|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
"ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ" ՄՆԱՑԵԼ Է ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ |
"www.A1plus.am", չորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2006
Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՄԻՀ փորձագետների մասնակցությամբ Ընտրական Օրենսգրքի քննարկումներին "Արդարություն" դաշինքի ներկայացուցիչը չի մասնակցել, քանի որ ետ էր վերցրել իր ստորագրությունը: "Ազգային Միաբանությունը" եւ ՕԵԿ-ը մասնակցել են այդ քննարկմանը, չնայած վերջիններս հայտարարել էին, բայց դեռ չեն հանել իրենց ստորագրությունը նախագծի տակից:
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը մասնակցել է քննարկմանը ոչ որպես "Արդարություն" խմբակցության ներկայացուցիչ, այլ` այլընտրանքային նախագծի հեղինակ: Նախագծի լրամշակված տարբերակը սեպտեմբերի 20-ից ԱԺ-ում շրջանառության մեջ է: Հիշեցնենք, որ ԸՕ այս նախագիծը ԱԺ-ը չի ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ուստի այն չի կարող քննարկվել: Չնայած, ըստ Քոչարյանի, այսօր էլ կարելի է որոշում ընդունել եւ այն համարել այլընտրանքային, մանավանդ որ այդ օրինագծում լուծված են այն խնդիրները, որոնց շուրջ առայժմ համաձայնության չեն եկել փորձագետներն ու այսօր քննարկվող ԸՕ փոփոխությունների հեղինակները:
"Իրատես ենք, որ անցնելու հնարավորությունը զրոյական է, բայց դա չի նշանակում, որ անպտուղ գործ է",- ասում է Շավարշ Քոչարյանը` հույս ունենալով, որ իրենց առաջարկները հաշվի կառնվեն առաջարկվող փոփոխություններն ընդունելիս: Ի դեպ, այլընտրանքային Ընտրական Օրենսգիրքը հեղինակել է "Ժողովրդավարություն" ՀԿ-ից Հրայր Թովմասյանը, որն իբրեւ փորձագետ մասնակցում է ԱԺ-ում ընտրական փոփոխությունների աշխատանքներին:
Շավարշ Քոչարյանն ասում է, որ ինչքան էլ լավ լինի իրենց նախագիծը Վենետիկի հանձնաժողովի փորձագետները չեն կարող այն պաշտպանել, այլ ուրիշ բան , եթե դրա տակ ստորագրած լինեին բոլոր ընդդիմադիրները: Ի դեպ, ըստ Քոչարյանի, այս նախագիծը "Ժողովրդավարություն" ՀԿ-ն ուղարկել է բոլոր խումբ-խմբակցություններին, քննարկումներ են ընթացել ընդդիմադիրների շրջանում, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել: "Ես կարող է մի քիչ կոպիտ ձեւակերպեմ, բայց այն տպավորությունն է, որ ոնց որ ամբողջ ընդդիմադիր դաշտը ճահճում է, հենց որ մեկը ուզում է դուրս գալ եւ ձեռք մեկնել, ոտքերից քաշում են, որ ինքն էլ խորտակվի: Արդյունքում, գնալով ընդդիմության կշիռը, ընդդիմության նկատամբ վստահությունը նվազում է նաեւ միջազգային կառույցների կողմից",- ասում է պատգամավորը:
Ըստ նրա, միջազգային կառույցների համար անհասկանալի է, թե ինչպես է մի կողմից ընդդիմությունը դեմ զգալիորեն բարելավված սահմանադրական փոփոխությունների նախագծին, մյուս կողմից. "Լինելով արմատական դեմ ցանկացած նախագծի, որ գալիս է իշխանական դաշտից` ստորագրում են ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք չեն լուծում հիմնարար հարցեր` համամասնական, մեծամասնական, հանձնաժողովների ձեւավորման կարգ եւ այլն, այլն":
Շավարշ Քոչարյանն ասում է, որ "Արդարություն" դաշինքը ժամանակին մեխանիկորեն չի ձեւավորվել, սակայն այսօր մոռացվել են նպատակներն ու ծրագրերը եւ մնացել է միայն հակադրությունը: Ի դեպ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` "Վեստի նեդելի"-ին տված հարցազրույցին, թե ընտրությունների առումով "մեզ մոտ մշակվել է իմունիտետ", պատգամավորը նշեց. "Իմունիտետը իշխանությունների կայանում է նրանում, որ ամեն անգամ կեղծելով ընտրությունները, վերջիվերջո կարողանում են խուսանավել արեւմուտքի կողմից կտրուկ քայլերից, պատժամիջոցներից: Բայց հիշենք, որ կա շեմ, օրինակ` Բելառուսի օրինակը":
Բայց եթե նույնիսկ արեւմուտքն այս անգամ էլ ների, ըստ նրա, դրանից ոչ երկիրն է շահելու, ոչ էլ իշխողները. "Եվ ես ստիպված եմ հիշեցնել, որ չբացահայտված սպանությունների մեջ բավական հաճախ են լինում հենց իշխանությունների ներկայացուցիչները: Ցավալի Է, բայց փաստ: Դա խոսում է այն մասին, ինչ ուղղությամբ է գնում երկիրը: Ինքնապաշտպանության բնազդը գոնե պետք է հուշի, որ այդպես շարունակել չի կարելի":
| | |
|
|
|