|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անթերի իրականացման արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում Խորհրդային Միության լուծարման պահից առաջացան երկու իրավահավասար, անկախ պետություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Նաև այդ հանգամանքով է տարբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ հետխորհրդային հակամարտություններից:
ԼՂՀ-ն կայացած է որպես անկախ պետություն` իր բոլոր հատկանիշներով, ներառյալ` իշխանության տարանջատումը, պարբերաբար անցկացվող արդար ընտրություններով ձևավորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող մարտունակ բանակը և հանրաքվեով ընդունված ժողովրդավարական Սահմանադրությունը:
Հակամարտության և դրա հետևանքների հիմնական պատճառն ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան է:
Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումն անհնարին է առանց որպես լիիրավ բանակցային կողմ ԼՂՀ-ի ներգրավման:
ԱԺԿ-ն անհրաժեշտ է համարում հետևյալ մոտեցումների կիրառումը:
7.1. Արցախի հիմնահարցի այնպիսի կարգավորում, որը՝
- ելնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումից և ինտեգրացումից միջազգային կառույցներին.
- ապահովում է հուսալի տարածքային կապ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև.
- երաշխավորում է Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթած հայ բնակչության ոտնահարված իրավունքների (ներառյալ` կորցրած հայրենիքը) համարժեք փոխհատուցում:
7.2. Հայաստանի Հանրապետությունը
- ԼՂՀ-ի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորն է.
- ԼՂՀ-ի անկախության և միջազգային ճանաչման երաշխավորն է.
- հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն դեռևս ճանաչված չէ և չի հանդիսանում միջազգային կազմակերպությունների անդամ` Հայաստանը պետք է նպաստի, որպեսզի միջազգային հանրությանը հասնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձայնը, բայց ոչ մի դեպքում Հայաստանը չպետք է իրենով փոխարինի (այդ թվում` բանակցային գործընթացներում) Լեռնային Ղարաբաղին:
7.3. ԱԺԿ-ն արժեվորում է ԼՂՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացների հետագա խորացումը: Ժողովրդավարության հաստատումը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հիմնարար նշանակություն ունեն ԼՂՀ-ի ճանաչման համար:
7.4. ԱԺԿ-ն նպատակահարմար է գտնում մոտակա տարիների համար ԼՂՀ-ի ինքնիշխանության և քաղաքական անկախության ամրապնդումը և միաժամանակ ՀՀ-ի հետ տնտեսական, մշակութային, գիտական և կրթական ինտեգրացումն ու օրենսդրական դաշտերի համապատասխանեցումը։
| | |
|
|
|