www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԱԶԳԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ


"Հայոց աշխարհ",
www.armworld.am, 19 Ապրիլի 2007

“Հայացք” ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Ըստ բանախոսի, այսօր քաղաքական տարբեր ուժեր այսօր բազմաթիվ խոստումներ են տալիս՝ կապված ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հետ. աշխատատեղեր կստեղծենք, աշխատավարձը, թոշակները կբարձրացնենք եւ այլն, եւ այլն: Մինչդեռ ԱԺԿ-ի համար մի բան անկասկած է. միայն խոստումներով, առանց մեխանիզմներ առաջարկելու, առանց բացահայտելու այն պատճառը, որը թույլ չի տալիս երկրում սոցիալական բարեկեցիկ վիճակի ապահովում, հնարավոր չէ հիշյալ խնդիրների լուծումը:

Շ.Քոչարյանի հավաստմամբ, բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե Հայաստանում ժողովուրդն իրական իշխանության տերը լինի:

-Միայն այն պարագայում, երբ ժողովուրդը դառնա իշխանության իրական տեր, կկարողանանք խոսել ե՛ւ տնտեսության առողջացման, ե՛ւ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման մասին,- ասաց նա եւ բացատրեց, թե ինչ նկատի ունի ասելով, որ ժողովուրդն իշխանության իրական տեր դառնա:

Ըստ ԱԺԿ նախագահի, ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչել իրեն չարդարացրած խորհրդարանին եւ վերջինիս ձեւավորած կառավարությանը:։ Այդ դեպքում չեն լինի շռայլ, իրականությանը չհամապատասխանող խոստումներ, իսկ իշխանությունը ստիպված կլինի կատարել այն գործառույթը, որին կոչված է՝ ծառայել ժողովրդին:

Երկրորդ խնդիրն այն է, որ մարդը Հայաստանում անպաշտպան է չինովնիկների, պետական եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների ոտնձգություններից, որոշումներից (Հյուսիսային պողոտայի հետ կապված հայտնի զարգացումները բերեց որպես օրինակ): Իսկ ի՞նչ պետք է անել նշված խնդիրը լուծելու համար:

-Պետք է անել այն, ինչ որ գոյություն ունի շատ երկրներում. Հայաստանում, եւ մենք դրան հասնելու ենք ապագա խորհրդարանում, պետք է ստեղծել վարչական դատարաններ,- ասաց նա: -Վարչական դատարանի խնդիրը հենց այն է, որ այն որոշումները, որոնք հակասում են օրենքներին, ոտնահարում են մարդու իրավունքները՝ մարդկանց խմբի, առանձին անհատի, չեղյալ հայտարարվեն:


Հաջորդ դրույթը վերաբերում է տնտեսության առողջացմանը: Տնտեսության արդյունավետ առողջացման մասին խոսելն ուղղակի անիմաստ է, քանի դեռ բիզնեսը ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման պաշտոն իրականում անհամատեղելի չեն դարձել:

-Այն պետական պաշտոնյան, որը սկսում է զբաղվել տնտեսական գործունեությամբ, անմիջապես պետք է ազատի պաշտոնը եւ հակառակը,- գտնում է Շ.Քոչարյանը:-Եթե բիզնեսմենը ցանկանում է զբաղեցնել պետական պաշտոն, նա անմիջապես պետք է վաճառի իր բիզնեսը։ Միայն այդ դեպքում այն պորտալարը, որ կապում է քաղաքական իշխանությունը եւ ստվերային տնտեսությունը, կկտրվի: Այդ դեպքում կարելի է խոսել կաշառակերությունը հաղթահարելու, աշխատատեղեր ստեղծելու, մրցակցային տնտեսություն ունենալու, ստվերային տնտեսությունը վերացնելու մասին:

ԱԺԿ-ի համար հաջորդ կարեւոր խնդիրն այն է, որ մարզերի, սահմանամերձ շրջանների բնակիչներն արտագաղթում են, մի մասն էլ գալիս է Երեւան, իսկ մայրաքաղաքում տեղի է ունենում գերկենտրոնացում:

-Պետք է հստակ ծրագիր՝ ուղղված երկրում քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական կյանքի ապակենտրոնացմանը,- ասաց Շ.Քոչարյանը։

Այդ նպատակին կարելի է հասնել` մարզերում հարկերը կտրուկ նվազեցնելով, որոշ դեպքերում այնտեղ նոր արտադրություն ստեղծողներին հաշված տարիների ընթացքում հարկերից ազատելով: Դա ձեռնտու կլինի ե՛ւ փողատերերին, ե՛ւ տեղերի բնակչությանը, ե՛ւ բյուջեին։ Բյուջեն թեպետ ժամանակավոր կորուստ կկրի հարկերն իջեցնելու պարագայում, իրականում արտադրությունն ամբողջ երկրում համաչափ զարգացնելու պարագայում, կհարստանա:

-Եւս մեկ շատ կարճ, պարզ մեխանիզմ՝ անվճար կրթություն անապահով խավերի համար,- ասաց Շ.Քոչարյանը եւ հավելեց, որ պետպատվերն իր նպատակին չի ծառայում:

Խնդիրը լուծելու նպատակով ԱԺԿ-ն առաջարկում է հետեւյալը՝ պետպատվերով սովորելու համար երիտասարդը կնքում է պայմանագիր, որով պարտավորվում է պետության հաշվին ստանալով կրթություն, 5 տարի աշխատել շրջանում՝ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա:

Ըստ Շ.Քոչարյանի, ընտրություններից ԱԺԿ-ի ակնկալությունները մեծ են: Նրա կարծիքով, ԱԺԿ-ին իր ձայնը կտա զգալի մասն այն մարդկանց, որոնք այսօր դեռեւս հակված չեն գնալ ընտրությունների, բայց, ի վերջո, կգնան:

-Ինչքան բարձր եղավ ժողովրդի մասնակցությունը, այնքան որակապես այլ կլինի խորհրդարանը,- համոզված է կուսակցության նախագահը: -Ավելին՝ չնայած շատերի պատկերացմանը, թե ընտրությունների արդյունքը կանխորոշված է, իշխանությունը վերարտադրվելու է եւ բարձր մասնակցության դեպքում իշխանությունը պարտվելու է: