www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՏՏ ՈԼՈՐՏԸ ԱՎԵԼԻ ԱՐՏՈՆՅԱ՞Լ ՎԻՃԱԿՈՒՄ


"Հայաստանի Հանրապետություն",
www.hhpress.am, 20 Ապրիլի 2007
 

ԱԺԿ-ն Հայաստանի ապագան վստահում է բարձր տեխնոլոգիաներին

ԱԺԿ նախընտրական քարոզարշավի երեկվա օրը «զանգվածային» չէր, բայց բավական յուրօրինակ էր իր ձեւաչափով: Կուսակցությունը դահլիճ էր հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետների, որոնց ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցության ծրագիրը եւ մանրամասնեց դրանում տեղ գտած գաղափարները ՏՏ ոլորտի զարգացման մասին: Սլայդ-շոուի միջոցով ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը պատմեց 2000-ին Ազգային ժողովում ՏՏ զարգացման խնդիրների շուրջ խորհրդարանական լսումների եւ դրանց արդյունքների մասին: Նա հիշեցրեց, որ այդ լսումները հանգեցրին այն բանին, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ ստեղծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, որի շնորհիվ գործը տեղից շարժվեց: Բայց Շավարշ Քոչարյանը բավարար չի համարում զարգացման տեմպերը; Նրա համոզմամբ Հայաստանում ՏՏ ոլորտն էլ ավելի արտոնյալ վիճակում պետք է լինի, քան մեր հարեւան երկրներում, որոնք բնական ռեսուրսներով հարուստ են: Առանց այդ էլ այս ոլորտի տարեկան եկամուտը, ըստ բանախոսի, կազմում է 20-30 միլիոն դոլար, բայց այն մնում է ստվերում, որովհետեւ պետությունը պատշաճ կերպով չի գնահատում ոլորտի հնարավորությունները: ԱԺԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Առաքելյանը նկատեց, որ այս ոլորտը հարկվում է ճիշտ այնպես եւ այնքան, որքան մյուս ոլորտները: Ըստ նրա, եթե Հայաստանում աշխատանքի միջին արտադրողականությունը 2000 դոլար է, ապա ՏՏ ոլորտում այն 20 հազար դոլար է, իսկ ԱՄՆ-ում նույն ոլորտի միջին աշխատանքային արտադրողականությունը 200 հազար է՝ մեկ մարդու տարեկան արտադրանքը կազմում է մեկ միլիոն դոլար: Եվ սրան ամերիկացիները հասել են հարկային արտոնությունների, պետական աջակցության այլ ձեւերի շնորհիվ:


Շ. Քոչարյանն այս ոլորտի կառավարման իր սեփական առաջարկություններն ուներ, որոնք հետաքրքրեցին ներկաներին: Դրանք բխում են ոլորտի կարեւորությունից. ՏՏ ոլորտի շահույթը մեծ է լինում եւ միանգամից, եթե նպաստավոր պայմաններ են ստեղծվում, չի պահանջվում ֆինանսական մեծ միջոցներ, տարածքներ, էներգիայի ծախս, կանխվում է որակյալ մասնագետների արտահոսքը: Եվ վերջապես այս ոլորտի առավելությունն այն է, որ օգտվում է մշտական պահանջարկից եւ մշտապես առկա է պահանջարկի դեֆիցիտ: Շ. Քոչարյանը նկատեց նաեւ, որ հարեւան Ադրբեջանում տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառվում են քարոզչական նպատակներով. չկա եվրոպական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, որի էլեկտրոնյին հասցեները չհեղեղվեն «Խոջալուի», «հայերի եկվորության» եւ այլ հորինվածքների մասին նամակներով: «Մենք դրա կարիքը չունենք, մենք պետք է ներկայացնենք իրականությունը, բայց չենք անում՝ հավատալով, որ ճշմարտությունն ինքնին խոսուն է: Ոչ: Եթե չես հակակշռում քո փատերով, սկսում են հավատալ ստացված միակողմանի տեղեկություններին»,–ասաց Շ. Քոչարյանը:

Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ