www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՏԱՐՎՈՒՄ Է ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


"Հայոց աշխարհ",
www.armworld.am, 23 Մարտի 2007



Իբր, արդեն ամեն ինչ կանխորոշված է

Արդյոք կանխորոշվա՞ծ են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ “Փակագիծ” ակումբի երեկվա հյուրը՝ ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ, այս կարեւոր հարցադրման պատասխանն ուներ։
Փորձառու պատգամավորը նույնիսկ չի երկմտում, քանզի վստահ է. “Ո՛չ, կանխորոշված չեն ընտրությունների արդյունքները”։ Այլ հարց է, որ վերջին ամիսներին, ըստ Շ.Քոչարյանի, իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են այնպիսի “քաղաքականություն”, որ տպավորություն ստեղծվի, թե արդեն ընտրությունների արդյունքները կանխորոշված են։
“Վերջին ամիսների ընթացքում գնում է նպատակային, խորը մտածված քաղաքականություն։ Ինչը ուղղված է մեկ բանի, որպեսզի այն հսկայական ակտիվ զանգվածը, որը մտահոգված է երկրի վիճակով եւ ցանկանում է, որ փոփոխություններ լինեն երկրում, այդ զանգվածը չգնա ընտրությունների։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Փորձել համոզել հասարակությանը, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են”,- հայտարարեց ակումբի հյուրը։

Ինչպե՞ս են փորձում համոզել կամ տպավորություն ստեղծել։ Ըստ ԱԺԿ նախագահի, ամենուր բացված շտաբներով, կուսակցությունների կողմից հայտարարված թվերով (իրենց անդամների մասին), բացահայտորեն արվող “բարեգործություններով”։ Ժողովուրդը, այս ամենը տեսնելով, մտածում է. “Տեսեք, բոլորին ասել են, ուրեմն, վերջ, անիմաստ է արդեն ընտրություններին գնալը, իմ ձայնը ոչինչ չի որոշելու”։

Մյուս կողմից էլ “կուտ է գցվում ընդդիմությանը, եւ ընդդիմությունը դա կուլ է տալիս, այսինքն՝ անընդհատ ասվում է, թե միայն միավորվելով է հնարավոր հարցեր լուծել, առանց դրա անհնար է”,¬ շարունակելով ներկայացնել “իշխանության ռազմավարությունը”` նշեց Շ.Քոչարյանը։ Վերջինիս դիտարկմամբ նաեւ “վարպետորեն տարվում է մի գիծ, որ ընդդիմությունը թույլ է, եւ այլընտրանք չկա ներկա իշխանություններին։ Այսինքն՝ որ ժողովուրդը կարծի, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, եւ չգնա ընտրությունների”։

Բայց, իհարկե, բանախոսը համոզված է, որ արդեն շատ շուտով, քարոզարշավի հենց սկզբում “ժողովրդին հիասթափեցնելու քաղաքականությունը” այլեւս ազդեցություն չի ունենա։ Կսկսվի ճիշտ հակառակ գործընթացը՝ ժողովուրդը խորացող նիհիլիզմից դուրս գալու ելքեր կգտնի, կկարողանա հաղթահարել “ասիմետրիկ մտածելակերպը” եւ կգիտակցի, որ իր ակտիվությունից շատ բան է կախված։ “Վիրավորական է մտածել, որ մեր ժողովրդին կարելի է կաշառել։ Եթե տուկի թելով, կարտոֆիլով կամ մի այլ ձեւով հնարավոր լիներ գնել մեր ժողովրդին, որպեսզի կանխորոշեինք ընտրությունների արդյունքները, մեզանում կեղծիքներ չէին լինի”,¬ համոզված է ընդդիմադիր լիդերը։

Շ.Քոչարյանը ընդդիմադիր գործընկերների նման մեկուկես ամիս առաջ չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա մայիսի 12¬ից հետո։ Չի կարող կանխատեսել, թե ինչ է սպասվում՝ ժողովուրդը կթափվի՞ փողոց, ցնցումնե՞ր կլինեն, թե՞ ճակատամարտ։ Քանզի հետընտրական զարգացումները պայմանավորված են քվեարկության արդյունքներով։ Դրանք կեղծվելու դեպքում, ըստ բանախոսի, պարտադիր չէ, որ ցնցումներ լինեն։ Պարզապես իշխանությունները “պարալիզացվում” են եւ վերջ. “Կա երկու ճանապարհ դուրս գալու այս վիճակից։ Մի այնպիսի մեծ զանգված է գնում ընտրությունների, որից հետո արդեն ուղղակի պարալիզացվում է իշխանությունների կամքը՝ ամեն գնով մնալու իշխանություն։ Այդ ճանապարհը մենք տեսել ենք հետկոմունիստական շատ երկրներում։ Պարտադիր չէ, որ ցնցումներ լինեն”։
Իսկ եթե համառորեն չեն պարալիզացվում, երկրորդ ճանապարհը եւս հայտնի է՝ տեղի է ունենում թավշյա հեղափոխություն։

ԱԺԿ նախագահը չափազանց ոգեւորված է, որ այս անգամ մեր երկիր է ժամանում եվրոպացի դիտորդների “պատկառելի կազմ” եւ այն էլ այսքան վաղ՝ նախընտրական մոնիտորինգ անցկացնելու նպատակով։ “Այն դիտորդական առաքելությունը, որ լինելու է այս անգամ Հայաստանում, աննախադեպ է մեր պատմության ընթացքում։ Ինչո՞ւ։ Ոորվհետեւ Եվրոպայի խորհուրդը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջեւ։ Կամ Ադրբեջանի, Ռուսաստանի պես գնալու է դեպի բռնապետություն։ Կամ էլ վերջապես կսկսի գնալ դեպի ժողովրդավարական¬իրավական երկիր”,¬ հայտարարեց Շ.Քոչարյանը, միաժամանակ նկատելով, որ սա գիտակցում է նաեւ մեր իշխանության զգալի հատվածը։

Այն, որ դեպի բռնապետություն գլորվելու գործընթացը մեր երկրում վերջին երկու տարիներին “կանգ է առել”, դա ակնհայտ է։ Եւ այդ մասին են վկայում “Ֆրիդոմ Հաուզի” վերջին տվյալները, որոնց ծանոթանալով, Շ.Քոչարյանը նաեւ արձանագրում է, որ, այո, ժողովրդավարության հաստատման առումով մեր երկրում “չնչին բարելավում կա”։