|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
2. Տնտեսություն
Տնտեսական բարեփոխումների հիմնական նպատակն է ստեղծել տնտեսվարող սուբյեկտների իրավահավասարություն և հավասար մրցակցային պայմաններ ապահովող, ժամանակակից աշխարհում մրցունակ, գիտական ներուժի վրա հիմնված և տեղեկատվական հասարակությանը բնորոշ տնտեսություն։
2.1. Հայաստանի տնտեսական քաղաքականության կարևորագույն խնդիրներից են՝
- որակական տնտեսական աճը, որի արդյունքում տնտեսությունը հնարավորինս արագ կբավարարի Եվրամիության անդամակցության պահանջներին.
- համաշխարհային շուկայում ուրույն տեղի ապահովումը` միաժամանակ պահպանելով ազգային անվտանգությունից բխող տնտեսական անկախությունը.
- տնտեսության ստվերային հատվածի կտրուկ նվազեցումը և այդ հատվածի իշխանության հետ սերտաճումից ազատվելը.
- արդյունավետ հարկային վարչարարության ապահովումը.
- հակամենաշնորհային և բնական մենաշնորհի պետական կարգավորման արդյունավետ քաղաքականության իրականացումը.
- արտադրության և ծառայությունների հավասարաչափ բաշխումը հանրապետության ամբողջ տարածքում (տնտեսության ապակենտրոնացումը).
- զբաղվածության և տեղական արտադրության խթանումը, միջազգային շուկայում հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը.
- բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը.
- գյուղատնտեսական կայուն զարգացող հատվածների և գյուղական բնակավայրերում արտադրությունների (այդ թվում` ոչ գյուղատնտեսական) ստեղծումն ու զարգացումը.
- արդյունավետ ֆինանսական շուկաների կայացումը.
- փոքր և միջին բիզնեսի զարգացումը։
2.2. Տնտեսական խնդիրների լուծումը իրավական պետության կայացման հետ զուգահեռ ենթադրում է՝
- ռազմավարական գիտատեխնիկական և տնտեսական նպատակային համալիր ծրագրերի մշակում և իրականացում՝ ուղղված տնտեսության քիչ նյութատար ու գիտատարության բարձր մակարդակ ունեցող և հեռանկարային ուղղությունների (ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիան, նանոտեխնոլոգիան) զարգացմանը.
- Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու նպատակով Իրանի հետ Հայաստանի տարածքով անցնող ավելի հզոր գազամուղի, ինչպես նաև նավթամուղի և երկաթգծի կառուցում, միաժամանակ ջանքեր գործադրելով Գյումրի-Ղարս և աբխազական երկաթգծերի վերագործարկման ուղղությամբ.
- նոր, ժամանակակից և անվտանգ ատոմակայանի կառուցում, որի հզորությունը կապահովի էլեկտրաէներգիայի արտահանում.
- ինովացիոն տնտեսության կայացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում` վենչուրային հիմնադրամների ստեղծում.
- տնտեսական բոլոր բարեփոխումների ընդունումից առաջ դրանց սոցիալական և էկոլոգիական հետևանքների համալիր վերլուծություն:
2.3. Տնտեսական խնդիրների լուծումները ենթադրում են պետության կողմից տնտեսական լծակների (սուբսիդիաներ, վարկեր, հարկային արտոնություններ) վրա հիմնված կարգավորում։
| | |
|
|
|