|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
IV. ԱԺԿ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
12. ԱԺԿ ղեկավար մարմիններն են՝ ԱԺԿ համագումարը, ԱԺԿ խորհուրդը և ԱԺԿ վարչությունը։
1.ԱԺԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
13. ԱԺԿ բարձրագույն ղեկավար մարմինը ԱԺԿ ՀԱՄԱՈՒՄԱՐՆ է՝ կազմված ԱԺԿ տարածքային ստորաբաժանումներից սահմանված թվաքանակով, գաղտնի քվեարկությամբ ընտրված պատվիրակներից։ Հերթական համագումարը հրավիրվում է ԱԺԿ վարչության կողմից՝ տարին մեկ անգամ։ Արտահերթ համագումար ԱԺԿ վարչությունը հրավիրում է ըստ անհրաժեշտության՝ սեփական նախաձեռնությամբ, ԱԺԿ խորհրդի որոշմամբ, ԱԺԿ տարածքային ստորաբաժանումների թվի մեկ երրորդի կամ ԱԺԿ անդամների ընդհանուր թվի մեկ հինգերորդի գրավոր պահանջով՝ մեկամսյա ժամկետում՝ նախաձեռնողի ներկայացրած օրակարգով:
14. ԱԺԿ համագումարի բացառիկ իրավասությանն են պատկանում՝
ա) ԱԺԿ քաղաքականության (ռազմավարության) որոշումը և ԱԺԿ գործունեության ծրագրի հաստատումը,
բ) ԱԺԿ կանոնադրության և դրանում կատարված փոփոխությունների ու լրացումների հաստատումը,
գ) ԱԺԿ վարչության և ԱԺԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների քննարկումը և ըստ էության որոշումների ընդունումը,
դ) ԱԺԿ տարեկան բյուջեի քննարկումն ու հաստատումը,
ե) ԱԺԿ վարչության և ԱԺԿ վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը,
զ) նշանակված համապետական ընտրություններին կուսակցության վերաբերմունքի որոշումը և ՀՀ Նախագահի ընտրություններին մասնակցության դեպքում թեկնածուի ընտրությունը (առաջադրումը),
է) ԱԺԿ լուծարման կամ վերակազմակերպման մասին որոշումների ընդունումը:
ԱԺԿ համագումարն իրավասու է քննության առնել և ՀՀ օրենսդրության շրջանակներում վերջնականորեն լուծել կուսակցության ղեկավարմանն ու գործունեությանն առնչվող ցանկացած հարց:
15. ԱԺԿ համագումարն իրավազոր է, եթե դրան ներկա է պատվիրակների թվի առնվազն երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ: Սույն կանոնադրության 14 կետով ԱԺԿ համագումարի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ որոշումները ( բացառությամբ ե) կետի) ընդունվում են պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
16. ԱԺԿ վարչության ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է պատվիրակների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Ընտրված են համարվում առավել ձայներ ստացած առաջին տասնմեկ թեկնածուները: Վավեր է համարվում այն քվեաթերթիկը, որում ձայն է տրված ոչ ավելի քան տասնմեկ թեկնածուի:
2. Ա Ժ Կ ԽՈՐՀՈՒՐԴԸ
17. Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ԱԺԿ ծրագրի կենսագործման, ԱԺԿ համագումարի որոշումների կատարման, կուսակցության ամբողջականության պահպանման ու նրա գործունեության մեջ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման և այլ կարևոր ուղղություններում ԱԺԿ վարչության գործունեությունը վերահսկում է ԱԺԿ խորհուրդը : Այն կազմված է ԱԺԿ վարչության բոլոր անդամներից և տարածքային ստորաբաժանումների՝ ԱԺԿ վարչության անդամ չհանդիսացող մեկական ներկայացուցիչներից : Վերջիններիս ընտրության կարգն ու լիազորությունների ժամկետը սահմանվում են ԱԺԿ տարածքային ստորաբաժանումների կանոնկարգերով:
ԱԺԿ Խորհուրդը համարվում է գործող, եթե ԱԺԿ համակարգում կան առնվազն չորս տարածքային ստորաբաժանումներ: ԱԺԿ խորհրդի գոյության համար պահանջվող թվաքանակով տարածքային ստորաբաժանումներ ստեղծվում են ԱԺԿ համագումարի որոշումներով :
18. ԱԺԿ խորհուրդը՝
ա) որոշումներ է ընդունում տարածքային ստորաբաժանումներ ստեղծելու մասին՝ այդ որոշումների կատարումն հանձնարարելով ԱԺԿ վարչությանը,
բ) հաստատում է ԱԺԿ տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և դրանցում կատարված լրացումներն ու փոփոխությունները:
գ) հաստատում է ԱԺԿ վարչության՝ ԱԺԿ տարածքային ստորաբաժանումների լուծարման (վերակազմակերպման) մասին որոշումները,
դ) որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների նշանակված ընտրություններին ԱԺԿ մասնակցության հարցը,
ե) բեկանում է ԱԺԿ վարչության այն որոշումները, որոնք հակասում են ԱԺԿ ծրագրին, սույն կանոնադրությանը, ինչպես նաև ԱԺԿ համագումարի որոշումներին ու բանաձևերին,
զ) քննարկում և համապատասխան առաջարկություն է ներկայացնում ԱԺԿ վարչության որոշումների դեմ բերված բողոքների մասին,
է) հաստատում է կուսակցական անդամատոմսի նմուշը, սահմանում է կուսակցական անդամավճարի չափը և մուծման պարբերականությունը,
ը) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
19. ԱԺԿ խորհրդի նիստերը հրավիրվում են ԱԺԿ վարչության նախագահի կողմից՝ ոչ ուշ քան երկու ամիսը մեկ անգամ։ Արտահերթ նիստ հրավիրվում է ԱԺԿ վարչության որոշմամբ կամ ԱԺԿ խորհրդի կազմի մեկ երրորդի գրավոր պահանջով։
20. ԱԺԿ խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան ներկա է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը։ Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։ Սույն կանոնադրության 18 կետի բ), գ), դ), ե) և զ) ենթակետերում նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են ԱԺԿ խորհրդի ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
3. ԱԺԿ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
21. ԱԺԿ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԱԺԿ մշտապես գործող կոլեգիալ ղեկավար մարմինն է, որը կազմված է 11 հոգուց : Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ԱԺԿ վարչությունը մշակում և իրականացնում է կուսակցության քաղաքականությունը։ Այն ընտրվում է ԱԺԿ համագումարի կողմից, գաղտնի քվեարկությամբ, մեկ տարի ժամկետով։
22. ԱԺԿ վարչությունը՝
ա) ապահովում է սույն կանոնադրության պահանջների, ԱԺԿ համագումարի և ԱԺԿ խորհրդի որոշումների կատարումը,
բ) կազմակերպում և ղեկավարում է ԱԺԿ ողջ ընթացիկ գործունեությունը, տնօրինում է կուսակցության գույքն ու դրամական միջոցները,
գ) ԱԺԿ անունից հանդես է գալիս քաղաքական ու այլ բնույթի հայտարարություններով,
դ) ընտրում է վարչության նախագահ, որոշում է վարչության ներքին կառուցվածքը, կատարում է աշխատանքի բաժանում՝ նշանակելով առանձին ոլորտների համար պատասխանատու անձանց,
ե) որոշում է ԱԺԿ առաջիկա համագումարի անցկացման ժամանակը, կարգը և օրակարգը,
զ) հրավիրում է ԱԺԿ համագումար, կազմակերպում է համագումարի պատշաճ անցկացումը, սահմանում է տարածքային ստորաբաժանումների կողմից համագումարին առաջադրվելիք պատվիրակների թվաքանակը,
է) ընդունում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները կազմալուծելու մասին որոշում և ներկայացնում այն ԱԺԿ խորհրդի հաստատմանը,
ը) որոշումներ է ընդունում այլ կուսակցությունների հետ միություններ կամ դաշինքներ կազմելու մասին,
թ) քննարկում և լուծում է ԱԺԿ վարչության նախագահի և ԱԺԿ տարածքային ստորաբաժանումների դեմ բերված բողոքները, վերացնում է նրանց՝ ԱԺԿ ծրագրին և սույն կանոնադրությանը հակասող որոշումները,
ժ) առաջարկություններ է ներկայացնում ԱԺԿ համագումարին և ԱԺԿ խորհրդին՝ վերջիններիս իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ,
ի) նախապատրաստում է ԱԺԿ խորհրդի նիստերը,
լ) ԱԺԿ բյուջեով նախատեսված ծախսերի մասնաբաժնի շրջանակներում հաստատում է ԱԺԿ վճարովի աշխատողների հաստիքային ցուցակը և ԱԺԿ բյուջեի հաշվին նրանց վճարվող պարբերական ու միանվագ վարձատրության չափերը,
խ) տարածքային ստորաբաժանումներին ժամանակին ապահովում է ԱԺԿ խորհրդի և ԱԺԿ վարչության որոշումների, կուսակցության ներսում ու երկրում կատարվող կարևոր գործընթացների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ,
ծ) ստեղծում է զանգվածային լրատվության միջոցներ, ԱԺԿ նպատակների ու խնդիրների իրագործմանն օժանդակող, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ կազմակերպություններ,
կ) կազմակերպում և ղեկավարում է կուսակցության մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին,
հ) ղեկավարում ու համակարգում է ԱԺԿ տարածքային ստորաբաժանումների գործունեությունը ԱԺԿ քաղաքականության քարոզչության, ԱԺԿ անդամների գաղափարաքաղաքական ուսուցման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում,
ձ) Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելւ դեպքում ընտրում է կուսակցական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուներին : Վարչաության այդ նջստին մասնակցում են տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները,
ղ) իրականացնում է այլ լիազորություններ։
23. ԱԺԿ վարչության նիստերը հրավիրվում են ԱԺԿ վարչության նախագահի կողմից՝ ոչ ուշ քան շաբաթը մեկ անգամ։ Արտահերթ նիստ ԱԺԿ վարչության նախագահը հրավիրում է իր նախաձեռնությամբ, ԱԺԿ ԱԺ պատգամավորական խմբակցության որոշմամբ, ԱԺԿ վարչության թվակազմի մեկ երրորդի, որևէ տարածքային ստորաբաժանման կամ ԱԺԿ վերստուգիչ հանձնաժողովի գրավոր պահանջով։
ԱԺԿ վարչության նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են վարչության անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների մեծամասնությամբ։ Քաղաքական կարևոր հայտարարություններով հանդես գալու, սեփական նախաձեռնությամբ ԱԺԿ արտահերթ համագումար հրավիրելու, զանգվածային միջոցառում անցկացնելու, տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանումները լուծարելու (վերակազմակերպելու), այլ կուսակցությունների հետ միություններ կամ դաշինքներ ստեղծելու և ԱԺԿ վարչության նախագահ ընտրելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են ԱԺԿ վարչության ընդհանուր թվակազմի ձայների մեծամասնությամբ։
24. ԱԺԿ վարչությունը, կազմավորվելու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է ԱԺԿ վարչության նախագահ:
ԱԺԿ վարչության նախագահը՝
ա) կազմակերպում, ղեկավարում ու համակարգում է ԱԺԿ խորհրդի աշխատանքները, ղեկավարում ու համակարգում է ԱԺԿ վարչության գործունեությունը,
բ) կազմակերպում է ԱԺԿ համագումարի, ԱԺԿ խորհրդի և ԱԺԿ վարչության որոշումների կատարումը,
գ) հրավիրում է ԱԺԿ խորհրդի և ԱԺԿ վարչության նիստեր, վարում է այդ նիստերը,
դ) հաշվետվություն է տալիս ԱԺԿ համագումարին` ԱԺԿ խորհրդի և ԱԺԿ վարչության կատարած աշխատանքների վերաբերյալ,
ե) ներկայացնում է կուսակցությունը պետական և ոչ պետական մարմինների հետ փոխհարաբերություններում (Հայաստանում և արտասահմանում), ԱԺԿ անունից վարում է բանակցություններ, ստորագրում է համաձայնագրեր, կնքում օրենքով չարգելված զանազան գործարքներ,
զ) նշանակում և ազատում է ԱԺԿ աշխատակազմի հաստիքային աշխատողներին,
է) ստորագրում է ԱԺԿ խորհրդի և ԱԺԿ վարչության նիստերի որոշումները, ԱԺԿ անունից առաքվող գրություններն ու պաշտոնական այլ փաստաթղթերը,
ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
թ) սույն կետով իր իրավասությանը վերապահված հարցերով պահանջում է ԱԺԿ վարչության արտահերթ նիստի հրավիրում,
ժ) կազմակերպում ու համակարգում է ԱԺԿ տարածքային ստորաբաժանումների գործունեությունը՝ ԱԺԿ քաղաքականության քարոզչության, ԱԺԿ անդամների գաղափարաքաղաքական ուսուցման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում,
լ)ԱժԿ տարածքային ստորաբաժանումներին ժամանակին ապահովում է ԱԺԿ խորհրդի և ԱԺԿ վարչության որոշումների, կուսակցության ներսում ու երկրում կատարվող կարևոր գործընթացների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ:
| | |
|
|
|