www.ajk.am
ՆՅՈՒԹԵՐ / ԱԺԿ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ`

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ


Սիրելի հայրենակիցներ

Թույլ տվեք մի փոքր ամփոփել մեր ձեռքբերումներն ու կորուստները Հայաստանի անկախացումից ի վեր: Անկախացումով մենք ստացանք մեր երկրի եւ մեր ժողովրդի մի մասի՝ հայաստանաբնակ հատվածի ճակատագիրը տնօրինելու, մյուս մասի՝ սփյուռքի հայության հետ հարաբերությունները հարաբերականորեն ինքնուրույն ձեւավորելու հնարավորություն: Մենք ստացանք միջազգային հանրության հետ ինքնուրույն հարաբերվելու հնարավորություն: Մեր հմտությունից, խելքից էր կախված այդ հնարավորությունն օգտագործելու կարողությունը: Անշուշտ, անկախությունը ձեռք բերեցինք այն տնօրինելու բազմաթիվ խանգարող կամ դժվարացնող, խոչընդոտող գործոններով՝ ղարաբաղյան չլուծված պրոբլեմով, շրջափակված երկրով, երկրաշարժի հետեւանքներով՝ ավերումներով, մարդկային եւ նյութական կորուստներով եւ փախստականության՝ Հայաստանի համար ահռելի ծավալներով: Պատերազմով: Այս ամենը՝ ցեղասպանության չլուծված պրոբլեմով:

Իհարկե, սրանք օբյեկտիվորեն զգալի ազդեցություն ունեցան մեր կարեւորագույն ձեռքբերումը՝ անկախությունը եւ հարաբերական ինքնուրույնությունը տնօրինելու մեր հնարավորությունների վրա:

Մենք ձեռք բերեցինք սփյուռքահայությունը որպես քաղաքական գործոն: Հայաստանյան շրջանակներում սովորաբար խոսվում է սփյուռքահայության տնտեսական օժանդակության մասին: Սակայն պակաս կարեւոր չէ, եթե առհասարակ ավելի կարեւոր չէ, սփյուռքահայության՝ որպես քաղաքական գործոնի խնդիրը: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, իմ գնահատմամբ, սա կարեւորագույն ձեռքբերումներից է:

Մենք խթաններ ստացանք մեր հպարտության եւ արժանապատվության նվազող արժեքները վերակենդանացնելու: Խթաններ ստացանք ոչ միայն անկախացման փաստով, այլեւ դրան նախորդած եւ հաջորդած կարճ, բայց խիստ հագեցած ժամանահատվածով՝ մեր էթնիկ հավաքականության եւ բարոյականության, մարդասիրության եւ արժանապատվության արժեքները հաստատելու կամքով, նվիրումի եւ հաղթելու վճռականությամբ: Սա շատ լուրջ ձեռքբերում էր:

Մենք ստացանք մարդկային եւ ազգային մեր նկարագիրը մեր պատկերացմամբ կերտելու հնարավորություն: Այլ կերպ ասած՝ մենք ստացանք մեր էթնիկությունը ձեւավորելու հնարավորություն: Մարդկային արժանապատվության եւ էթնիկության մեր ընկալումները վարքի նորմերի վեր ածելու եւ բարեկիրթ հայի մեր պատկերացրած նկարագիրը ձեւավորելու, կերտելու հնարավորություն: Արդարության եւ արդարամտության հասարակություն ստեղծելու: Հանրապետություն եւ հանրապետության քաղաքացի ստեղծելու:

Մենք ձեռք բերեցինք արժեքների մեր՝ հայաստանյան սանդղակը ձեւավորելու հնարավորություն: Մշակութային մեր առանցքն ունենալու հնարավորություն: Մշակութային բառն այստեղ օգտագործվում է «մշակույթե բառի լայն իմաստով՝ մարդու կողմից արարված-արարվող հասարակական-մարդկային հարաբերությունների բովանդակությունից, կերպից, ձեւից մինչեւ պրոֆեսիոնալ արվեստ, կառավարման ինստիտուտներից մինչեւ տնտեսական գործունեություն, դիվանագիտությունից մինչեւ գիտություն: Մենք հնարավորություն ստացանք համոզվելու, թե ո՞րն է մեր ընտրությունը՝ կրթությու՞նը, թե՞ սպասարկումը, գիտությու՞նը, թե՞ առեւտուրը, անհա՞տը իր կրքերով, ցանկություններով, թե՞ ազգը իր հավաքականությամբ եւ անհատին խմբի մեջ պաշտպանելու կարողությամբ, քաղաքացի՞ն, թե՞ առանձին մարդիկ կամ մարդկանց խմբերը իրենց անհատական ցանկություններով:
Ձեռք բերեցինք կառավարման ինստիտուտներ: Ունենք օրենքներ: Սովորում ենք ինքնուրույնության: “Ժողովուրդ” լինելուն զուգահեռ փորձում ենք դառնալ “հասարակություն”:
Սրանք գլոբալ ձեռքբերումներ են: Վճռական ձեռքբերումներ են:
Ի՞նչ չափով ենք իրականացրել մեզ ընձեռված կամ՝ մեր ձեռք բերած հնարավորությունները: Այս պահի իմ պատասխանն է՝ մենք հաստատել ենք, որ գիտությունը, կրթությունը, քաղաքացին չեն մեր ընտրածը: Հայաստանի ապագայի մեր տեսլականում այս արժեքները մնում են միֆական: Իսկ ռեալը, փաստականը՝ փողն է, նյութական շահն է, մշակութային քաոսն է, որը, չգիտես ինչու, անվանվում է մշակութային բազմազանություն: Սա, իմ պատկերացմամբ, կորուստ է:
Կորուստները: Մեր ձեռքբերումների զգալի մասի թերի իրացումը կամ առհասարակ կորուստը: Նախ՝ բարոյական կորուստները: Մենք կորցնում ենք հպարտությունը: Կորցնում ենք հավատը երկրի իշխանությունների հանդեպ, եւ, որ ավելի կարեւոր է՝ կառավարման ինստիտուտի հանդեպ առհասարակ: Հավատը այն բանի հանդեպ, որ մենք արժանի ենք այդ բաղձալի, բացարձակ արժեքին՝ ինքնուրույն մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքին: Այդ հավատը սասանվեց արդեն 1995-1996 թվականներին, եւ 21-րդ դար մենք մտանք միմյանց դեմ թշնամացած, միմյանց ատող, իշխանություններին չհավատացող խմբերով: Ուրեմն կորցնելու ճանապարհին ենք ազգային արժանապատվությունը:
Հավատի կորստի հիմքում ընկած է այն պարզ ճշմարտությունը, որ երկրի քաղաքացին պաշտպանված չէ: Այսինքն՝ խաթարվեց, ես չեմ ասի ժողովրդավարության, ես կասեմ՝ հանրապետականության առանցքային գաղափարը՝ շարքային քաղաքացու պաշտպանվածության գաղափարը: Սա՝ ամենակարեւոր կորուստն է: Ես այստեղ չեմ քննարկում հավատի կորստի պատճառները, դրանք բազմիցս քննարկվել են թե՛ հրապարակախոսական մամուլում, թե՛ քաղաքական կուսակցությունների բանավեճերում, ես պարզապես փաստում են իրողությունը: Այդ հավատը կորցնելն ավելի հեշտ եղավ, քան հնարավոր կլինի դրա վերականգնումը: Մենք կորցրինք մեր տանը, մեր երկրում լինելու զգացողությունը: Ի՞նչ տուն, ի՞նչ ընտանիք, եթե դրա առանձին անդամներն անհավասար հնարավորություններ և փաստական անհավասար իրավունքներ ունեն: Ես, բնականաբար, չեմ խոսում իրավունքի՝ օրենքի մասին: Ես խոսում եմ իրավունքի՝ որպես կիրառելի հնարավորության մասին: Սրա հետեւանքով, եւ նախ եւ առաջ սրա հետեւանքով, մենք կորցրինք մեր հասարակության, մեր երկրի բնակչության եւ, եթե կուզեք, մեր ժողովրդի զգալի մասի գիտակցված աջակցությունը մեր երկրի, մեր անկախ հայրենիքի կայացմանը: Այո, մենք “ժողովուրդ” լինելուն զուգահեռ դառնում ենք “հասարակություն”, բայց վախենամ, որ ժողովրդից հասարակության դառնալու ճանապարհին կորցնում ենք ազգ դառնալու հնարավորությունը: Մնում ենք հայ ժողովուրդ, որ արդեն էինք: Չենք դառնում հայոց հանրապետության քաղաքացի, հավասարապես պաշտպանված եւ երկրի օրենքներից հավասար հնարավորություններով օժտված մարդիկ, որոնց համար օրինավոր, ազնիվ եւ աշխատելու կամքով քաղաքացի լինելը պետք է երկրի կառավարման ինստիտուտների կողմից պաշտպանված լինելու գլխավոր երաշխիքը լինի: Քաղաքացիներ, որոնց համար իրենց երկիրը, իրենց հայրենիքը պաշտպանելը նույնն է, ինչ իրենց իրավունքն ու արժանապատվությունը, իրենց ինքնությունը պաշտպանելը: Քաղաքացիներ, որոնց համար իրենց երկիրը, իրենց հայրենիքը պաշտպանելը իրենց պատվավոր իրավունքն է, ոչ թե իրենց պարտականությունը: Օրենքով ամրագրված պարտականությունից առավել իրենց իրավունքը: Այդպես կլիներ, եթե քաղաքացին տեսներ, զգար եւ կրեր երկրի՝ տնտեսական, կրթական, մշակութային, իր հացը վաստակելու իրավունքի պաշտպանվածությունը: Եվ ինքն էլ իր հերթին պաշտպաներ երկիրը ու դրանով՝ ինքն իրեն, իր արժեքները, իր բարոյականությունը: Այսօր Հայաստանի բնակչության համար երկրի պաշտպանության խնդիրը հայրենիքի պաշտպանության խնդիր չէ, քանի որ նրանց բանական եւ զգայական գիտակցության մեջ Հայաստանը երկիրն է, հայրենիքն է տվյալ պահին իշխանություն ունեցող մարդկանց: Իսկ սա նշանակում է, որ մենք մեր ձեռքբերումների մեջ չենք կարող թվարկել «հանրապետականությունըե: Այն մնում է հանրապետություն՝ առանց «պետությանե բաղադրիչում «հանրայինե-ի բովանդակության: Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին արժեք չէ, եւ ուրեմն Հայաստանը «հանրապետությունե բովանդակությունը չի կրում: Դեռեւս չի կրում: Բայց մինչեւ «դեռեւս չի կրումըե կդառնա «արդեն կրում էե բովանդակությունը, թե մենք, թե մեր արժեքները գուցե այլ կլինեն, եւ գուցե այս երկրում, մեր երկրում ապրեն ուրիշ մարդիկ: Իսկ պետության անկախությունը նվաճողներից շատերը երկրում չեն լինի: Այնպես որ այն հարցը, թե ու՞մ համար է նվաճվել Հայաստանի ինքնիշխանությունը, հռետորական չէ:
Մեր երկիրը եւ մեր երկրի բնակչության ահռելի մասն աղքատացավ: Աղքատացավ նյութապես եւ հասարակայնորեն: Աղքատացումն սկզբում հասկանալի էր եւ ամոթալի չէր: Ես չեմ խոսելու աղքատացման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների մասին: Երկուսն էլ կան: Բայց այսօրվա աղքատությունն արդեն հասկանալի չէ, եւ ինքնին վկայում է երկրի անիրավականության մասին: Այսօրվա աղքատությունն արդեն ամոթ է: Սա թե առարկայական, թե բարոյական կորուստ է: Հատկապես, եթե սրա հետեւում տեսնենք նաեւ մարդկային ռեսուրսների կորուստը: ՍԱ, ցավոք, մեր այսօրն է: Մի շրջան, երբ մենք “ամոթխածորեն” “ապրել” բայի փոխարեն գործածում ենք “գոյատևել” բայը: Մենք “գոյատևում” ենք, այսինքն` մենք անխնա շահագործում ենք մեր մշակութային, հասարակական, նյութական, բնական ռեսուրսները` զրկելով մեզ ինչպես բարեկիրթ հասարակությանը բնորոշ “ապրելու” իմաստից, այնպես էլ` ապագայից: Մեր մի մասը “գոյատևում” է ֆիզիկապես /աղքատները/, մյուս մասը “գոյատևում է” հասարակական ու նյութական կենսառեսուրսների գերշահագործմամբ և այդ կենսառեսուրսների սպառմամբ` մեր զավակներին զրկելով ապագա հնարավորություններից: Մինչև մենք “գոյատևումից” չշրջադարձվենք “ապրելուն”, մեր ներկան մնալու է նույքան անմխիթարական, մեր ապագան` նույքան մշուշոտ, ինչպես այսօր է: Մինչև մենք “ապրելու” կամք չդրսևորենք` շարունակելու ենք “գոյատևել”: Ապրելու կամքը` նախ և առաջ երկրի, հանրապետության կարևորագույն արժեքի` քաղաքացու պաշտպանվածությանը հասնելն է, որն այսօր նշանակում է քաղաքական ռեժիմից անցում քաղաքացիական հարաբերությունների: Սրան կարելի է հասնել, եթե մենք “ապրում” ենք, այսինքն ձևավորում ենք մեր իշխանությունը, թելադրում ենք այդ իշխանությանը, վերահսկում ենք այդ իշխանությունը, այսինքն իրականում տնօրինում ենք մեր ճակատիգիրը և վերադարձնում ենք մեր արժանապատվությունը:

Սիրելի հայրենակիցներ

Այս ելույթով Հայաստանի ներկա իրավիճակի համալիր վերլուծության փորձ չի արվելու: Դրա մասին շատ է խոսվել ու խոսվում: Այն քիչը, որին այստեղ անդրադարձ կլինի, ընդամենը փորձ է` ցույց տալու, որ իրավիճակը գլոբալ և մաս-մաս վերլուծելով, կոնկրետ պատճառա-հետևանքային կապերը բացահայտելով` կարելի է և հնարավոր է լուծումներ գտնել և ազդել դեպքերի ընթացքի վրա` փոխելով իրավիճակը: Նույնիսկ առանձին հարցերի լուծումները կարող են դրական ազդել ընթացիկ անմխիթար վիճակի վրա, դրանք հնարավոր են, կարող են արվել առանց մեծ ցնցումների, հետևողական աշխատանքի և փաստարկված, տրամաբանված գործողությունների դեպքում: Եվ դրանք պետք է արվեն: Նախ` քաղաքական համակարգային լուծումներով, բայց նաև, գուցե և զուգահեռաբար, առանձին ծրագրերով:

Վաղուց արդեն հայտնի է, որ Հայաստանի հիրավի երկար շարունակվող ճգնաժամային իրավիճակը ձևավորվել է, ի թիվս օբյեկտիվ պատճառների, նաև, իսկ գուցե նախ և առաջ, սուբյեկտիվ պատճառներով: Դրանցից առաջնահերթը, կարծում եմ, քաղաքական, տնտեսական, սոցիալական ծրագրերի միջև ներդաշնակության խախտումն է, դրանց միջև եղած փոխկապերի անտեսումը կամ շրջանցումը: Որպես օրինակ հիշենք այն արդեն հանրահայտ իրողությունը, որ մեր երկրում տեղի ունեցած և ընթացիկ փոփոխությունները գլխավորապես ուղղված են շուկայի ազատականացմանը, այսինքն` տնտեսական փոփոխություններին: Չունենալով դեռևս հստակ ձևավորված օրենսդրություն, քաղաքական ուղու տեսլական, հայտարարված “ժողովրդավարություն” բառի տակ ընկալվեց և ներկայացվեց “շուկայի ազատականացում” ձևակերպումը` առանց քաղաքական, հասարակական, մշակութային նախապատրաստվածության կամ, գոնե, զուգահեռ փոփոխությունների: Հիրավի, “շուկայի ազատակացում” ձևակերպումը դեռևս “շուկայի ազատականացման” ձևավորում չէր: 1990-ականների սկսված գլխավորապես տնտեսական փոփոխությունները նաև այդ պատճառով նախ` հաշվարկված չէին իրենց հնարավոր հետևանքներով, երկրորդ` ընթացան բազմաթիվ սխալներով, առանց համապատասխան իրավական դաշտի և նույնիսկ առանց տնտեսական ոլորտի նախապատրաստման: Սխալներով սկսված գործընթացը, ինչպես արդեն շատերիս հայտնի է, շատ արագ վերածվեց ուղղակի նորմայի և այնուհետև շարունակվեց, փաստորեն, միտումնավոր, ինչը կարելի է որակել արդեն որպես հանցագործություն: Երկիրն աստիճանաբար մխրճվում էր անկառավարելի հարաբերությունների ոլորտ, որի ընթացքում փոշիացվեց մեր ազգային հարստության մեծագույն մասը: Այսօրվա անհատական “հարստությունների” մեծ մասը հենց այդ շրջանի, թող ներվի ասել, ողջ երկրի և մեր հայրենիքի բնակչության հանդեպ հանցավոր գործարքների հետևանքով են ձևավորված: Մեր հայրենիքի ճգնաժամային վիճակի առաջացման թիվ մեկ պատճառ ես տեսնում եմ սխալ ապա հանցավորի վերածված վերափոխումների գործընթացը, որին սովորաբար անվանում ենք “ծրագիր”: Մինչդեռ այն շատ հեռու էր, և, ցավոք, որոշ իմաստով շարունակում է հեռու մնալ “ծրագիր” լինելուց: “Ծրագիրը” համակողմանիորեն վերլուծված, ընթացքը հստակ շարադրված, հետևանքները վերլուծված և կանխատեսված, հնարավոր բացասական հետևանքները մեղմելուն միտված գործողությունների ամբողջությունն է, որը կարող է իրականանալ բացառապես զուգահեռաբար:

Մեր երկրում, փաստորեն, “Ժողովրդավարությունն” սկսվեց տնտեսության ազատականացման հայտարարգրումով և անմիջական իրականացումով` առանց իրավական ինստիտուտների, քաղաքական համակարգի հստակեցման, սոցիալական իրավիճակի վերլուծության, հասարակական լուրջ իրազեկվածության նախապատրաստման, առանց քաղաքական, սոցիալական, մշակությաին, ժողովրդագրական հետևանքների կանխատեսումների: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. քաոսի պայմաններում կուտակված հարստություններ, աղքատացած և հուսահատված բնակչության ահռելի զանգված, բարոյալքված հասարակություն` բազմաթիվ էնթամշակութային և հասարակական, հաճախ` հակոտնյա խմբերով, ինչպես` “հարուստներ”-”աղքատներ”, “երևանցիներ”-”ոչ երևանցիներ”, “տեղացիներ”-”փախստականներ”, “շահածներ”-”կորցրածներ”…, “գոյատևման ծրագրեր”, մեր ֆիզիկական և հասարակական կենսատարածքի գերշահագործում, միմյանց հանդեպ` անվստահություն և ապագայի հանդեպ` որևէ դրական հեռանկարի բացակայություն:
Երևույթների այս ընթացքն, անշուշտ, որոշ չափով փոխվել է: Տաս տարի առաջվա համեմատ մենք ունենք ավելի հավասարակշռված “տեսլական” թե երկրի քաղաքական զարգացումներում /ներքին և արտաքին/, թե համեմատաբար հարմարեցված իրավական ինստիտուտներ, թե օրենքներ, թե համեմատաբար հավասարակշիռ ծրագրեր: Այլ խնդիր է, թե այդ ծրագրերը ի՞նչ չափով են համապատասխանում հասարակության իրական կարիքներին և ուղղված ողջ բնակչության պրոբլեմների լուծմանը, երկրորդ խնդիրն է, որ ծրագիր ունենալ` դեռևս չի նշանակում ծրագիր իրականացնել, և վերջապես ցավալիորեն ծրագրերի զգալի մասը շարունակում է մնալ դեկլարատիվ, իսկ մեծ մասը` վատ հաշվարկված կամ հետևանքների չհաշվարկված կանխատեսումներով: Իսկ երբեմն էլ իրականացվում են ամենևին չհայտարարված “ծրագրեր”:

Սրա լավագույն ապացույցներից մեկը հենց այսօր ընթացքի մեջ գտնվող հողերի օտարման գործընթացն է: Առայժմ խոսենք միայն հողերի վաճառքի մասին: Հողը մասամբ վաճառվում է մասնավոր սեփականատերերի կողմից, սակայն ավելի շատ և ավելի արագ վաճառվում են այսպես կոչված պահուսատային հողերը: Հայաստանում ամենաշատ հողեր վաճառվում են Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում /ընդհանուր առմամբ հողի առուվաճառքի բոլոր գործարքների մոտ 70%/: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Արարատի, Արմավիրի և, մասամբ, Կոտայքի մարզերի գյուղատնտեսական նշանակության հողերը մի քանի անգամ ավելի մեծ արդյունավետություն ունեն Հայաստանի նախալեռնային և լեռնային հատվածների հողերից: Իրավաբանորեն հողերը վաճառվում են աճուրդով, փաստորեն դրանք գնվում են նախապես հայտնի գնորդների կողմից` Հայաստանի ծավալներով հսկայական չափաբաժիններով: Հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենավատ հողերը գնելուց հետո դրանք խիստ արդյունավետ գյուղատնտեսական նշանակության բերելու համար արվող ներդրումներով /ընդհուպ մինչև քարազրկում, պարարտացում, ջրարբիացում և այլն/ մեկ հեկտարի արժեքը հավասարվում է ընդամենը մոտ 1000 դոլարի: Դիտարկենք այս երևույթի հետևանքները երկու ասպեկտով. հարյուրավոր հեկտարներով միասնական հողակտոր ձեռք բերող անձը, նույն հողի մեջ ֆինասական ներդրումների իր հնարավորություններով միանգամից և կտրուկ “շուկայից դուրս է մղում” հատվածային և թաշկինակային, գաճաճ հողակտոր ունեցող մեր խեղճ ու կրակ գյուղացուն, որն արդեն լրացուցիչ “սպառվել է” մինչև վերջերս Հայաստանում բացակայող ճանապարհների և ոռոգման բացակայության պատճառով: Այդպիսի խոշոր հողատերերը շուկային տիրանալու համար գործածում են նաև վարչական լծակներ: Անշուշտ սա ազնիվ շուկայական մրցակցություն չէ, եթե հաշվի առնենք նաև, որ հողերի վաճառքը պահուստային հողերի հաշվին ձևավորող վարչական ապարատը միանգամից ազդում է հողային գործարքների շուկայի վրա: Հայտարարաված շուկայական տնտեսությանը, կարծում եմ, հակասում է այն փաստը, որ հողերի օտաման գործընթացը շուկայի կարգավորմանը չի թողնված: Չվիճարկենք այն փաստը, որ հողերի խոշորացումը տնտեսապես շահավետ է: Հայաստանի պարագայում, երբ հողերի սեփականաշնորհման հետևանքով ստեղծվեցին բազմահազար գաճաճ ֆերմերային, անկարող և անզոր տնտեսություններ` առավել ևս հողերի խոշորացումը տնտեսական կարևոր խնդիրներից մեկն է: Սակայն այս “հակաշուկայական” քայլով մենք ոչ միայն գյուղատնտեսության զարգացման անարդար և անհավասար պայմաններ ենք ստեղծում, այլև արդյունքում կանխատեսելի հարյուրհազարավոր չափազանց աղքատացած, գործազուրկ բնակչություն` որպես սոցիալական բեռ պետության վրա: Սա մի հպանցիկ փորձ է` սոցիալական և մշակութային հետևանքներով չհաշվարկված տնտեսական ծրագրի:
Միջազգային և մասնավորապես արևմտյան փորձը հղել սիրող մեր ռեֆորմատորները երբեք չեն հղում շուկայական տնտեսության հարուստ անցյալ ունեցող երկրների օժանդակող միջամտությունների փորձը իրենց երկրների գյուղական տնտեսությամբ զբաղվողներին, այդ թվում` արտադրվող մթերքների ծավալն ու տեսականին կարգավորող միջամտությունները պետությունների կողմից: Կաթ-պանիրի առատության դեպքում երկրները զանազան տնտեսական լծակներ են գտնում կամ անցանկալի ապրանքների ներմուծումը սահմանափակելու, կամ օգնության ձևեր` այդ մթեքներն արտադրողների արտադրանքը սահմանափակելու: Բոլոր դեպքերում ամեն ինչ արվում է տվյալ երկրի քաղաքացիների շահը մաքսիմալ չվնասելու: Մենք կարծեք թե ամեն ինչ անում ենք` շատերին նվասելու, քչերին օգնելու, իսկ գլոբալ` երկրի ողջ կենսատարածքը առավելագույնս կենտրոնացնելու: Արդյունքում` ի թիվս այլոց այն ժողովրդագրական հետևանքները, որոնք վաղուց ակնհայտ են:


Ժողովրդագրություն

Հայաստանի ժողովրդագրական միտումների մասին տագնապեցուցիչ տվյալները վաղուց են հրապարակվել: Խոսքն, անշուշտ, գնում է ոչ միայն բնակչության թվաքանակի նվազման, այլև` ժողովրդագրական կազմի մասին: Վերջին տվյալներով, օրինակ, հենց այսօր Հայաստանում 530 հազար թոշակառուներին բաժին է ընկնում 430 հազար աշխատող: Սա վկայում է ոչ միայն գործազուրկների հոծ բանակի մասին, այլև` բնակչության ժողովրդագրական կազմում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների: Խախտվել է Հայաստանում ժողովրդագրական կազմի համամասնությունը և այդ համամասնության խախտումը խորանալու միտումներ ունի: Պակասել են և շարունակում են պակասել երիտասարդները, ավելանում են տարեցները: Ընդ որում տարեցները ավելանում են ոչ թե երկարակեցության պատճառով, այսինքն ավելանում է ոչ թե ապրած տարիների թիվը, այլ` հարաբերականորեն. բնակչության մեջ պակասում է երիտասարդների և միջին տարիքի մարդկանց թիվը: ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի վերլուծաբանների՝ աշխարհի ժողովրդագրական զարգացումների կանխատեսումների համաձայն, առաջիկա հինգ տասնամյակում ժողովրդագրական շարժի իմաստով աշխարհում առհասարակ լուրջ փոփոխություններ են սպասվում: Որոշ երկրներում սպասվում է բնակչության թվի ավելացում, այլոց մոտ՝ նվազում, որոշ երկրներում աճելու է աշխատունակ ու երիտասարդ սերունդը, այլոց մոտ, ընդհակառակն՝ այդ սերունդը նվազելու է: Այդ կանխատեսումները, բնականաբար, պարզորոշ վկայություններ են երկրների զարգացման հեռանկարների մասին թե մինչեւ 2050թ., թե՝ դրանից հետո: Այսպես, 2050թ. բնակչության 43.4% աճ է սպասվում ԱՄՆ-ում, 27,0% Կանադայում, Արեւմտյան Եվրոպայի երկրներից՝ 12,7% Անգլիայում, 9,4% Նորվեգիայում, 8,3% Ֆրանսիայում, իսկ ահա Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Հունաստանում եւ այլն սպասվում է բնակչության թվի նվազում՝ համապատասխանաբար 0,9; 1,8; 3,8; 8,4; 9; 10%-ով: Հայաստանի, Վրաստանի բնակչության նվազման կանխատեսելի թվերը մոտ են Ռուսաստանին՝ 30,3%, Բուլղարիային՝ 35,1%, Ուկրաինային՝ 36,1%, Լատվիային՝ 43,9%, Էստոնիային՝ 51,9%:
Այս թվերը խոսում են նախ եւ առաջ երկրների միգրացիոն պոտենցիալի մասին: Հայաստանը վերջին տասնամյակում “մարդ արտահանող” երկրների շարքում է եւ, ըստ կանխատեսումների, կմնա դեռ երկար ժամանակ: Սպասվում է, որ 2050թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2.334.000 մարդ: Ինչ վերաբերում է ժողովրդագրական կազմին, ապա 2000թ. 63.1% աշխատունակ տարիքի բնակչության դիմաց 2050թ. Հայաստանի աշխատունակ տարիքի բնակչությունը նվազելու է մինչեւ 48.9%: ԵԱՀԿ երկրների շարքում սա ամենավատ ցուցանիշներից մեկն է, 2050թ. համար այս ցուցանիշը ԵԱՀԿ երկրներում 2050թ. սպասվող ամենացածր թվերից է: Ըստ կանխատեսումների, Հայաստանից ավելի ցածր են միայն Սլովենիան, Լատվիան, Կիպրոսը, Մալթան: Իսկ Թուրքիան, օրինակ, ԵԱՀԿ երկրների մեջ աշխատունակ տարիքի բնակչության ամենաբարձր ցուցանիշներից մեկը կունենա՝ իր երկրի բնակչության 58%-ը: Նրանից առաջ են միայն Տաջիկիստանը՝ 60%, Ուզբեկիստանը՝ 59,2% եւ նրանից մի փոքր ետ են մնում Ադրբեջանը՝ 57.3%, ԱՄՆ-ը՝ 56,5%: Ընդ որում, եթե ԱՄՆ-ը այս ցուցանիշը ձեռք է բերում ներգաղթող բնակչության հաշվին, այսինքն՝ այնտեղ խնդիր կա ներգաղթող բնակչությանն ուղեկցող անխուսափելի պրոբլեմները հաղթահարելու, ապա Թուրքիայում այն ծնելիության հաշվին է:
Պետք է նկատի ունենալ նաեւ, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում 2000-2050թթ. ընթացքում 15-59 տարիքի բնակչության աճը կկազմի 37,9 %, Ադրբեջանում՝ 29,8%, իսկ ահա Հայաստանում կնվազի մինչև 41,9 %: Համեմատության համար ասենք, որ Վրաստանում սույն ցուցանիշը մի փոքր ավել է՝ 45,1%: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում սպասվում է 60 եւ ավելի տարիք ունեցող բնակչության թվի աճ: Ըստ կանխատեսումների, Հայաստանի ժողովրդագրական կազմում 2000թ. այդ տարիքի բնակչության 13.2%-ի դիմաց 2050թ. մենք կունենանք 37.6%:
Այսպիսով, ընդամենը 45 տարի հետո Հայաստանին սպասվում է բնակչության 25 տոկոսի նվազում՝ ընդամենը 2.334.000 մարդ, որի միայն 48.9 տոկոսը կլինի աշխատունակ՝ 15-59 տարեկան հասակի, եւ որի ամբողջ 37.6 տոկոսը կլինի 60-ից բարձր տարիքի մարդ: Այլ կերպ ասած, Հայաստանի յուրաքանչյուր աշխատունակ տարիքի բնակչին բաժին կընկնի մեկից մի փոքր ավելի անաշխատունակ մարդ (60 տարեկանից ավել կամ երեխա): Սա այն դեպքում, երբ հարեւան Վրաստանին սպառնում է մոտավորապես նույն ճակատագիրը, իսկ Թուրքիայում եւ Ադրբեջանում, ընդհակառակն, սպասվում ոչ միայն բնակչության աճ, այլեւ անհամեմատ ավելի երիտասարդ բնակչության, որտեղ յուրաքանչյուր անաշխատունակ տարիքի մարդուն (60 տարեկանից ավել կամ երեխա) բաժին է ընկնում 2 աշխատունակ տարիքի մարդ:
Այս տվյալները Հայաստանի դեպքում նախ և առաջ արտագաղթի վկայություններ են, իսկ արտագաղթը հետևանք է ոչ միայն սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի, այլև ապագայի հանդեպ անվստահության: Զարմանալիորեն ինչքան մեծանում է տնտեսական աճի տոկոսները, այնքան պակասում է Հայաստանում տնտեսական աճի հետ հույս կապող մարդկանց թիվը: Համարյա հակադարձ համեմատականով: Որևէ այլ երկրում սա կարող է պարադոքսալ հնչել, միայն թե` ոչ Հայաստանում: Որովհետև երկրում համախառն ներքին արդյունքի ավելացումը, երկրի ընդհանուր եկամուտների ավելացումը միայն մեծացնում է սոցիալական բևեռացումը` ավելացնելով աղքատ ապրող բնակչության` քանակական մեծամասնության և հարուստների` որակական մեծամասնության միջև գոյացած թե նյութական, թե սոցիալական, թե մշակութային անջրպետը:
Երևույթների այս ընթացքն ունի, ժողովրդագրական և ժողովրդագրական կազմի համաչափության խախտման բացարձակ թվային փոփոխություններից զատ, նաև այլ, էթնիկ միասնականության վաղուց արդեն խախտված հեռանկարի վտանգ: Բացի այն, որ Հայաստանի ներսում բնակչության տարբեր հատվածները միմյանցից հեռացել են իրենց ակնկալիքներով, ապագայի վերաբերյալ իրենց ծրագրերով ու հնարավորություններով, որով լրջորեն վնասվել է մեր ամբողջականությունը, արտագաղթը հղի է մի շարք այլ հեռանկարներով: Դիտարկենք դրանցից գոնե մեկը, որը խիստ հնարավոր է ներկայիս “միգրացիոն շուկայի” զարգացումների տրամաբանությամբ: Ենթադրենք /այս ենթադրությունն ունի հիսուն տոկոսից ավելի հավանականություն/ առաջիկայում մեր երկրում արտագաղթի և ծնելիության նվազման պատճառով և տնտեսության զարգացման հետևանքով պակասում է աշխատուժը: Հայաստանը միանում է ներգաղթ կազմակերպող երկրների շարքին: Ովքեր են Հայաստանի պոտենցիալ ներգաղթողները` ակնհայտ է. դրանք գործազուրկների մեծ ժավալներ ունեցող երկրների բնակիչներն են, որտեղ նույնիսկ այսօր հայերը “չեն հանգրվանում”: Ամենայն հավանականությամբ դրանք առաջավոր, հարավային և հարավ-արևելյան Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչներ կլինեն: Եվ տեսանելի ապագայում փոխվում է Հայաստանի էթնիկ կազմը` իր ետևից բերելով թե մշակութային, թե սոցիալական մի շարք չծրագրավորված, չկանխատեսված հետևանքներ: Ներգաղթողները փոխում են ոչ միայն մեր պետության էթնիկ դիմագիծը, ներկրում են իրենց մշակույթները, լեզուները, այլև առաջացնում են նրանց ադապտացիային ուղղված սոցիալական բազում ծրագրերի անհրաժեշտություն:
Հիմա՝ իմ կանխատեսումները: Դրանք երկու ուղղությամբ են: Առաջին՝ եթե երկրի ներքին զարգացումներում՝ կոռուպցիոն իրավիճակում, քաղաքացու պաշտպանության խնդիրներում ոչինչ չի փոխվելու, ապա ես միանում եմ վերոհիշյալ կանխատեսումներին: Երկրորդ՝ Հայաստանը դառնում է իրական հանրապետություն՝ հանրապետականության իշխող գաղափարով. քաղաքացին պաշտպանված եւ ապահով է, քաղաքացիների հնարավորությունները հիրավի հավասար եւ պաշտպանված են, ազնիվ, օրինավոր եւ աշխատելու կամք ունեցող մարդը մեր երկրի հարգարժան քաղաքացին է, եւ նրա պաշտպանվածության հիմնական երաշխիքները հենց սույն որակներն են: Կարծում եմ, կտրուկ փոխվում է միգրացիոն պատկերը: Հայաստանաբնակները ոչ միայն մնում են Հայաստանում, այլեւ երեխա են ունենում Հայաստանում, եւ Հայաստանի քաղաքացու արժանապատվության խնդիրն է դառնում իր երկրի պաշտպանությունը: Դրանով ինքնին՝ իր իրավունքների եւ իր ինքնուրույնության պաշտպանությունը: Հայաստանը դառնում է ներգաղթ ընդունող երկիր, բայց այս ներգաղթը տարածվում է նախ և առաջ սփյուռքահայության վրա: Սրան կարելի է հասնել, եթե մենք “ապրում” ենք, այսինքն ձևավորում ենք մեր իշխանությունը, թելադրում ենք այդ իշխանությանը, վերահսկում ենք այդ իշխանությունը, այսինքն իրականում տնօրինում ենք մեր ճակատագիրը և վերադարձնում ենք մեր արժանապատվությունը:

Սիրելի հայրենակիցներ

Չնայած այն բանին, որ երկրի զարգացման ընթացքի մասին խոսելիս մշտապես առաջ է գալիս կրթության առաջնահերթության հարցը, կրթություն-գիտություն կապն ապահովող ծրագրերի ներդրումը, իրականում կրթության ոլորտը մեր երկրի ամենաբարձիթողի ոլորտներից մեկն է` բոլոր մակարդակներում,-նախադպրոցական, դպրոցական, մասնագիտական, բարձրագույն: Ավելի անմխիթար է վիճակը գիտության ոլորտում` թե կազմակերպական, թե ներդրումների, թե համաձայնեցված ծրագրերի իմաստով: Գործնականում բացակայում է դպրոցական-մասնագիտական կրթություն-գիտություն կապը: Բոլորովին անհասկանալի է մասնագիտական կրթության ոլորտում “պետական պատվերի” իմաստը: Գիտության ոլորտների որևէ մասնագիտական ուղղության առաջնահերթության չի հռչակված և այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի արվում: Այս փաստն ինքնին նշանակում է, որ որևէ ծրագրված հեռանկար գիտության այս կամ այն ուղղության զարգացման հետ մենք չունենք: Այս պայմաններում անհամեմատ ավելի ազնիվ և շահավետ կլիներ հայտարարել, որ մեր երկիրը գիտության ոլորտում այլոց գիտական ձեռքբերումները “սպառելու” ծրագիր ունի, քան` գիտություն զարգացնելու: Այս “ինքնախոստովանությունը” ավելի նպատակային կդարձնի անհատ մարդկանց` գիտությամբ զբաղվելու ծրագրերը. նրանք կամ կկողմնորշվեն գիտությամբ զբաղվող կենտրոններ, կամ կկողմնորոշվեն այլոց գիտության արտադրանքի սպառման ուղղությամբ: Սովորաբար համաշխարհային գիտական և մշակութային գանձարանին ներդրման ցանկություն ունեցող երկրները արտադրանք տվողներն են, ոչ թե սպառողները: Մենք անընդհատ խոսում ենք, որ նյութական ռեսուրսներ չունենալով` մենք ունենք մարդկային ռեսուրսներ: Ազնիվ կլինի խոստովանել, որ մեր ժողովրդագրական ներկայով և կանխատեսելի ապագայով մեր մարդկային ռեսուրսները հեռանկարային չեն, իսկ գիտական ծրագրերի բացակայության պարագայում` նաև գիտական չեն: Ավելի լուրջ ու հեռանկարային կլինի, սակայն, հստակեցնել մեր երկրի համար ընդունելի գիտական ոլորտները և ամեն ջանք գործադրել դրանց զարգացման ուղղությամբ: Կրթության բոլոր մակարդակները ներառյալ:

Սիրելի հայրենակիցներ

Ձեր թուլյտվությամբ կրկին վերադառնամ 1988-1990 թվականները: Երկու տարի: Երկրաշարժ, Սումգայիթ, փախստականություն, ինքնիշխանության եւ ազգային ազատագրական պայքար, քաղաքական-գաղափարական բեւեռային տարբեր ուղղության հաստատման պայքար, համազգային նշանակության քաղաքական եւ մշակութային նոր ձեւերի փնտրտուք: Ողբերգությունն ու տոնը քայլում էին կողք-կողքի, միասին էին եւ, միաժամանակ՝ իրարամերժ: Ընդ որում, տոն բառն այստեղ գործածում եմ միանգամայն գիտակցորեն՝ տոն էր, քանի որ մարդիկ ապրում էին միասնական հույզերով, նույն ցանկություններով եւ, հիմնականում, վարքի ու բարոյականության նույն նորմերով՝ միմյանց հանդեպ կարեկցանքով, նվիրումով, անձնազոհության պատրաստակամությամբ, սիրո մթնոլորտում: Մենք հասարակություն էինք եւ հասարակություն էինք ամենադրական արժեքների գերիշխանությամբ: Ընդհանուր առմամբ, մենք մի մակարդակ ավելի սիրալիր, ներողամիտ, մեծահոգի, մարդասեր եւ նաեւ ազնիվ էինք, եւ այդ ամենը՝ թե՛ անհատապես, թե՛ խմբովի: Կարծում եմ, շատերս էինք այդպիսին՝ թե՛ հայերը, թե՛ այլազգիները՝ չնայած վերջիններիս հնարավոր տագնապներին ողջ տարածաշրջանն ընդգրկած ազգամիջյան բախումների պարագայում: Այլ կերպ ասած, դա Հայաստանի հասարակության ապրումներն էին, ոչ միայն հայ ժողովրդի: Իսկ հայերի պարագայում, հավանաբար, նաեւ ժողովրդի: Մեր առայժմ վերջին հիրավի համազգային տոնը՝ մեր կրքերի, հույզերի, ցավերի, ուրախությունների, հույսերի ու հիասթափությունների համաժամանակյա հրապարակային արտահայտությունը, մեր «բարեկենդանյանե տոնի համար տեւական, իրական կյանքի համար՝ բավական կարճատեւ շրջանը, մեր պատմության վերջին ցնցումների թե՛ իրական, թե՛ թատերական դրսեւորումների ձեւն ու բովանդակությունը մեր հուզական-մշակութային ամբողջականության ցայտուն դրսեւորումն էր, եւ ապացույցն այն բանի, որ մեր հասարակության՝ Հայաստանի պարագայում, եւ էթնիկ՝ հայ ժողովրդի պարագայում ամբողջականությունը միանգամայն հնարավոր է եւ իրականանալի: Եվ այն կարող էր շարունակվել, ճիշտ է, ոչ նույն պաթոսով, բայց զգալի չափով՝ նույն բովանդակությամբ, եթե այն շրջանի հասարակական արժեքները՝ սերը երկրի եւ միմյանց նկատմամբ, ազնվությունը, կարեկցանքը, պարզ մարդասիրությունը, մեծահոգությունը, արդարամտությունը եւ այլն հետագայում արժեւորվեին որպես հասարակությունն ատաղձող նորմեր: Փոխարենը շատ արագ եկավ «շահիե գաղափարը՝ այս կամ այն մարդու շահը, այս կամ այն խմբի շահը, կուսակցությունների շահը: Եվ այդ մասին խոսում ենք բարձրաձայն, իբրեւ թե՝ իրատեսորեն: Այսինքն՝ իբրեւ թե իրատեսական է անհատի եւ խմբի մի մասի շահը առաջնային համարելը եւ դրանով առաջնորդվելը: Արդյունքում հասարակական եւ ազգային շահը, երկրի շահը, սովորական քաղաքացու շահը կուլ գնաց անհատական եւ խմբային շահերին: Իսկ հասարակական եւ ազգային շահի/շահերի մասին խոսում ենք ամոթխածորեն, ինչպես խոսում են սենտիմենտալ եւ գավառական երեւույթների մասին: Մեր հասարակական արժեքների շարքում մարդկային վարքի պարզ, հասարակ, հասկանալի, ազնիվ նորմերը իրենց տեղը զիջեցին, մի դեպքում՝ անձանց եւ խմբերի նյութական շահերին, մյուս դեպքում՝ գիշատիչ հակումները հասկանալուն ուղղված քարոզչությանը: Դրանից էլ՝ հասարակական հուզական-մշակութային միասնականությունը եւ ամբողջականությունը ստորադասվեց «շահինե: Մինչդեռ ամբողջականությունն ու միասնականությունն ինքնին Հայաստանի հասարակության ու երկրի, հայ ժողովրդի գլխավոր շահն է: Ինչպես ողջ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության եւ իրավունքի պաշտպանվածությունը, նրա անձի եւ ունեցվածքի պաշտպանվածությունը, միմյանց հանդեպ հարգանքի ու սիրո զգացումը, ազնվությունը, արդարությունը, մեր «մենքիե զգացողությունն ու դրա կիրառական դրսեւորումները: Մենք սույն արժեքները որակեցինք հարաբերական արժեքներ՝ զրկելով դրանք իրենց բովանդակությունից: Մինչդեռ դրանք բացարձակ արժեքներ են: Մենք գլխավոր եւ դրական շահը ստորադասեցինք մանր ու բացասական շահերին: Այս կամ այն չափով շատերս ընդունեցինք հիշյալ որակներով հասարակական եւ միջանձնային հարաբերությունների հաստատվող նորմերը՝ լռելյայն կամ ակտիվ փորձեցինք «տեղավորվելե այդ մշակույթում, այդ «հակամշակույթումե: Հանգիստ կամ լուռ անցնում ենք մուրացող հաշմանդամների կողքով, աղքատացումից ու ծանր աշխատանքից հիստերիկ դարձած ու կոպտացած կանանց կողքով, գործազուրկ ու հարբեցող տղամարդկանց, դպրոց չհաճախող երեխաների կողքով՝ շտապելով խեղդել նրանց հանդեպ կարեկցանքն ու մոռանալ նրանց կշտամբող գոյությունը, որովհետեւ «դե ի՞նչ կարող ենք անելե: Իսկ երբեմն էլ՝ մեղադրել հենց նրանց: Մեղադրել խեղճության համար: Լավագույն դեպքում՝ մի փոքր դրամ տալ, եթե խնդրում են: Երբեմն՝ կանգնել ու լսել նրանց բողոքները: Հաճախ՝ արդարացի բողոքները: Որպեսզի մեզ չլափի մեղքի զգացումը: Արդյունքում ներկայիս Հայաստանի մարդկանց հույզերի ամբողջականությունը, կարծում եմ, կարելի է բնութագրել որպես դժգոհություն, վիրավորվածություն, հուսալքություն հասարակության քանակական մեծամասնության համար, բավարարվածություն, վրեժխնդրություն՝ փոքրամասնության համար, նախանձ եւ անտարբերություն՝ շատերի համար: Այս զգայական խճանկարը միայն նպաստում է հասարակական պասիվ անջատողականությանը: Նաև` մեր երկրի բնակչության, մեր հասարակության իրական մշակութային պահանջարկի ձևավորմանը: Մեր երկրում ինքնատարածվում կամ տարաժման հնարավորություն ստանում են աշխարհի զգալիորեն ցածրարժեք մշակութային արտադրանքը: Հիրավի, ինչքան հասարակության մեջ խեղվել են մարդկային բարձրաժեք հարաբերությունները, նույքան խեղվել է բարձրաժեք մշակութային պահանջարկը: Ազնիվ, արժանապատիվ, բարեկիրթ հասարակությունը պահանջում և ստանում է իր որակներին համարժեք մշակույթ, արվեստ և ընդհակառակն` բարձրաժեք հոգևոր և նյութական մշակույթը, արվեստը դաստիարակում է ազնիվ, արժանապատիվ, բարեկիրթ հասարակություն: Նյութապես և հասարակայնորեն աղքատ կամ աղքատացած հասարակությունն օբյեկտիվորեն ունի աղքատ մշակութային պահանջարկ:
Կարծում եմ, որ մեր երկրի հասարակական և կենցաղային հարաբերությունները լիովին համապատասխանում են մեր երկրի ներկայիս մշակութային առաջարկին: Այս երևույթը հատուկ է բոլոր հասարակություններին` առանց նրանց էթնիկ պատկանելության, և դրանք ակտիվանում կամ պասիվանում են ոչ թե նրանց էթնիկ որակների պատճառով, այլ` այս կամ այն պատճառով նրանց կամային հատկանիշների թուլացման շրջանում: Իրականում մեր կամային հատկանիշներն են թուլացել, մեր ճակատագիրը տնօրինելու փոխարեն մենք պասիվ-հայեցողական սպասում ենք, կամ, լավագույն դեպքում, “պահանջում ենք”, որ մեր ճակատագիրը տնօրինի Եվրոպան, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը… Գործելու փոխարեն բողոքում ենք: Մեր այսօրվա գլխավոր հասարակական կարծրատիպն, ըստ երևույթին, կարելի է անվանել “պահանջատիրությունը”` թե միմյանցից, թե “աշխարհից”, որը, սակայն, չի խրախուսվում մեր ներիքին համախմբվածությամբ:
Ստեղծված իրավիճակի համար իրականում մեզնից յուրաքանչյուրն ունի մեղքի իր բաժինը: Լուծումները, կարծում եմ, կգան, երբ մեր հասարակության մեջ շատերը իրենք իրենց մեղավոր կհամարեն և մեղավոր կզգան ստեղծված իրավիճակի համար: Եվ կփորձեն մասնակցել լուծումներին: Մեր սպասելիքը մենք ինքներս պիտի իրականացնենք, սպասելու փոխարեն մենք պիտի գործենք:
Եթե այսօր տեղից չշարժվենք, չմասնակցենք լուծումներին, լուծումներն այլոցից պահանջենք և սպասենք, աշխարհում ձևավորվող ու տարածվող կարևորագույն արժեքների հետ կհարդակցվենք լավագույն դեպքում որպես սպառողներ: Մեր կյանքը, մեր ճակատագիրը ինքներս տնօրինելու դեպքում, ընդհակառակն, կմասնակցենք այդ արժեքների ձավորմանը: Եվ վերջապես կդադարենք ինքներս մեզ շարունակ հարց տալ, թե “ու՞ր ենք գնում”, “ինչու՞ ենք գնում”: Սրանք “գոյատևողի” հարցերն են: “Գնալու” դեպքում մենք “կապրենք”, այսինքն` կստեղծենք, կապրենք արարումի ուրախությունը և աշխարհի զարգացման ճանապարհին կունենանք մեր արահետը, որը, գուցե, ընդհանուր ճանապարհի մասը լինի: