|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
4. Ժողովրդագրություն
Հայաստանն իր ժողովրդագրական ցուցանիշներով դարձել է մեր տարածաշրջանի ամենախոցելի երկիրը` ամենացածր բնական աճ (բացասական), ամենացածր ծնելիություն (հեռու է բնակչության վերարտադրումն ապահովելուց), ամենաարագ ծերացող հասարակություն (աշխատունակ և թոշակային տարիքի մարդկանց նվազող հարաբերակցություն):
Դեռևս շարունակվում է ժամանակին մեծ թափ առած արտագաղթը` հիմնականում աշխատունակ և երիտասարդ տարիքի մարդկանց: Արտագաղթի հետևանքներից է նաև ամուսնական տարիքի կանանց և տղամարդկանց թվերի անհավասարությունը:
Հայաստանի “ժողովրդագրական փոսը” հաղթահարելու և դրա հետևանքները մեղմելու քաղաքականությունը պայմանավորված է երկու առկա բացասական գործոնների հաղթահարմամբ: Առաջին գործոնը հոգեբանականն է. մարդն օտարված է իշխանությունից, անպաշտպան է, իրեն չի զգում երկրի տեր և ընդհանուր նպատակների իրականացման մասնակից ու չունի հավատ ապագայի նկատմամբ: Երկրորդ գործոնը համապատասխան ծրագրեր իրականացնելու համար բյուջեում բավարար գումարների բացակայությունն է:
ԱԺԿ ծրագրում ամրագրված քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացումը հնարավորություն կտա հաղթահարել նշված բացասական գործոնները և դրան զուգընթաց կապահովի հետևյալ ուղղություններով ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
4.1. Ծնելիության բարձրացում. միակ ուղղությունն է, որի հաջողությունը երաշխավորում է և՛ բնակչության աճը, և՛ հասարակության արագ ծերացման կանխումը: Ծնելիության խթանման ծրագիրը ենթադրում է պետական աջակցություն երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին`
- երեխայի ծնունդը խրախուսելու,
- բնակարաններով ապահովելու,
- ծնողների աշխատանքային ժամերին նախադպրոցական և տարրական դպրոցի հաստատություններում երեխաների ժամանցը կազմակերպելու,
- մայրերի առողջապահական, արձակուրդային և կրճատված աշխատանքային օրվա խնդիրները կարգավորելու,
- նպաստներ, արտոնյալ և անհատույց վարկեր տրամադրելու
և այլ հարցերում:
4.2. Ներգաղթի խթանում` գիտակցելով, որ ներգաղթը կարող է լուծել երկրի բնակչության աճի խնդիրը, սակայն ի վիճակի չէ լուծելու հասարակության ծերացումը, իսկ ներգաղթը խթանող մթնոլորտը կնպաստի նաև ծնելիության բարձրացումը: Այդ պայմաններում դրական դերակատարում կունենա երկքաղաքացիության ինստիտուտը:
4.3. Ժողովրդագրական փոսի բացասական հետևանքները հաղթահարելու և մեղմելու ծրագրերը ներառում են.
- կենսաթոշակային ապահովման ինստիտուտի և ծերերի բուժսպասարկման ու խնամքի խնդիրները լուծող առողջապահական և սոցիալական բարեփոխումները` հաշվի առնելով աշխատունակ և թոշակային տարիքի մարդկանց նվազող հարաբերակցությունը (որը գործազրկության պատճառով ավելի ցածր է).
- կրթադաստիարակչական համակարգերի և ծրագրերի բարեփոխումներ` հաշվի առնելով միայնակ ծնող ունեցող երեխաների աճող տոկոսը.
- քաղաքացիական պաշտպանության համակարգի ձևավորում և բանակի արմատական բարեփոխումներ` պայմանավորված զորակոչային տարիքի երիտասարդների տարեցտարի նվազող թվով, ուղղված ժամանակակից կապի միջոցներով հագեցած, արագ արձագանքող, պրոֆեսիոնալ կորիզով բանակի ստեղծմանը և վտանգի դեպքում քաղաքացիական պաշտպանության ուժերով բանակի արագ համալրմանը:
| | |
|
|
|