www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՈՐ ՈՒՂՂՎԱԾ Է ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


"Հայոց աշխարհ", չորեքշաբթի, 24 Մայիս 2006

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում վերջին զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ԱԺ պատգամավոր, ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ

- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս եք գնահատում "Օրինաց երկիր"-"Ազգային միաբանություն" զարգացող հակադրությունը£ Սա լիդերների՞, թե՞ կուսակցությունների մրցակցություն է, եւ ինչո՞ւ ՕԵԿ-ին փշերով են դիմավորում ընդդիմադիր դաշտում£

- Բոլոր դեպքերում սա, անշուշտ, չի նպաստում ժողովրդի մեջ ընդդիմադիր քաղաքական դաշտի նկատմամբ վստահության ամրապնդմանը£ Որովհետեւ քաղաքական կուսակցություններն ու լիդերները իրականում կանգնած են նոր իրողությունների գիտակցման, նոր պայմաններում նորովի գործելու հրամայականի առջեւ£ Առայժմ ականատես ենք ընդդիմության մեջ ավանդական դարձած ներքին պայքարին լիդերության համար£ Մինչդեռ Հայաստանում կա անսպառ հնարավորությունների դաշտ£ Ընդդիմությունը պարտավոր է կրկին իր կողմը հրավիրել հասարակության այն ակտիվ զանգվածին, որը, վերջին տարիներին աստիճանաբար հիասթափվելով քաղաքական գործընթացներից, կորցրել է վստահությունը կուսակցությունների նկատմամբ£

- Այդ դեպքում ո՞ր ընտրազանգվածն է հարում ընդդիմության գաղափարներին£

- Փաստ է եւ ցավալի հանգամանք, որ քաղաքական կուսակցություններին հարող բնակչության ակտիվ շերտը աստիճանաբար փոքրանում է£ իտակցված թե ոչ, ընդդիմադիր քաղաքական ուժերը միմյանց դեմ պայքարում են այդ փոքրացող զանգվածի ձայներն իրար մեջ բաշխելու համար£


- Իսկ ինչո՞ւ է այդ ակտիվ զանգվածը նվազում։

- Նախ` օբյեկտիվ պայմանների պատճառով։ Նախորդ սահմանադրությամբ իրական իշխանությունը երկրում կենտրոնացած էր նախագահի ինստիտուտի ձեռքում։ Իսկ քաղաքական դաշտը բավարար ազդեցություն չուներ իշխանության համակարգի վրա։ Այդ թվում` սահմանափակ են նույնիսկ իշխանական կուսակցությունների ռեսուրսները։ Երկրորդ կարեւոր պատճառը` ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի ընտրությունների արդյունքներից պարբերական եւ արդարացված հիասթափությունն է, երբ իրենց քվեն իրական արտահայտություն չի ստանում ընտրությունների ժամանակ։ Եւ վերջապես` վերջին տարիներին ընդդիմության ճամբարում էլ սկսվեց իմիտացիոն գործընթացների մի փուլ։ Երբ առանց լուրջ հիմքի հայտարարվում էր հեղափոխությունների մասին, ժամկետներ էին նշվում։ Դրա համար էլ ընդդիմությանն աջակցող ակտիվ շերտը գնալով նվազում է` դրա հաշվին ավելանում է իրավիճակից դժգոհ, բայց պասիվ կեցվածք ունեցող ընտրողների խումբը, որը հիմա թերեւս ամենամեծն է։

- Ի՞նչ հնարավորություն ունի ընդդիմությունն այս իրադրությունը փոխելու համար։

- Հնարավորություն ընձեռվել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Իշխանության լիազորությունները հիմնական մասով տեղափոխվում են խորհրդարան։ Եթե Ազգային ժողովը երկրի կառավարման առումով այսուհետ առաջնային դեր է ունենալու, դա հնարավորություն է տալիս ոչ միայն ընդդիմությանը, այլեւ առհասարակ քաղաքական կուսակցություններին լրջորեն աշխատել նշածս պասիվ զանգվածի հետ, մղել նրան ակտիվության։

- Բայց դրա համար ընդդիմությունը պետք է նաեւ միավորվի։ Որքանո՞վ է հավանական գոնե 2-3 խոշոր ընդդիմադիր դաշինքների ձեւավորումը։

- Հիմա դժվար է կանխատեսել։ Բայց այս գործընթացում դրականն այն է, որ շատերը սկսում են գիտակցել գալիք խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը։ Այսօրվա խմորումներն ընդդիմադիր դաշտում դրա արդյունք են եւ կարող են հանգեցնել իրավիճակի որոշակի փոփոխության։ Միաժամանակ նույնպիսի խմորումներ կան իշխանամետ ուժերի մեջ, ընթանում է նոր կուսակցությունների ձեւավորման գործընթաց։ Այս ողջ ընդհանուր պրոցեսում դրականն այն է, որ հնարավորություն է առաջանում իշխանության կենտրոնը նախագահի ինստիտուտից տեղափոխել խորհրդարան` ներկայացուցչական մարմին։ Չնայած շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչպիսին կլինի 2007-ին ընտրվող խորհրդարանի կազմը, որովհետեւ դրական միտումներին զուգընթաց կան լուրջ վտանգներ` ոչ այնքան քաղաքական ուժերի ազդեցության ընդլայնման առումով։

- Նկատի ունեք տնտեսավարողների՞ դերի բարձրացումը կուսակցությունների ստեղծման գործընթացում։

- Այո՛, որովհետեւ քաղաքական իշխանությունը կարող է հայտնվել ստվերային կամ թեկուզ ոչ ստվերային, բայց տնտեսական եւ ֆինանսական ռեսուրսների տիրապետող մարդկանց փոքր խմբի ձեռքում։ Մինչ օրս նրանք մասնակի էին ներկայացված իշխանության մեջ եւ ունեին օժանդակ դերակատարություն, երբ իշխանությունը փորձում էր լուծել իր խնդիրները կամ կայացնել որոշումներ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, եթե զարգացումները աննպաստ լինեն, նրանք կարող են հավակնել քաղաքական որոշումների կայացման գործառույթ ստանձնելուն։ Սա մարտահրավեր է, որ ուղղված է բոլոր կուսակցություններին։

- Գտնում եք, որ կուսակցությունները, այդ թվում` իշխանական, պատրաստ չե՞ն այդ մարտահրավերին դիմագրավելուն։

- Չէի ասի` պատրաստ չեն, բայց իրական վտանգ կա։ Ըստ որում ասվածը չի նշանակում, թե նոր ստեղծվող կուսակցությունների ցանկը վերեւից ներքեւ համալրված է լինելու օլիգարխներով։ Ընդհակառակը` կարող են լինել ժողովրդի համար բավական ընդունելի դեմքեր, բայց նրանց փոխարեն քաղաքական որոշումները կկայացնեն խոշոր տնտեսական ռեսուրսների տիրապետող անձինք կամ խմբերը։ Ունեւոր խավի ներկայացուցիչները այսօր էլ ընդգրկված են տարբեր կուսակցությունների ցուցակներում։ Նույնը կարող է լինել ապագա Ազգային ժողովում, երբ տարբեր ցանկերով խորհրդարանում ընդգրկվելով, նրանք, միեւնույն է, կկազմեն միասնական ուժ, որը կազդի ե՛ւ օրենքների ընդունման, ե՛ւ կառավարության ձեւավորման, ե՛ւ քաղաքական որոշումների կայացման վրա։


ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ