սխալվել էր և պատրաստակամ ներողություն էր խնդրում:
2. Մարդը չէր կասկածում դիմացինի ազնվության վրա և կարծում էր, ավելին համոզված էր, որ վիրավորել է նրան իր սխալով, անկախ նրանից` ավե՞լ էր վճարել, թե՞ պակաս, և պատրաստակամ նորություն էր խնդրում:
Եվ ի վերջո պրոֆեսիոնալը սխալվելիս միշտ ներողություն է հայցում:
Ահա մարդկային ա՛յս որակն է, որը գերակշռում է մեզանում, մարդու ա՛յս տեսակն է, որը հույս է ներշնչում: Ահա այսպիսի մարդկանցով է, որ պետք է գնանք առաջ, կառուցենք ապագան, որտեղ նրանք են լինելու չափանիշը, ուղենիշը և որոշիչը:
Հիշե՛նք, վատ քաղաքական գործիչներին իշխանության են բերում քվեարկությանը չմասնակցած լավ քաղաքացիները:
| | |
|
|
|