|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագիրն ընդունվել է 2001 թ. ԱԺԿ հիմնադիր համագումարի կողմից: 2007թ. VII համագումարում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ:
ԱԺԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ԱԺԿ-ն, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի և հայության բոլոր հատվածների բարգավաճման ու հզորացման գերագույն նպատակով, ներկա փուլի իր առաջնային նպատակն է համարում Հայաստանի Հանրապետության կայացումը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետություն։
Հայաստանում ժողովրդավարության հետևողական ամրապնդումն անհրաժեշտ պայման է այլ կարևորագույն նպատակների զուգահեռ և արդյունավետ իրականացման համար։ Այդ նպատակներից են՝
- ավտորիտար քաղաքական համակարգից և կլանային ու ստվերային տնտեսությունից ձերբազատումը.
- ազգային և համամարդկային արժեքների վրա խարսխված իրավական և սոցիալական պետության ստեղծումը.
- քաղաքացիական հասարակության ձևավորումը.
- մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումը.
- մրցունակ տնտեսական համակարգի և աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումն ու սոցիալական բևեռացման մեղմացումը.
- ազգային անվտանգության ապահովումը.
- ազգային մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը.
- գիտության՝ հայագիտական և նոր տեխնոլոգիաների հիմք հանդիսացող ճյուղերի առաջնային զարգացումը.
- կրթական համակարգի՝ ազգային ավանդույթներին և ժամանակակից պահանջներին բավարարող բարեփոխումը.
- Հայաստանի՝ տարածաշրջանում առաջատար դիրքերի նվաճումը, միջազգային դերի բարձրացումը և միջազգային կառույցներին ինտեգրացումը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը.
- սփյուռքի հետ արդյունավետ և բազմակողմանի կապերի խորացումը.
- արտագաղթը ներգաղթով փոխարինելը, ինչը վերը նշված նպատակների իրականացման հավաքական ցուցանիշներից է։
| | |
|
|
|