|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԱԺԿ-ն եթե-ներով չի խոսում, աշխատո՛ւմ է |
 "Հայաստանի Հանրապետություն", www.hhpress.am, 01 Մայիսի 2007
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանն ավարտված է համարում քարոզարշավի «նախապատրաստական» փուլը, որի նպատակը հետեւյալն էր. «Վերականգնել, ամրագրել ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ, որպեսզի ընտրության մասնակցությունը լինի բարձր, որովհետեւ դա միակ երաշխիքն է, որ ամեն ինչ նույնը չի մնա»։ Սոցիալական հարցումները եւ սեփական շփումները կուսակցությանը հույս են ներշնչում, որ ակտիվ մասնակցությամբ ընտրություններում կարելի է հաջողության հասնել։ Ըստ Շ. Քոչարյանի, քարոզարշավը մի քիչ թատերական բնույթ է կրում. բազմաթիվ ուժեր բարձրաձայնում են նույն հիմնախնդիրները, հաճախ հենց այն անտեսված հարցերը, որոնք ժամանակին բարձրացնում էր ԱԺԿ-ն։ Վերջինիս այդ փաստն ուրախացնում է որպես իրենց գաղափարների տարածման վկայություն, բայց մյուս կողմից՝ Շ. Քոչարյանն արձանագրում է, որ շատ անգամ մարդկանց խոսքն ու գործը չեն համապատասխանում։ Ուստի ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել ոչ միայն թեկնածուի ծրագրերն ու գաղափարները, այլեւ անցած կենսագրությունը։ Համենայն դեպս, ԱԺԿ-ն պահուստում դեռ ունի մի գաղափար, որը մյուս ուժերը չեն շրջանառում այս քարոզարշավի ընթացքում. դա Ազգային ժողովի եւ պատգամավորների հետկանչման մեխանիզմն է։ ԱԺԿ-ն քարոզում է նաեւ հարկային արտոնություններ տրամադրել մարզերին կամ նույնիսկ լրիվ ազատել, որպեսզի ներդրողները արտադրություն հիմնեն այնտեղ, եւ աշխատանքն ու տնտեսական զարգացումը Երեւանից տարածվի նաեւ մարզերում։ Քարոզարշավի ընթացքում ԱԺԿ-ն որոշակի «ոչ լուրջ» դժվարությունների հանդիպել է, բայց դրանք հեշտությամբ հաղթահարվել են։ Խոսոտվանում է, որ մեծ գումար ունեցողներն առավելություն ունեն առնվազն հեռուստաեթերի հարցում, ԱԺԿ-ն մեծ պաստառներ չի թողարկել, գումարները մեծ չեն։ «Բայց մենք դա մեծ կորուստ չենք համարում։ Որովհետեւ այն քաղաքական ուժն ենք, որ այսօր չենք ներկայանում։ Կարծում եմ, որ ուժին եւ փողին հարկավոր է հակադրել գաղափարը, ծրագիրը, կենսագրությունը»։ ԱԺԿ-ն «Արդարություն» դաշինքի կազմում ուներ տեղեր ընտրական հանձնաժողովներում, բայց այժմ դրանք բոլորն էլ ՀԺԿ-ն է զբաղեցնում։ Բայց Շ. Քոչարյանը լավատես է, որ այնուամենայնիվ, առանց իրենց էլ ընտրական հանձնաժողովներում կվերահսկեն ընտրությունների օրինականությունը, եւ դա բավարար է ԱԺԿ-ին։ Եթե ակնկալած ձայները չստանան, կհամարեն, որ ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ որ սխալ կանխատեսում են արել. այս հարցին Շ. Քոչարյանը գերադասեց չպաասխանել՝ ԱԺԿ—ն եթե–ներով չի խոսում, աշխատո՛ւմ է։ Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժերին, հատկապես նրանց, ովքեր միանգամայն նոր, անծանոթ դեմքերով են ներկայանում ընտրություններին, օրինակ՝ ՄԻԱԿ—ը, Շ. Քոչարյանն այն կարծիքին է, որ համակրելի է երիտասարդների ներկայությունը. «Ուղղակի ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ է, երբ փորձառությունը եւ երիտասարդական եռանդը համադրվում են։ Մենք մեր ցուցակում դա արել ենք. այնտեղ երիտասարդները 16 տոկոս են կազմում։ Այնպես որ, նոր ուժ ու եռանդ հաղորդելու տեսակետից ՄԻԱԿ—ը միակը չէ այս դաշտում»։ ՀՀՇ—ի հեռանալն ընտրապայքարից Շ. Քոչարյանը մեկնաբանեց այսպես. «Եթե իրական այլընտրանք էին իշխանություններին եւ իրական աջակցություն ունեին հասարակությունում, թող մնային»։ ԱԺԿ—ն մտադիր է ակտիվորեն հաջորդ խորհրդարանում կիրառել փոփոխված Սահմանադրության ստեղծած հնարավորությունը. «Կառավարության հետ խորհրդարանի հարց ու պատասխանը դադարում է լինել ԶԲէ՝ ով ավելի սրամիտ հարց կտա, եւ ով ավելի սրամիտ կպատասխանի։ Խմբակցություններն իրավունք են ստացել հարցապնդման հիման վրա կազմակերպել խորհրդարանական քննարկում»։ Այս դրույթի լիարժեք իրագործման համար ԱԺԿ—ն նախատեսում է նաեւ փոփոխություններ ԱԺ կանոնակարգ—օրենքում։
Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ | | |
|
|
|