www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՎԻՃԱԿԸ ԵՐԿՐՈՒՄ ՓՈԽՎԵԼ Է


www.Lragir.am, 03 Մայիսի 2007

Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը մայիսի 3-ին Տեսակետ ակումբում, գնահատելով նախընտրական պայքարի ընթացքը, ասել է, թե ընտրարշավի ժամանակ բացակայում է ժողովրդին ուղղված կոնկրետ խոսքը: “Քարոզարշավը դա խնջույքի սեղան չէ, որտեղ պետք է բաժակաճառ ասես, ու ցանկանաս ժողովրդի լավը: Պետք է կոնկրետ մեխանիզմներ առաջարկել, որոնք այդ լավը կերաշխավորեն”, ասում է ԱԺԿ նախագահը: ԱԺԿ առաջարկած կոնկրետ մեխանիզմն այն է, որ ժողովուրդն ունենա հանրաքվեի միջոցով խորհրդարանը հետ կանչելու իրավունք:

Բացի խորհրդարանից, ըստ ԱԺԿ մոտեցման, ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչել նաեւ իրեն չարդարացրած քաղաքապետին, գյուղապետին: Միայն այդ դեպքում իշխանությունը կաշխատի լավ, ասում է Շավարշ Քոչարյանը:

Նրա գնահատմամբ, Հայաստանում իշխանափոխության համար բավական չէ միայն այն, որ ընդդիմությունը հայտարարի, թե ընտրությունը կեղծվել է: ԱԺԿ նախագահը համարում է, որ ընդդիմության հետեւում պետք է լինի հասարակության մեծամասնության քվեն: Եթե Ուկրաինայում ու Վրաստանում այդ քվեն չլիներ, ապա ընդդիմությունը չէր կարող հասնել ընտրությունների իրական արդյունքի արտացոլմանը, կարծում է ԱԺԿ նախագահը: Իսկ որ դրա կարիքը կարող է լինել, նա գրեթե չի կասկածում, որովհետեւ համարում է, որ մեր տիպի երկրներում իշխանությունը ինքնանպատակ է եւ փորձում է ամեն գնով վերարտադրվել:

“Խնդիրը կայանում է այլ բանում: Այսօր հնարավորությունները, ամեն գնով պահել իշխանությունը, սահմանափակված են: Եվ դրա վկայությունն է այն, ինչ որ տեսնում ենք: Դուք, որպես լրագրողներ, տեսնում եք ինչքանով է փոխվել: Դուք տեսնում եք, որ այսօր այսպես կոչված սեւ PR-ը որեւէ մեկը ձեզանից չի իրականացնում: Բայց չէ որ առաջ լրիվ ուրիշ վիճակ էր: Ինչ պատահեց, նույն մարդիկ են: Ուրեմն վիճակն է փոխվել: Պարտադրանք կա, ու պարտադրանքը գալիս է ոչ թե դրսից, այլ ներքին պարտադրանք է”, ասում Շավարշ Քոչարյանը: