|
|
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007 / ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ |
2 դեկտեմբերի 2006թ
Մեր երկրի ապագան վտանգված է: Մեզ սպառնացող արտաքին վտանգներից են` - պատերազմի սպառնալիքը նավթային դոլարներով ոգևորված Ադրբեջանի կողմից. - Արցախի հարցում միջազգային հանրության գնալով ավելի մեծ հակվածությունը ադրբեջանական այն տեսակետին, որ հակամարտության հիմքում տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև. - տարածաշրջանում Հայաստանի տրանսպորտային, տնտեսական և քաղաքական մեկուսացումը:
Ներքին վտանգներից են` - ժողովրդի` իշխանությունից օտարված լինելը, կեղծվող ընտրությունները, ժողովրդավարացման իմիտացիան. - ստվերային տնտեսությունը, կոռուպցիան, ներքին գործոններով չպայմանավորված տնտեսական աճը, որը մեր հարազատների` դրսից ուղարկվող գումարների արդյունք է. - ծայրահեղ սոցիալական բևեռացումը, աղքատությունը, գործազրկությունը, գյուղացու անպաշտպան վիճակը. - ժողովրդագրական ճգնաժամը` ցածր ծնելիություն և հիմնականում աշխատունակ և կարող մարդկանց արտագաղթ. - բնապահպանական աղետալի վիճակը` անտառների և բնակավայրերի (հիմնականում Երևանի) կանաչ գոտիների վերացում:
Միևնույն ժամանակ բացակայում են այդ վտանգների խորքային գնահատմանը և կանխմանն ուղղված համակարգված պատկերացումներ, գաղափարներ, ծրագրեր: Փոխարենը ականատես ենք հիմնականում նախընտրական ակտիվության իմիտացիայի, այն է` պայքար ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ:
Ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ անարդարության դեմ պայքարում է անգրագիտությունը: Սակայն դա և՛ անարդյունավետ է, և՛ խորացնում է ժողովրդի հիասթափվածությունը: ԱԺԿ-ն միշտ առաջնորդվում է երկրի ապագայի մասին համակարգված պատկերացումով և հասարակության քննարկմանն է ներկայացնում իր ծրագրերը: Մենք առաջարկում ենք գաղափարների և ծրագրերի մրցակցություն այն քաղաքական ուժերին, որոնք ի վիճակի են դա անելու:
Մենք չենք մասնակցել և չենք մասնակցելու ժողովրդին փողերով կաշառելու և իշխանության լծակները օգտագործելու մրցակցությանը` ոչ միայն այն պատճառով, որ դրանք չունենք, այլ համոզված ենք, որ դա արգելակում է մեր երկրի զարգացումը:
ԱԺԿ գաղափարները, ծրագրերը և գործելակերպն են այն այլընտրանքը, որը հնարավորություն է ստեղծում ժողովրդի համար` ընտրություն կատարել փողի ուժի և գաղափարի ուժի միջև: | | |
|
|
|