|
|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ՎԻՃԱԿԸ ԵՐԿՐՈՒՄ ՓՈԽՎԵԼ Է
www.Lragir.am, 03 Մայիսի 2007
Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը մայիսի 3-ին Տեսակետ ակումբում, գնահատելով նախընտրական պայքարի ընթացքը, ասել է, թե ընտրարշավի ժամանակ բացակայում է ժողովրդին ուղղված կոնկրետ խոսքը: “Քարոզարշավը դա խնջույքի սեղան չէ, որտեղ պետք է բաժակաճառ ասես, ու ցանկանաս ժողովրդի լավը: Պետք է կոնկրետ մեխանիզմներ առաջարկել, որոնք այդ լավը կերաշխավորեն”, ասում է ԱԺԿ նախագահը: ԱԺԿ առաջարկած կոնկրետ մեխանիզմն այն է, որ ժողովուրդն ունենա հանրաքվեի միջոցով խորհրդարանը հետ կանչելու իրավունք:
Բացի խորհրդարանից, ըստ ԱԺԿ մոտեցման, ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչել նաեւ իրեն չարդարացրած քաղաքապետին, գյուղապետին: Միայն այդ դեպքում իշխանությունը կաշխատի լավ, ասում է Շավարշ Քոչարյանը:
Նրա գնահատմամբ, Հայաստանում իշխանափոխության համար բավական չէ միայն այն, որ ընդդիմությունը հայտարարի, թե ընտրությունը կեղծվել է: ԱԺԿ նախագահը համարում է, որ ընդդիմության հետեւում պետք է լինի հասարակության մեծամասնության քվեն: Եթե Ուկրաինայում ու Վրաստանում այդ քվեն չլիներ, ապա ընդդիմությունը չէր կարող հասնել ընտրությունների իրական արդյունքի արտացոլմանը, կարծում է ԱԺԿ նախագահը: Իսկ որ դրա կարիքը կարող է լինել, նա գրեթե չի կասկածում, որովհետեւ համարում է, որ մեր տիպի երկրներում իշխանությունը ինքնանպատակ է եւ փորձում է ամեն գնով վերարտադրվել: | |
ԱԺԿ-ն եթե-ներով չի խոսում, աշխատո՛ւմ է
"Հայաստանի Հանրապետություն", www.hhpress.am, 01 Մայիսի 2007
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանն ավարտված է համարում քարոզարշավի «նախապատրաստական» փուլը, որի նպատակը հետեւյալն էր. «Վերականգնել, ամրագրել ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ, որպեսզի ընտրության մասնակցությունը լինի բարձր, որովհետեւ դա միակ երաշխիքն է, որ ամեն ինչ նույնը չի մնա»։ Սոցիալական հարցումները եւ սեփական շփումները կուսակցությանը հույս են ներշնչում, որ ակտիվ մասնակցությամբ ընտրություններում կարելի է հաջողության հասնել։ Ըստ Շ. Քոչարյանի, քարոզարշավը մի քիչ թատերական բնույթ է կրում. բազմաթիվ ուժեր բարձրաձայնում են նույն հիմնախնդիրները, հաճախ հենց այն անտեսված հարցերը, որոնք ժամանակին բարձրացնում էր ԱԺԿ-ն։ Վերջինիս այդ փաստն ուրախացնում է որպես իրենց գաղափարների տարածման վկայություն, բայց մյուս կողմից՝ Շ. Քոչարյանն արձանագրում է, որ շատ անգամ մարդկանց խոսքն ու գործը չեն համապատասխանում։ Ուստի ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել ոչ միայն թեկնածուի ծրագրերն ու գաղափարները, այլեւ անցած կենսագրությունը։ Համենայն դեպս, ԱԺԿ-ն պահուստում դեռ ունի մի գաղափար, որը մյուս ուժերը չեն շրջանառում այս քարոզարշավի ընթացքում. դա Ազգային ժողովի եւ պատգամավորների հետկանչման մեխանիզմն է։ ԱԺԿ-ն քարոզում է նաեւ հարկային արտոնություններ տրամադրել մարզերին կամ նույնիսկ լրիվ ազատել, որպեսզի ներդրողները արտադրություն հիմնեն այնտեղ, եւ աշխատանքն ու տնտեսական զարգացումը Երեւանից տարածվի նաեւ մարզերում։ Քարոզարշավի ընթացքում ԱԺԿ-ն որոշակի «ոչ լուրջ» դժվարությունների հանդիպել է, բայց դրանք հեշտությամբ հաղթահարվել են։ Խոսոտվանում է, որ մեծ գումար ունեցողներն առավելություն ունեն առնվազն հեռուստաեթերի հարցում, ԱԺԿ-ն մեծ պաստառներ չի թողարկել, գումարները մեծ չեն։ «Բայց մենք դա մեծ կորուստ չենք համարում։ Որովհետեւ այն քաղաքական ուժն ենք, որ այսօր չենք ներկայանում։ Կարծում եմ, որ ուժին եւ փողին հարկավոր է հակադրել գաղափարը, ծրագիրը, կենսագրությունը»։ | |
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
 www.A1plus.am, 27 Ապրիլի, 2007 "Արդար պետություն, կրթված հասարակություն, վաստակած բարեկեցություն" կարգախոսով առաջնորդվող Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) 15 օրից կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ակնկալում է ավելին, քան 5 տոկոսը: Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նշեց, թե չի հավատում բազմաթիվ ուժերի այն հայտարարություններին, թե այս ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն են կազմելու. "Եթե խորհրդարանում լինելու են 131 պատգամավոր, իսկ մեծամասնությունը պետք է լինի 66-ից ավելի, զարմանալի է, որ նրանք են այդ հայտարարում, ովքեր չունեն այդքան թեկնածու համամասնական ցուցակում":
Շավարշ Քոչարյանը նշեց, թե քարոզարշավի առաջին փուլից սահուն անցել են երկրորդ փուլ, որտեղ լուրջ կներկայացնեն իրենց ծրագրային դրույթները: Քարոզարշավի ընթացքում լուրջ խոչընդոտների չեն հանդիպել. "Շրջաններում եղել են երիտասարդներ, որոնք ակտիվ են եղել, բայց ոչ ավելին": "Ա1+"-ի հարցին պատասխանելիս, թե 2003թ. ընտրությունների համեմատ կան արդյո՞ք փոփոխություններ, Շավարշ Քոչարյանը նշեց, որ քարոզարշավն այս անգամ ավելի քաղաքակիրթ է, ինչը, ըստ նրա, պայմանավորված է եվրոպակական կառույցների կողմից ավելի լուրջ վերահսկողությամբ եւ տարածաշրջանային մեր մեկուսացումը ճեղքելու, Ադրբեջանի կողմից հնչող պատերազմի սպառնալիքները դիմագրավելու մարտահրավերներով: | |
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՄԱՆՎԻ ՄԵԾ ԳԼԽՈՎ, ԹՈՒՅԼ ՄԱՐՄՆՈՎ ՇԵՐԵՓՈՒԿԻ
www.A1plus.am, 23 Ապրիլի, 2007 Արարատի Տափերական գյուղի ընտրողների հետ այսօր հանդիպեց Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանն իր թիմակիցների հետ: Գյուղի, այսպես ասած, կենտրոնական հատվածում պատրաստվել էր բեմը, մարդիկ էլ՝ փոքրից մեծ հավաքված սպասում էին ԱԺԿ հանրահավաքի մեկնարկին: Ի դեպ, Տափերակում այսօր, ինչպես գյուղացիներն էին պատմում, դժբախտություն էր տեղի ունեցել՝ համագյուղացիներից մեկն էր մահացել եւ բոլորը գնացել էին նրանց տուն: Դա էր պատճառը, որ, ըստ տափերականցիների, հանրահավաքին սպասվածից ավելի քիչ մարդ էր եկել: Այս մասին անգամ հայտարարվեց բեմից: Տափերականցիներն անակնկալ միջադեպի համար ներողություն խնդրեցին, ցավակցեցին մահացած համագյուղացու հարազատներին, այնուհետեւ՝ բեմը զիջեցին Շավարշ Քոչարյանին ու նրա թիմակիցներին: Շավարշ Քոչարյանն իր ելույթում հիմնականում անդրադարձավ գյուղացիներին մտահոգող հիմնական թեմաներին՝ կրթության, ոռոգման ջրի խնդիրներին, նաեւ գյուղ-քաղաք անջրպետին: Վերջին խնդիրը, ըստ նրա, “անընդունելի է ու սպառնում է ազգային անվտանգությանը”: “Այդպես չպետք է լիներ, ու դա պետք է փոխել: Շատ անգամ մոռանում ենք, որ Հայաստանը միայն Երեւանը չէ. բոլոր մարզերը պետք է հավասարաչափ զարգանան: Իսկ ինչպե՞ս դա անել. դրա համար կան շատ պարզ մեխանիզմեր, օրինակ՝ հարկային հատուկ արտոնություններ, որ գյուղական բնակավայրերում զարգանան արտադրությունը”,- ասաց Քոչարյանը: | |
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԲԱԺԻՆ ՀԱՍԱՆ «ՏԱՌԱՊԱԾ ԾԵՐԵՐԸ»

"Առավոտ", 21 Ապրիլի, 2007 ԱԺԿ-ի հանդիպումները Գյումրիում «Թեկնածուի հետ հանդիպման պետք է գա ոչ թե ժողովուրդը, այլ դու պետք է գնաս ժողովրդի մոտ, այս ձեւով ավելի հստակ ես պատկերացնում ժողովրդի իրական տրամադրությունները. մենք ոչ միայն հաղորդում ենք նրանց՝ ինչ մենք ենք ուզում, այլ լսում ենք նրանց, իսկ ամբիոնային մեթոդը արդեն հնացած է, իրեն սպառած եւ միգուցե կոպիտ հնչի, բայց գտնում ենք, որ Փանջունու պես կենտրոնում կանգնելը ու ասելը՝ արի իմ մոտ, այլեւս քաղաքական գործիչների ու կուսակցությունների համար հարցեր չի լուծում»,- երեկ Գյումրիի փողոցներում ոտքով ման գալն ու գյումրեցիների հետ առանձին-առանձին կենդանի զրույցի մեջ մտնելը այսպես բացատրեց Ազգային Ժողովրդական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Սակայն նրա անձը հիմնականում հետաքրքրում էր տառապած ծերերին, ովքեր վերջինիս տեսնելով՝ անմիջապես գալիս էին սրտները դատարկելու: Ի դեպ, շատերն էլ մոտենալով ու տեսնելով, որ փող չեն բաժանում, հիասթափված թողնում ու հեռանում էին:
ԱԺԿ նախագահին ուղղված բողոքները բազմաբնույթ էին՝ սկսած գործազրկությունից, անարդար բնակբաշխումից, տնակների մեջ փտելուց, Գյումրիի հիվանդանոցներում բժիշկների կատարած ալան-թալանից ու ծեր ընչազուրկների նկատմամբ ունեցած արհամարհական վերաբերմունքից, թոշակների ձգձգումից, ավանդների չփոխհատուցումից՝ մինչեւ ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցների պահանջած «մաղարիչները». «Իմ թոշակը անցած տարվա հունվարից պտի բարձրանար՝ ըստ ձեր տրված հայտարարությունների, էդ ինչը՞ղ օր Ազգային ժողովում դրեցին պատգամավորի աշխատավարձի բարձրացման հարցը՝ երկրորդ օրը բարձրացավ, ընձեն լավ տղա են ըդո՞նք, թող հլը գային կռվի դաշտ»,- վրդովված էր ազատամարտիկներից մեկը: «Իհարկե, բարոյախոսելով չի, պտի ժողովրդի մասին մտածել, կառավարությունն էլ չի մտածում, բայց խնդիրը ո՞րն ա. եթե իշխանությունը, պաշտոնավորը քո մասին չի մտածում, դրա համար ասում եմ՝ հանրաքվեով պետք է կարողանանք հետ կանչել կառավարությանը, գելի գլխին Ավետարան կարդալով չէ, վա՞տ է գործում կառավարությունը, ստորագրահավաք ես անում, հանրաքվե ու հետ ես կանչում»,- փորձում էր զայրացած բնակչին հանգստացնել Շավարշ Քոչարյանը: «Ականջն էլ հետը պտի ոլորես, հետ կանչելով չէ»,- հավելում էր բնակիչը: «Դու հլա հետ կանչի, էդ իրավունքը ստացի, հետո նոր ականջը ոլորելու մասին մտածի. մենք հիմա էդ մեխանիզմն ենք մշակում, անհրաժեշտ է կախման մեջ դնել կառավարությանը»,- գրեթե բոլորի հետ հանդիպման ժամանակ իրենց ծրագիրն էր ներկայացնում Շավարշ Քոչարյանը: | |
ՏՏ ՈԼՈՐՏԸ ԱՎԵԼԻ ԱՐՏՈՆՅԱ՞Լ ՎԻՃԱԿՈՒՄ

"Հայաստանի Հանրապետություն", www.hhpress.am, 20 Ապրիլի 2007 ԱԺԿ-ն Հայաստանի ապագան վստահում է բարձր տեխնոլոգիաներին ԱԺԿ նախընտրական քարոզարշավի երեկվա օրը «զանգվածային» չէր, բայց բավական յուրօրինակ էր իր ձեւաչափով: Կուսակցությունը դահլիճ էր հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետների, որոնց ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցության ծրագիրը եւ մանրամասնեց դրանում տեղ գտած գաղափարները ՏՏ ոլորտի զարգացման մասին: Սլայդ-շոուի միջոցով ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը պատմեց 2000-ին Ազգային ժողովում ՏՏ զարգացման խնդիրների շուրջ խորհրդարանական լսումների եւ դրանց արդյունքների մասին: Նա հիշեցրեց, որ այդ լսումները հանգեցրին այն բանին, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ ստեղծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, որի շնորհիվ գործը տեղից շարժվեց: Բայց Շավարշ Քոչարյանը բավարար չի համարում զարգացման տեմպերը; Նրա համոզմամբ Հայաստանում ՏՏ ոլորտն էլ ավելի արտոնյալ վիճակում պետք է լինի, քան մեր հարեւան երկրներում, որոնք բնական ռեսուրսներով հարուստ են: Առանց այդ էլ այս ոլորտի տարեկան եկամուտը, ըստ բանախոսի, կազմում է 20-30 միլիոն դոլար, բայց այն մնում է ստվերում, որովհետեւ պետությունը պատշաճ կերպով չի գնահատում ոլորտի հնարավորությունները: ԱԺԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Առաքելյանը նկատեց, որ այս ոլորտը հարկվում է ճիշտ այնպես եւ այնքան, որքան մյուս ոլորտները: Ըստ նրա, եթե Հայաստանում աշխատանքի միջին արտադրողականությունը 2000 դոլար է, ապա ՏՏ ոլորտում այն 20 հազար դոլար է, իսկ ԱՄՆ-ում նույն ոլորտի միջին աշխատանքային արտադրողականությունը 200 հազար է՝ մեկ մարդու տարեկան արտադրանքը կազմում է մեկ միլիոն դոլար: Եվ սրան ամերիկացիները հասել են հարկային արտոնությունների, պետական աջակցության այլ ձեւերի շնորհիվ: | |
ԱԶԳԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ
 "Հայոց աշխարհ", www.armworld.am, 19 Ապրիլի 2007 “Հայացք” ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ Ըստ բանախոսի, այսօր քաղաքական տարբեր ուժեր այսօր բազմաթիվ խոստումներ են տալիս՝ կապված ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հետ. աշխատատեղեր կստեղծենք, աշխատավարձը, թոշակները կբարձրացնենք եւ այլն, եւ այլն: Մինչդեռ ԱԺԿ-ի համար մի բան անկասկած է. միայն խոստումներով, առանց մեխանիզմներ առաջարկելու, առանց բացահայտելու այն պատճառը, որը թույլ չի տալիս երկրում սոցիալական բարեկեցիկ վիճակի ապահովում, հնարավոր չէ հիշյալ խնդիրների լուծումը: Շ.Քոչարյանի հավաստմամբ, բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե Հայաստանում ժողովուրդն իրական իշխանության տերը լինի: -Միայն այն պարագայում, երբ ժողովուրդը դառնա իշխանության իրական տեր, կկարողանանք խոսել ե՛ւ տնտեսության առողջացման, ե՛ւ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման մասին,- ասաց նա եւ բացատրեց, թե ինչ նկատի ունի ասելով, որ ժողովուրդն իշխանության իրական տեր դառնա: Ըստ ԱԺԿ նախագահի, ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչել իրեն չարդարացրած խորհրդարանին եւ վերջինիս ձեւավորած կառավարությանը:։ Այդ դեպքում չեն լինի շռայլ, իրականությանը չհամապատասխանող խոստումներ, իսկ իշխանությունը ստիպված կլինի կատարել այն գործառույթը, որին կոչված է՝ ծառայել ժողովրդին: Երկրորդ խնդիրն այն է, որ մարդը Հայաստանում անպաշտպան է չինովնիկների, պետական եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների ոտնձգություններից, որոշումներից (Հյուսիսային պողոտայի հետ կապված հայտնի զարգացումները բերեց որպես օրինակ): Իսկ ի՞նչ պետք է անել նշված խնդիրը լուծելու համար: -Պետք է անել այն, ինչ որ գոյություն ունի շատ երկրներում. Հայաստանում, եւ մենք դրան հասնելու ենք ապագա խորհրդարանում, պետք է ստեղծել վարչական դատարաններ,- ասաց նա: -Վարչական դատարանի խնդիրը հենց այն է, որ այն որոշումները, որոնք հակասում են օրենքներին, ոտնահարում են մարդու իրավունքները՝ մարդկանց խմբի, առանձին անհատի, չեղյալ հայտարարվեն: | |
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՏԱՆԿԵՐՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՀԵԼՈՒ
 "168 ԺԱՄ", 18 Ապրիլի, 2007, www.168.am Հարցազրույց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի հետ
- Քարոզարշավի ընթացքում տարբեր խոստումներ են տրվում: Օրինակ, ՕԵԿ-ը խոստանում է 400 հազար դրամ տալ յուրաքանչյուր ծնունդի դիմաց, իսկ Մարքսիստական կուսակցությունը վերջերս հայտարարեց, թե պատրաստ է 3 մլն դրամ դնել յուրաքանչյուր «բարուրի» վրա: Որքանո՞վ են իրատեսական այս խոստումները: - Եթե ծնելիության անկումը Հայաստանում շարունակվի, ապա շատ էլ խոստումնալից ու իրական կլինեն: Երկիրը խորը ճգնաժամի մեջ է, եւ երբ ծնելիությունը գնալով անկում է ապրում, պոպուլիստական քայլերով փորձել շահել ժողովրդի վստահությունը, մեղմ ասած, անընդունելի է: Մենք՝ որպես քաղաքական ուժ, համենայնդեպս, դա չենք ընդունում: - Քաղաքական ուժերի քարոզարշավները, կարծես, ձեւավորված լինեն այն թեզի վրա, թե ով ինչքան կկարողանա խաբել ժողովրդին: Ի՞նչ եք կարծում, ժողովուրդն անցած ընտրություններից փորձ ձեռք բերե՞լ է, թե՞ դեռ հավատում է նման պոպուլիստական խոստումներին: - Իհարկե, կա հատված, որը դրա հետեւից գնում է, բայց ակնհայտ է նաեւ մեկ բան. նախորդ ընտրություններում իրական մասնակցությունը երբեք 30 տոկոսից ավելի չի եղել: Հետեւաբար, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ո՛չ կաշառվում է, ո՛չ պարտադրանքով քվեարկում է, ո՛չ էլ հետեւում է պոպուլիստական հայտարարություններին: Եթե երկրում ընտրությունների մասնակցությունը լինի ոչ թե 30 տոկոս, այլ 40-50 եւ ավելի, ապա որակապես կփոխվի իրավիճակը: | |
|
|
|
|