|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԼՂՀ-Ն ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ |
"Առավոտ", շաբաթ, 27 Մայիս 2006
ԼՂՀ-Ն ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ
Կարծում է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը
Մայիսի 21-ին Չեռնոգորիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների ձայների 55,5 տոկոսը կողմ էր քվեարկել անկախության օգտին, եւ որը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, դրական ազդակներ է փոխանցել ԼՂ իշխանություններին: ԼՂՀ ԱՆ-ն այդ կապակցությամբ նախօրեին նույնիսկ հայտարարություն էր տարածել, իսկ ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը կարծիք էր հայտնել, թե նկատի ունենալով "համաշխարհային հանրության պատրաստակամությունը` ընդունել Չեռնոգորիայի եւ Կոսովոյի անկախությունը` ԼՂ-ն ունի իր անկախության միջազգային ճանաչման բոլոր իրավական հիմքերը":
Որքանո՞վ են համեմատելի Չեռնոգորիայի եւ ԼՂՀ-ի հիմնախնդիրները` նախեւառաջ իրավական տեսանկյունից: Պատասխանելով այս հարցին` ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում "Արդարություն" դաշինքի նախկին ներկայացուցիչ եւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց. "Ակնհայտ է, որ ԼՂՀ-ն եւ նրա ժողովուրդը շատ ավելի հստակ իրավական հիմքեր ունեն ԼՂՀ անկախության ճանաչման համար: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ն ստեղծվեց դեռեւս ԽՍՀՄ օրոք, եւ Խորհրդային Միության փլուզումից առաջ ԼՂ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որը համաձայն ե°ւ միջազգային իրավունքի, ե°ւ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության, ապահովեց ԼՂՀ-ի, նրա ժողովրդի, տարածքի` Ադրբեջանի իշխանությունների ենթակայությունից օրինական հիմքով դուրս գալու իրավունքը: Մյուս կողմից, բացի իրավական հիմքերից« կա փաստացի գործընթաց, որը ցույց է տալիս, որ ԼՂ-ն առանց արտաքին ուժերի թելադրանքի կամ միջամտության, ինքնուրույն կարողացել է լուծել այն խնդիրները, որոնք մասնավորապես` Սերբիայում եւ վաղը` Չեռնոգորիայում լուծվում են հիմնականում արտաքին ուժերի թելադրանքով: Բանն այն է, որ ԼՂՀ-ն ինքնուրույն ապահովել է իր իշխանության ձեւավորումը, ընդ որում` ԼՂ-ում բանակը գտնվում է քաղաքացիական իշխանության վերահսկողության տակ, պարբերաբար տեղի են ունենում ընտրություններ, որոնց բնորոշ չեն այն զանգվածային կեղծիքները, որոնք բնորոշ են թե° Ադրբեջանի, թե° Հայաստանի ընտրություններին: Այս տեսանկյունից ԼՂ ինքնորոշման կայացումը համապատասխանում է ցանկացած միջազգային չափանիշի, որոնք այսօր օգտագործվում են այս կամ այն երկրների ինքնորոշումը ճանաչելու համար":
Բայց Եվրոպայում էլ երկակի ստանդարտներ են գործում: "Երբ խոսում ենք երկակի ստանդարտների մասին« միշտ պետք է հաշվի առնենք, որ իրականում Եվրոպայում դրանք վերաբերում են այն երկրներին, որոնք բացահայտորեն ժողովրդավարական չեն: Ժողովրդավարական երկրների պարագայում, որպես կանոն, երկակի ստանդարտը չի գործում: Մենք սա պետք է լրջորեն հաշվի առնենք` ապագայում էլ սխալներ թույլ չտալու համար",- ասաց ԱԺ պատգամավորը: Ի պատասխան մեր այն հարցի, թե` տվյալ դեպքում նկատի ենք ունենալու Ադրբեջանի՞ ոչ ժողովրդավարական լինելու, թե՞ ԼՂՀ-ի ավելի ժողովրդավարական լինելու հանգամանքը, պարոն Քոչարյանն ակնհայտ համարեց այն, որ ԼՂ-ն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը« եւ հավելեց, թե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նրան, որ ե°ւ Հայաստանը, ե°ւ ԼՂ-նը պետք է համապատասխանեն եվրոպական ժողովրդավարության չափանիշներին: "Այդ պարագայում խոսակցություններ երկակի ստանդարտների մասին չեն լինի",- վստահեցրեց նա:
Օրերս ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, թե` "Նախկին ԽՍՀՄ տարածքում կազմավորված չճանաչված հանրապետությունները` Աբխազիան, Մերձդնեստրն ու ԼՂ-ն, կընթանան Չեռնոգորիայի ճանապարհով", քանի որ դա նախադեպ է միջազգային իրավունքում: Հայտնի է« սակայն, որ միջազգային հանրությունը մտադիր չէ այդ նախադեպը տարածել մատնանշված երկրների վրա` նախեւառաջ ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից, որոնք շատ դեպքերում հակասում են ռուսական շահերին: Չի բացառվում, որ երկակի ստանդարտների պատճառը լինեն հենց այդ շահագրգռությունները: "Միշտ չէ, որ բոլոր հարցերը իրար հետ կապվում են: Մենք շատ հաճախ հակված ենք կարծելու, որ բոլոր խնդիրները միեւնույն լուծումներն ունեն: Դա այդպես չէ, եւ դա ճիշտ է: Դրա բազմաթիվ օրինակներ կան: Այնպես որ, իհարկե, ձեր ասածը մասամբ ճիշտ է, բայց մյուս կողմից` մենք պետք է գիտակցենք, որ կան հնարավորություններ այդ ընդհանուր ստանդարտներից դուրս գալու համար, որ աշխարհը շատ ավելի ճկուն է, որպեսզի ամեն ինչին մոտենա միանման: Խնդիրը ոչ թե աշխարհի` երկակի ստանդարտով մոտեցումն է, այլ այն, որ այդ ստանդարտները ԼՂ դեպքում փշրելու խնդիրը մեր ձեռքում է, մեզնից է կախված",- ասաց Շ. Քոչարյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
| | |
|
|
|