www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՄԱՆՎԻ ՄԵԾ ԳԼԽՈՎ, ԹՈՒՅԼ ՄԱՐՄՆՈՎ ՇԵՐԵՓՈՒԿԻ


www.A1plus.am, 23 Ապրիլի, 2007

Արարատի Տափերական գյուղի ընտրողների հետ այսօր հանդիպեց Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանն իր թիմակիցների հետ: Գյուղի, այսպես ասած, կենտրոնական հատվածում պատրաստվել էր բեմը, մարդիկ էլ՝ փոքրից մեծ հավաքված սպասում էին ԱԺԿ հանրահավաքի մեկնարկին: Ի դեպ, Տափերակում այսօր, ինչպես գյուղացիներն էին պատմում, դժբախտություն էր տեղի ունեցել՝ համագյուղացիներից մեկն էր մահացել եւ բոլորը գնացել էին նրանց տուն: Դա էր պատճառը, որ, ըստ տափերականցիների, հանրահավաքին սպասվածից ավելի քիչ մարդ էր եկել: Այս մասին անգամ հայտարարվեց բեմից: Տափերականցիներն անակնկալ միջադեպի համար ներողություն խնդրեցին, ցավակցեցին մահացած համագյուղացու հարազատներին, այնուհետեւ՝ բեմը զիջեցին Շավարշ Քոչարյանին ու նրա թիմակիցներին:

Շավարշ Քոչարյանն իր ելույթում հիմնականում անդրադարձավ գյուղացիներին մտահոգող հիմնական թեմաներին՝ կրթության, ոռոգման ջրի խնդիրներին, նաեւ գյուղ-քաղաք անջրպետին: Վերջին խնդիրը, ըստ նրա, “անընդունելի է ու սպառնում է ազգային անվտանգությանը”: “Այդպես չպետք է լիներ, ու դա պետք է փոխել: Շատ անգամ մոռանում ենք, որ Հայաստանը միայն Երեւանը չէ. բոլոր մարզերը պետք է հավասարաչափ զարգանան: Իսկ ինչպե՞ս դա անել. դրա համար կան շատ պարզ մեխանիզմեր, օրինակ՝ հարկային հատուկ արտոնություններ, որ գյուղական բնակավայրերում զարգանան արտադրությունը”,- ասաց Քոչարյանը:


Այս բարեփոխումները կարող են իրականացվել, ըստ նրա, եթե ԱԺԿ-ն կարողանա հայտնվել խորհրդարանում, որի շնորհիվ հնարավոր կլինի լուծել շատ եւ շատ այլ խնդիրներ, որոնք անլուծելի են թվում այսօր: “Այս ամենը թույլ կտա ամրապնդել հանրապետությունը. չի կարելի, որ պետությունը նմանվի շերեփուկի՝ մեծ գլխով եւ գնալով թուլացող մարմնով: Այ սա է, որ վտանգում է մեր ազգային անվտանգությունը”,- նշում է ԱԺԿ նախագահն ու ավելացնում, որ ժողովուրդը պետք է վերահսկի իշխանություններին եւ վերջիններս պետք է կախված լինեն ժողովրդից: Այդ պատճառով ԱԺԿ-ն առաջարկում է հետեւյալ մեխանիզմը՝ “իշխանությունները պետք է աշխատեն ի օգուտ ժողովրդի”: “Եվ մենք դրան հասնելու ենք, ձեզ հետ միասին”,- իր խոսքը եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

Հանրահավաքի ընթացքում գյուղի փոքրիկ տղաները ներկաներին ջանասիրաբար բաժանում էին ԱԺԿ բուկլետներն ու ծրագրային դրույթները:

“Ավանդույթ եւ առաջընթաց” ՀԿ-ի նախագահ, ԱԺԿ համամասնական ցուցակով 2-րդ համարը զբաղեցնող Հրանուշ Խառատյանն իր ելույթում անդրադարձավ գյուղի սեփականությունը հանդիսացող պահուստային հողերին: Նա հարցով դիմեց տափերականցիներին. “Որեւէ մեկը գիտի՞ արդյոք ձեր գյուղում իր պահուստային հողերը համայնքին տրվել են որպես սեփականությո՞ւն եւ հետո՝ այդ հողերից որքանն ի՞նչ է եղել՝ բաժանվել է, վաճառվել է, նվիրել է: Որեւէ մեկը հավաքվածներից գիտի՞ արդյոք”: “Գիտենք, չենք ասի”,- արձագանքեց գյուղացիներից մեկը: Իսկ Հրանուշ Խառատյանը նշեց, որ այդ հողերը համայնաքապետարանների որոշումներով աճուրդով վաճառում են. դրանց չափաբաժիններն աննախադեպ չափերի են հասնում, իսկ վաճառքի գինն էլ՝ չնչին գումարներ: