www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ


www.A1plus.am, 27 Ապրիլի, 2007

"Արդար պետություն, կրթված հասարակություն, վաստակած բարեկեցություն" կարգախոսով առաջնորդվող Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) 15 օրից կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ակնկալում է ավելին, քան 5 տոկոսը: Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նշեց, թե չի հավատում բազմաթիվ ուժերի այն հայտարարություններին, թե այս ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն են կազմելու. "Եթե խորհրդարանում լինելու են 131 պատգամավոր, իսկ մեծամասնությունը պետք է լինի 66-ից ավելի, զարմանալի է, որ նրանք են այդ հայտարարում, ովքեր չունեն այդքան թեկնածու համամասնական ցուցակում":

Շավարշ Քոչարյանը նշեց, թե քարոզարշավի առաջին փուլից սահուն անցել են երկրորդ փուլ, որտեղ լուրջ կներկայացնեն իրենց ծրագրային դրույթները: Քարոզարշավի ընթացքում լուրջ խոչընդոտների չեն հանդիպել. "Շրջաններում եղել են երիտասարդներ, որոնք ակտիվ են եղել, բայց ոչ ավելին": "Ա1+"-ի հարցին պատասխանելիս, թե 2003թ. ընտրությունների համեմատ կան արդյո՞ք փոփոխություններ, Շավարշ Քոչարյանը նշեց, որ քարոզարշավն այս անգամ ավելի քաղաքակիրթ է, ինչը, ըստ նրա, պայմանավորված է եվրոպակական կառույցների կողմից ավելի լուրջ վերահսկողությամբ եւ տարածաշրջանային մեր մեկուսացումը ճեղքելու, Ադրբեջանի կողմից հնչող պատերազմի սպառնալիքները դիմագրավելու մարտահրավերներով:


Պարզվում է, որ ԱԺԿ մարզերում նախընտրական շտաբներ չունի, քանի որ. "Մենք պաշտոնով հարստացողներից չենք: Նա, ով հարստանում է պաշտոնով, աղքատացնում է ժողովրդին: Մեր կուսակցության անդամները աշխատում են ժողովրդի հետ առանց պաստառների եւ շտաբների: Ի դեպ, մեր երիտասարդական թեւը խոստացել է , որ ընտրություններից հետո պատերը մաքրելու է պաստառներից":

Ասուլիսին մասնակցող` կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրանուշ Խառատյանը նկատեց, որ ընտրություններից հասարակությունը ունի մեծ սպասելիքներ: Իսկ հավատո՞ւմ է արդյոք սոցիոլոգիական հարցումներին` Շավարշ Քոչարյանը ասաց, թե հավատում է միայն ժողովրդին, նրանց հետ ուղղակի շփումներին, սակայն հաշվի է առնում նման հարցումները:

Ի դեպ, Արթուր Բաղդասարյանի հետ կապված աղմկահարույց գաղտնալսումների հրապարակման հետ կապված` Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե գաղտնալսումը անօրինական է, իսկ ինչ վերաբերվում է բովանդակությանը, ապա դեմ չէր լինի, եթե ուղիղ եթեր համատեղ տրամադրեին իրեն եւ Արթուր Բաղդասարյանին, քանի որ ինքը շատ բան ունի ՕԵԿ ղեկավարին ասելու: