|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
1. Քաղաքական համակարգ
Քաղաքական համակարգի բարեփոխումների հիմնական նպատակը (և այդ նպատակին հասնելու չափանիշը) անձնիշխանական պետությունից հնարավորինս արագ անցումն է կայացած ժողովրդավարական պետության, ինչը ենթադրում է.
1.1. Նոր Սահմանադրության ընդունում, որը մասնավորապես.
- կամրագրի կառավարման խորհրդարանական ձև.
- կերաշխավորի Ազգային ժողովի վճռորոշ դերակատարությունը կառավարության ձևավորման հարցում.
- իրավունք կվերապահի Ազգային ժողովին վերացնելու հայտարարված արտակարգ և ռազմական դրությունը.
- կերաշխավորի խորհրդարանական փոքրամասնության իրավունքները.
- կամրագրի կարգավորող հանձնաժողովների (հակամենաշնորհային, գները կարգավորող և այլ) մասին դրույթ.
- կլիազորի Սահմանադրական դատարանին սահմանադրական մարմինների միջև իրավասությունների հարցով վեճերի լուծումը.
- կերաշխավորի Երևան քաղաքում թաղային համայնքների գոյությունը և թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի ուղղակի ընտրությունը.
- կամրագրի անմիջական ժողովրդավարության այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են ժողովրդական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով երկրի համար կարևոր հարցերի լուծումը, օրենքների ընդունումը և Ազգային ժողովի (դրանով պայմանավորված` կառավարության) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
- կամբողջականացնի կատարված դրական փոփոխությունները (որոնք ստվերվեցին կեղծված հանրաքվեով):
1.2. Սահմանադրական փոփոխությունների դրական ներուժի օրենսդրական և գործնական ամրագրում, մասնավորապես.
- Ազգային ժողովի վերահսկողական դերի և կառավարության պատասխանատվության ու գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացում.
- անկախ և արդար դատական իշխանության կայացում, վարչական արդարադատության ինստիտուտի ստեղծում` օրենքներին հակասող իրավական ակտերն անվավեր ճանաչելու և պաշտոնյաների հակաիրավական գործողությունները դադարեցնելու նպատակով.
- կենտրոնացված կառավարումից դեպի իրական տեղական ինքնակառավարում անցման հնարավորինս արագացում.
- սահմանադրորեն ամրագրված տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրների իրականացմանն ուղղված երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մշակում և իրականացում:
1.3. Նոր ընտրական օրենսգրքի ընդունում, որը մասնավորապես կերաշխավորի.
- խորհրդարանական ընտրությունների 100% համամասնական համակարգ` միաժամանակ ընտրողին վերապահելով կուսակցությունների (դաշինքների) կողմից առաջարկված թեկնածուների ցուցակում հերթականության ձևավորումը.
- ընտրական հանձնաժողովների ձևավորման և նրանց ղեկավար կազմի ընտրության քաղաքական հավասարակշռվածությունն ամրագրող կարգ.
- ընտրական գործընթացների թափանցիկությունը և վերահսկելիությունը` այդ թվում` ժամանակակից տեխնիկական միջոցներով:
1.4. ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորում, մասնավորապես.
- օրենքով մարդու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք մի կողմից համապատասխանում են Սահմանադրությամբ սահմանված նպատակներին և պիտանի, անհրաժեշտ ու չափավոր են դրանց հասնելու համար (սահմանափակումների համաչափություն), մյուս կողմից այդպիսի սահմանափակումները կամ դրանց հանրագումարը չեն խախտում իրավունքի էությունը (սահմանափակումների սահմանափակում).
- լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատություն, այդ թվում` հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի այնպիսի իրավունքների ամրագրում, որոնք ուղղված են հեռարձակվող լրատվամիջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովմանը (իրավասու պետական մարմիններին և դատարան դիմելը` ոտնձգություններից պաշտպանվելու նպատակով, ոլորտում տիրող վիճակի մասին Ազգային ժողովում ամենամյա, իսկ անհրաժեշտության դեպքում` հրատապ զեկույցով հանդես գալը).
- պետական կամ առևտրային գաղտնիք չհանդիսացող և մարդու անձնական կյանքին չվերաբերող ցանկացած տեղեկատվության մատչելիություն:
| | |
|
|
|