|
|
ՆՅՈՒԹԵՐ / ԱԺԿ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ`
ԿԱՄՈ ԵՓՐԵՄՅԱՆ |
 2001թ. կայացած ԱԺԿ հիմնադիր համագումարը հասարակությանը ներկայացրեց ԼՂՀ հիմնախնդրի և կարգավորման ուղիների վերաբերյալ սեփական տեսակետը, որը ելնում է ԼՂ միջազգային ճանաչումից: Անցած տարիները միայն ամրապնդեցին մեր համոզմունքը, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը պետք է կազմի ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական առանցքը: Մեր մոտեցումը հիմնված է հետևյալ փաստարկների վրա`
1. 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂ-ի ժողովուրդը արտահայտվեց անկախ պետություն կառուցելու օգտին, որն ինքնին կարող էր բավարար լինել: Իրավական տեսակետից ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրականացումը կատարյալ է` այն իրականացվել է միջազգային իրավունքի նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան (խոսքը 1990թ. ապրիլի 3-ի «Խորհրդային Միությունից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքին է վերաբերում): Համաձայն այդ օրենքի` միութենական հանրապետության միության կազմից դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները և հավաք ապրող ազգային փոքրամասնությունները իրավունք էին ստանում դուրս գալու հանրապետության կազմից և դարնալու ինքնուրույն սուբյեկտ:
2. ԼՂ-ը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:
3. ԼՂ-ում առկա են ժողովրդավարական պետականության անհրաժեշտ բոլոր հատկանիշները:
- Քաղաքացիական հասարակության զարգացում.
- Իշխանության ճյուղերի տարանջատում.
- Իշխանության բոլոր մակարդակներում պարբերաբար անցկացվող ազատ և արդար ընտրությունների ինստիտուտի արմատավորում.
- Քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող և իր սահմանները պաշտպանելու ունակ մարտունակ բանակ.
- Հանրաքվեով ընդունված ժողովրդավարական սահմանադրություն:
Ցավոք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը այս կամ այն կերպ շեղվել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, որպես հակամարտության կարգավորման հայեցակարգի հիմնական առանցք ընդունելու ռազմավարությունից: Մասնավորապես միասնական պետության մոտեցումը Ադրբեջանին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու հակամարտությունը որպես տարածքային վեճ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը, որպես ագրեսոր: Ցավոք միջազգային հանրության ավելի մեծ հատված հակվում է դեպի այդ տեսակետը, վկա ԵԽ-ի 2005թ. ընդունված բանաձևը: Չափազանց կարևոր է հստակեցնել, թե որն է ՀՀ դերը ԼՂ-ի հակամարտության հարցում:
Ելնելով ինքնորոշման ԼՂՀ միջազգային ճանաչման հայեցակարգային մոտեցումից` Հայաստանը ԼՂ հարցում ունի հետևյալ գործառույթները.
- ՀՀ-ն ԼՂՀ և ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Հայաստանի ԼՂ-ին տրամադրած օգնությունը ինչպես մինչև 1994թ. զինադադարը, այնպես էլ ապագայում Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունների դեպքում, համապատասխանում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1981թ. դեկտեմբերի 9-ի «Ինտերվենցիայի անընդունելիության և պետության ներքին գործերին չմիջամտելու մասին» դեկլարացիային: Այդ դեկլարացիան պնդում է, որ «Պետությունների ներքին գործերին չմիջամտելը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին» և ամրագրում է «Պետությունների իրավունքը և պարտականությու’նը» լիարժեք սատարելու ժողովուրդների, ազատությանը և անկախությանը»
- Հայաստանը ԼՂՀ անկախության և միջազգային ճանաչման երաշխավորն է:
- Քանի դեռ ԼՂՀ-ն ճանաչված չէ Հայաստանը պետք է նպաստի, որպեսզի միջազգային հանրությանը հասնի ԼՂՀ ձայնը: Սակայն ոչ մի դեպքում, այդ թվում բանակցային գործընթացներում, Հայաստանը իրենով չպետք է փոխարինի ԼՂ-ին: Եվ որևէ մեկը պատրանք չպետք է ունենա, որ առանց ԼՂՀ-ի լիարժեք մասնակցության հնարավոր է հասնել հարցի կարգավորմանը:
ԱԺԿ-ն անընդունելի է համարում, որ որևէ հայաստանյան պետական կամ քաղաքական գործիչ իրեն իրավունք կարող է վերապահել քննարկման առարկա դարձնել ԼՂ-ի կարգավիճակի հարցը, ազատագրված տարածքների հարցը, փախստականների իրենց նախկին բնակության վայրերը վերադարձի հետ կապված հարցեր: Այդ հարցերը իրավասու է լուծել միմիայն ԼՂՀ-ն: Ի դեպ Ադրբեջանը ցանկացած պատրվակ օգտագործում է խոսելու իբր մեկ միլիոն փախստականների մասին, իսկ մենք կարծես թե մոռացել ենք, որ ունենք Ադրբեջանից բռնագաղթված մոտ 350 000 փախստական, որոնց խնդիրները մինչ օրս լուծված չեն:
ԱԺԿ-ն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ բռնագաղթված և փախստական յուրաքանչյուր հայ իրավունք ունի հիմնական բնակություն հաստատել ազատագրված տարածքներում, որպես կորցված հայրենիքի փոխհատուցում:
ԱԺԿ-ն համոզված է, որ ժողովրդավարության հետագա խորացումը ԼՂՀ-ում և Հայաստանում հիմնարար նշանակություն ունի ԼՂՀ միջազգային ճանաչման համար: Այդ ուղղությամբ ԼՂՀ-ում կատարվում են դրական քայլեր: Այս առումով մենք կարևորում ենք վերջերս հանրաքվեով ընդունված սահմանադրությունը: ԱԺԿ-ն պնդում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող արդյունավետ հետամուտ լինել ԼՂՀ միջազգային ճանաչմանը, քանի դեռ Հայաստանը իրավական ժողովրդավարական պետություն չէ, քանի դեռ արհամարհվում է ժողովրդի կամքը: ԼՂՀ միջազգային ճանաչման հիմնական գրավականը ժողովրդավարական Հայաստանն է ու ժողովրդավարական Արցախը: ժողովրդավարությունը իրական հակակշիռ է Ադրբեջանի նավթային դոլարներին, բայց երկու հայկական պետությունների ժողովրդավարացումը ոչ թե Արևմուտքին դուր գալու համար է արվելու, այլ արվելու է, որովհետև առանց ժողովրդավարական իրավական պետության անհնար է ունենալ զարգացած մրցակցային տնտեսություն, հզոր բանակ և հայրենասիրությամբ տոգորված համախմբված ժողովուրդ: Այս առումով առաջիկա ընտրությունները կարող են բեկումնային լինել նաև ԼՂՀ միջազգային ճանաչման համար:
| | |
|
|
|